Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

 Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռեւս 2,5 տարի առաջ:

\"\"Սեպտեմբերի 11-13-ը մինչեւ 20 տարեկան երիտասարդ ձյուդոիստները կհավաքվեն Երեւանում: Առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 40 երկիր, ինչն էլ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքով, ռեկորդային է: Վերջերս հայտ ներկայացրեց նաեւ Ադրբեջանը. հարեւան երկրի հավաքականը կժամանի թիմի 8 անդամներով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Սամվել Խաչատրյանն ասաց, որ նման մեծ միջոցառում Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ բարեհաջող անցկացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա այլ միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հայտեր ներկայացնել: Առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով նախարարությունը, ՀԱՕԿ-ը եւ մարզաձեւի ֆեդերացիան համագործակցում են նաեւ Եվրոպայի ֆեդերացիայի հետ: Փոխնախարարի խոսքով, կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. արտասահմանից ժամանող հյուրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամալիրը կդիմավորի նոր, միջազգային չափանիշներին համապատասխան գույքով: Կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ: Փոխնախարարը հավաստիացրեց, որ արտասահմանցի հյուրերի անվտանգությունը երաշխավորված է. Ադրբեջանը, Իսրայելը մասնակցության հայտ ներկայացնելուց առաջ անվտանգության երաշխիքներ են պահանջել: Երեւանում տատամի կմտնեն երկրներ, որոնց համար դա կլինի նորամուտը Եվրոպայի առաջնություններում: Դրանք են Ալբանիան, Մոնակոն:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի խոսքով, թեեւ Ճապոնիան է համարվում ձյուդոյի հայրենիքը, բայց մարզաձեւը խիստ անկանխատեսելի է, ու դժվար կլինի կանխորոշել, թե ո՞ր երկրի ներկայացուցիչը հաղթողի հավակնորդ կլինի: «Պեկինի օլիմպիական խաղերի օրինակով չի բացառվում, որ համեմատաբար թույլերը Երեւանում էլ անակնկալներ մատուցեն»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Հայ մարզիկների պատրաստվածությունը ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատում, իսկ առաջատար դիրքերում տեսնելու հավանականությունը՝ մեծ: Նրա խոսքով, Հայաստանից Եվրոպայի առաջնությունում հանդես կգան հինգ աղջիկ եւ ութ տղա: Սակայն որոշ քաշային կարգերում, ինչպես, ասենք, 55 կգ-ում, հավաքականում ընդգրկվելու համար լուրջ մրցակցություն կա հավակնորդների միջեւ: Պարոն Ալեքսան Ավետիսյանը Եվրոպայի երեւանյան առաջնությունում մեր մարզիկների հաղթանակի սպասումները հիմնավորում է վերջերս Պրահայում կայացած միջազգային մրցաշարում տարած հաղթանակներով: «Վերջերս ձյուդոյի մեր երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաք անցկացրեց Բեռլինում, որից հետո նույն քաղաքում մասնակցեց միջազգային մրցաշարի, որտեղ Գագիկ Մկրտչյանը նվաճեց չեմպիոնի կոչումը եւ մի քանիսը մրցանակային երկրորդ ու երրորդ տեղեր զբաղեցրին»,- եզրափակեց ֆեդերացիայի նախագահը՝ վերջում հավելելով միայն, որ Եվրոպայի առաջնության շրջանակներում նախատեսվում է նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահի այցը՝ Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել