Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂՁԱԼԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

Օգոստոս 22,2009 00:00

ՀԱԿ-ի «ցածր վարկանիշի» մասին խոսակցությունները ընդդիմադիրները դիտարկում են ցանկությունների ու երազանքների ոլորտում:

«Իշխանության բաղձալի երազանքն է, որ Հայ ազգային կոնգրեսը կորցնի իր վարկանիշը»,- արձագանքելով «Առավոտում» հրապարակված ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ վերջին շրջանում իր մարզային այցելություններով ՀԱԿ-ը փորձում է վերականգնել «կորցրած իմիջը» եւ նախապատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը նաեւ ակնարկեց, որ իշխանությունն այս ընթացքում նաեւ ինտենսիվ աշխատել է, որպեսզի ՀԱԿ-ը կորցնի իր իմիջը՝ «եւ այդ ճանապարհին դիմում են ցանկացած միջոցի, ընդհուպ մինչեւ կուսակցությունների ներսում պառակտումներ մտցնելը»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ նման քայլերը հիմնականում արդյունավետ չեն լինում, եւ իշխանությունների ցանկությունը՝ Կոնգրեսը պառակտված կամ վարկաբեկված տեսնելու, ցանկություն էլ կմնա: «Որպես ՀՀ քաղաքացի, ես անկեղծորեն կցանկանայի, որ երկրի իշխանությունները հասարակության մեջ ունենային այն իմիջը, որն ունի ՀԱԿ-ը. դա այն առավելագույն վարկանիշն է, որը հնարավոր է ունենալ Հայաստանում: Կարծում եմ, անզորությունից են իշխանավորները նման հայտարարություններ անում, քանի որ եթե մեր երկրում կա քաղաքական ուժ, որի հետ ժողովուրդը իր հույսն ու ապագան է կապում, դա ՀԱԿ-ն է: Իսկ մարզային վերջին այցելությունները ավելորդ անգամ ապացուցում են դա»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:

Պատասխանելով «Առավոտի» տարակուսանքին՝ ո՞րն է մարզային ակտիվ այցելությունների իմաստը այս քաղաքական մեռյալ շրջանում, մեր զրուցակիցն ասաց. «Այդ այցելություններն ինքնանպատակ չեն, շարժման քայլերից մեկն են: Մենք կարեւոր եւ անհրաժեշտ ենք համարում մեր քաղբանտարկյալ ընկերների ընտանիքների հետ հանդիպումները, նրանց հոգեբանական աջակցության ցուցաբերումը»: Տիկին Սարգսյանը հիշեցնում է, որ քաղբանտարկյալներն ու նրանց ընտանիքներն արդեն մեկուկես տարի է՝ կրում են սոցիալական, ֆիզիկական եւ մնացյալ բոլոր նեղությունները, որ պարտադրել են այս իշխանությունները: «Մեր գործողությունները մտածված եւ նպատակային են, եւ եթե կան ուժեր, որոնք պետք է մտահոգվեն իրենց իմիջով, կարծում եմ, իշխանական կերակրատաշտը շրջապատած ուժերն են»,- հայտարարում է ՍԴՀԿ ատենապետը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստվում է ոչ թե 2012-ի խորհրդարանական հերթական ընտրությունների, այլ արդեն իսկ պատրաստ է արտահերթ քաղաքական իրավիճակների, որոնք, մեր զրուցակցի համոզմամբ, դժբախտաբար, սպառնում են մեր երկրին: Մասնավորաբար՝ «ԼՂՀ հարցի շուրջ այնպիսի զարգացումներ կան, որ արտակարգ իրավիճակները ոչ թե չի կարելի բացառել, այլ նույնիսկ տեսանելի են: Ու իբրեւ պետության եւ պետականության համար մտահոգ ուժ՝ մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք: Իրենք միայն կարող են երազել, որ Հայաստանում ընտրությունները կլինեն հերթական»,- ասում է տիկին Սարգսյանը:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի նորացված-միավորված կոմկուսը ղեկավարող Յուրա Մանուկյանն էլ անհանգստություն հայտնեց, որ այժմ խնդիրը Հայաստան պետության լինել-չլինելն է, ու «դրանով պետք է մտահոգվեն բոլորը, ոչ թե մի քանի հայրենասերներ, որոնց կարելի է մատների վրա հաշվել»: Այս տեսանկյունից ընկեր Մանուկյանի համար անընդունելի է «կոնգրեսականների պահվածքը», մանավանդ, որ «իրենց առաջին մուտքով նրանք բարբարոսաբար ոչնչացրեցին իմ ունեցած ծաղկուն սոցիալիստական Հայաստանի ունեցած-չունեցածը»: Ընկեր Մանուկյանը դժգոհություն հայտնեց նաեւ հայաստանյան հեռուստաընկերություններից, որոնք լսելի չեն դարձնում իր նման «յուրահատուկ կեցվածքով» գործիչների ձայնը: Յուրա Մանուկյանը համոզված է, որ եթե իր նման մարդիկ ժողովրդի հետ շատ խոսեն՝ «ոչ մի արտակարգ եւ արտահերթ իրավիճակ էլ չի լինի. մենք երկիր ենք ստեղծել ու տվել մեր հետնորդներին, բայց քարը քարին չեն թողել: Ես ամեն ինչ կանեմ, որ նման բախտախնդիրներից ժողովուրդը զերծ մնա եւ համախմբվի մարդկանց շուրջ, որոնց համար թանկ են երկիրն ու ապագան»:

Խոսելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի պատրաստությունների մասին՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ ասել էր, որ այդ հարթությունում ՀԱԿ-ը իրեն մրցակից է տեսնում «Ժառանգությանը»: Երեկ մեզ հետ զրույցում «Ժառանգության» ներկայացուցիչները նախ կոռեկտ չհամարեցին «տեղում նստած» այս կամ այն քաղաքական ուժի վարկանիշի մասին կարծիքներ հայտնելը: Ինչ վերաբերում է մրցակցությանը՝ «Ժառանգությանը» մրցակից չկա»,- հայտարարեց «Ժառանգության» անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել