Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռու եմ մայրաքաղաքային աղմուկից ու ամբիցիաներից»

Օգոստոս 21,2009 00:00

Ասում է «մարզային» կոմպոզիտոր Վալերի Սարգսյանը

Ստացվել է այնպես, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության մոտ 300 անդամ բնակվում է Երեւանում: «Առավոտի» տեղեկություններով, այսօր հանրապետության 10 մարզից միայն Լոռիում է ապրում ու ստեղծագործում միության անդամ մեկ կոմպոզիտոր. խոսքը Աիդա Ավետիսյանի մասին է: Սա, իհարկե, տարօրինակ է ու զարմանալի. պարզվում է, «ունիկալ» երեւույթները մեզանում եզակի չեն:

Ահա արդեն մի քանի տասնամյակ Գեղարքունիքի մարզում է ապրում կոմպոզիտոր, բայց ոչ միության անդամ Վալերի Սարգսյանը, որը, ի տարբերություն շատերի, չի դժգոհում ու տրտնջում մայրաքաղաքից հեռու գտնվելու համար: 1973թ. Գանձակից տեղափոխվելով Հայաստան եւ ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիան՝ հայ կոմպոզիտորական դպրոցի երեւելիներ Գրիգոր Եղիազարյանի եւ Ավետ Տերտերյանի դասարանները, հաստատվել է Սեւան քաղաքում, ձեւավորելով իր սեփական կոմպոզիտորական դրսեւորումները, որոնք բարեբախտաբար ոչ թե մնացել են արվեստագետի գզրոցներում, այլ կատարվել անվանի երաժիշտ կատարողների ու կոլեկտիվների կողմից՝ Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբ, դաշնակահարուհիներ Սվետլանա Նավասարդյան ու Անահիտ Ներսիսյան, թավջութակահար Ֆելիքս Սիմոնյան եւ այլն, ընդ որում՝ առանց հոնորարի: Կոմպոզիտորը, ստեղծագործական կյանքին զուգահեռ, մանկավարժական գործունեություն է ծավալում Սեւանի եւ Գավառի երաժշտական դպրոցներում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վ. Սարգսյանը նշեց, որ ինքն իր բախտից ու ճակատագրից չի դժգոհում, գոհ է իրեն բաժին հասած այս երջանկությունից. «Շնորհակալ գործ է մարզում աշխատելը, երեխաներին դասական երաժշտության հետ կապելը: Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքիս, հեռու եմ մայրաքաղաքային աղմուկից ու ամբիցիաներից, միայն թե կինս՝ մասնագիտությամբ դաշնակահարուհի Կարինե Բաբայանը, չգիտեմ, լուրջ թե կատակով, երբեմն ասում է՝ իբր, բացի երաժշտությունից, ոչ մեկին չեմ սիրում: Ես այդպես չեմ գտնում: Պատկերացնո՞ւմ եք, այսօր արդեն Սեւանի, Գավառի երաժշտական կրթօջախներում դասավանդում են տեղացիները, մինչդեռ խորհրդային ժամանակներում աղաչում-պաղատում էինք, որ Երեւանից մասնագետներ գան»: Մեր զրուցակիցը հպարտորեն հայտնեց, որ «մարզային» կոմպոզիտոր էր նաեւ իր ուսուցիչը՝ մեծանուն Ավետ Տերտերյանը, որը ստեղծագործական կյանքն անցկացրել է Դիլիջանում ու Գեղարքունիքի Հայրավանք գյուղում. «Ի վերջո, աշխարհահռչակ Էդվարդ Գրիգն էլ ողջ կյանքն անցկացրել է Նորվեգիայի սարերում»:

Ստեղծագործական շուրջ չորս տասնամյակի ընթացքում Վ. Սարգսյանը ունեցել է հեղինակային երեկոներ Սեւանում, Գավառում եւ Երեւանում, հնչել են նրա երգչախմբային, սիմֆոնիկ գործերը, այդ թվում՝ Սիմֆոնիկ պոեմը, կոնցերտները դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ֆլեյտայի համար եւ այլն: Երեւանում նրա վերջին հեղինակային երեկոն կայացել է 2006թ.: Առանց մանրամասնելու նշենք միայն, որ երեկոյի կազմակերպչական բոլոր ծախսերը հոգացել է կոմպոզիտորը: Մինչդեռ մարզային ինտելիգենցիայի դեպքում հարկ է, որ գտնվեն հովանավորներ: Սակայն մեզ մոտ, չգիտես ինչու, նվիրյալների աշխատանքն անտեսվում է ու հիշվում միայն դահլիճների պարտադիր վարձերի ու այլ ծախսերի մասին՝ պատճառաբանվելով սրահների ֆինանսական ծանր վիճակով, հարկային պարտականություններով եւ այլնով: Իսկ մեր «մարզային» կոմպոզիտորը, կրկնում ենք, գոհ է ու շնորհակալ իր ճակատագրից, մատնանշում է, որ իր ստեղծագործություններին հաճախ անդրադառնում է Սեւանի հեռուստատեսությունը, հիմա էլ բելգիացիներն են հետաքրքրված իր «Ֆլամանդական սյուիտով» եւ այլ երկերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել