Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՄԲՈՍՏ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 21,2009 00:00

Կամ արդյո՞ք բողոքի երաժշտություն է ռոքը

Յան Գիլանը հոկտեմբերին երկրորդ անգամ է այցելելու Հայաստան: Առաջին այցի պատճառը երկրաշարժն էր, երկրորդ այցելության առիթը պետական պարգեւն է: Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ օրկեստրային տարբերակով կհնչեն «DEEP PURPLE» խմբի երգերը, որոնք միջազգային համբավ են բերել երաժշտին:

Խորհրդային կիսաարգելված, կիսաճնշված եւ կիսաուղղորդված լինելու լուծը թոթափելով՝ ռոք երաժշտությունը, այնուամենայնիվ, շարունակում է Հայաստանում «մութ ձիուկի» դեր խաղալ: Տարիներ շարունակ կազմակերպվում են հեռուստաքննարկումներ, հաղորդումներ, բանավեճեր, կարծես թե նույն հարցերի շուրջ. «Ի՞նչ է ռոքը», «Ովքե՞ր են ռոք լսում եւ ինչո՞ւ», «Ինչպիսի՞ն է ռոքը Հայաստանում», «Ինչպիսի՞ն է ռոքի հասարակական նշանակությունը» եւ այլն…

Այդ բոլոր քննարկումներից գալիս ենք մի հետեւության. ի սկզբանե բոլոր տեսակի կարծրատիպերի եւ ընդունված կլիշեների դեմ դուրս եկած երաժշտական ուղղությունը ձեւավորում է իր կլիշեները: Հետո էլ ստիպված է պայքարել դրանց դեմ: «Ռոքը բողոքի երաժշտություն է» լոզունգը ամենատարածվածներից է: Այս սահմանման տարբեր վարիացիաներին էր նվիրված Դավիթ Մաթեւոսյանի «Արտահայտվիր. փոխիր աշխարհը» ֆիլմը: Հեղինակը հնարավորություն էր տվել Հայաստանի արդի ռոք երաժիշտներին վիճարկելու, հաստատելու կամ հերքելու այդ արդեն «ծեծված» դարձած պնդումը:

Քանի որ հարցազրույցի եւ խորհրդատվության տեսքով մասնակիցներից մեկն էլ ես էի, չեմ անդրադառնա բուն ֆիլմին: Իմ «ռոք-բողոքն» ուղղված է ֆիլմի քննարկմանը, որը ցուցադրվեց խոսքի ազատությանը վերաբերող հաղորդաշարերից մեկով:

Տպավորություն է ստեղծվում, որ «բողոք» բառը մեծ մասամբ ընկալվում է նեղ, կենցաղային իմաստով: Գուցե ենթագիտակցական կամ գենետիկ մակարդակով դեռ հիշողության մեջ թարմ են «բողոքի գրքերը», որտեղ կարելի էր գրել սպասարկման ոլորտի թերացումների մասին: Պետք չէ մոռանալ, որ խոսում ենք երաժշտական ուղղության մասին, հետեւաբար «բողոքը» անպայման չէ, որ արտահայտված լինի բանավոր, այն էլ՝ բառացի, պարզունակ լոզունգատիպ արտահայտություններով:

Այսօր նոր երաժշտական ուղղություններ է յուրացնում բառացի «բողոքի» լեզուն: Բազմաթիվ ռեփ երգերում այդ կարգի «ափաշքյարա» բողոքը այլասերվում է: Ի սկզբանե զուրկ լինելով գեղարվեստական քողարկումից, այն դառնում է «մունաթ», եւ բացարձակապես ունակ չէ հուզական ազդեցություն թողնելու:

Երեւի թե, պետք է հոմանիշներ գտնել ռոք երաժշտության բնույթը բացահայտելու համար՝ ըմբոստություն, խռովք, պայքար…. Բայց այդ բառերով կարելի է բնութագրել արվեստի ցանկացած քիչ թե շատ լուրջ կամ արժեքավոր տեսակ: Բեթհովենն էլ է ըմբոստացել, Վագներն էլ, Վան Գոգն ու Պիկասոն նույնպես, եւ Հեսսեն, եւ Ջոյսն ու Պաստերնակը: Այս կամ այն ձեւով պայքարն է արվեստի խթանիչ ուժը: Եթե արվեստագետը պատճառ չունի աշխարհի հետ վիճելու, նույնպիսի անպատճառ ու անհետեւանք պիտի լինի նրա ստեղծագործությունը: Այնպես որ, պնդելով, թե «ռոքը պայքարի երաժշտություն է», մենք միայն հաստատում ենք, որ ռոքը (իր լավագույն դրսեւորումներով) պատկանում է համաշխարհային արվեստին եւ համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ է թողել: Այդպիսով՝ իր նպատակներով ու փիլիսոփայությամբ այն հակադրվում է ժամանակակից փոփ մշակույթին, որտեղ արժեքը միայն նյութական է եւ անցողիկ:

Այդուհանդերձ՝ ռոքը, որպես արվեստի ինքնաբավ ճյուղ, ունի «պայքար-բողոք-ըմբոստության» իր ուրույն ձեռագիրն ու արտահայտչամիջոցները: Ուզում եմ հատկապես անդրադառնալ այդ առումով եւ շատ այլ առումներով «դասական» «Դիփ Փարփլ» խմբի գործունեությանը: Առավել եւս, որ վերը նշված հեռուստաքննարկման բանախոսներից մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն կարծիք հայտնել, թե «Դիփ Փարփլի» գործերում ի՞նչ բողոք է եղել որ: Երգեր են տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մասին»: Կարծի՞ք, հայտարարությու՞ն, թե՝ այսօր մեզանում այդքան վառ տարածված ինքնավստահ անտեղյակության հերթական բուրումնավետ պոռթկում:

«Դիփ Փարփլի» «սիրված» «կնոջ եւ տղամարդու հարաբերությունների» թեմայի վերաբերյալ առաջին առարկությունն ակնհայտ է: Ամենեւին չհերքելով խմբի ավելի քան քառասնամյա ստեղծագործական կյանքում սիրային քնարերգության բազմաթիվ, այդ թվում՝ հանճարեղ նմուշների առկայությունը, պետք է ասեմ, որ եթե դրանցից մեկը կոչվում է «Sometimes I Feel Like Screaming» («Երբեմն կարծես ճչում եմ»), եւ եթե գոնե մի քիչ ծանոթ եք, թե ինչպես է հնչում «Դիփ Փարփլն» առհասարակ, դժվար չէ հասկանալ, որ այս սիրամորմոք թեման էլ նրանց կատարմամբ հեշտությամբ մահացու ճակատամարտի կարող է վերածվել: «Hard Loving Man» երգում այդ ճակատամարտը առավել ցայտուն է արտահայտվում երգեհոնի կատաղի սոլոյում, որ ամբողջ ընթացքում հիմնված է ոչ ակորդային ձայների վրա, անընդհատ կռվում է հիմնական տոնայնության հետ: Ամեն դեպքում՝ սահմանափակել խմբի հետաքրքրությունները կրքոտ գնչուհիներով (Gypsy’s Kiss) ու տարօրինակ կանանցով (Strange Kind of Woman), առնվազն սրիկայություն է:

1969 թ. «Դիփ Փարփլը»՝ իր հիմնադիր երգեհոնահար Ջոն Լորդի առաջնորդությամբ, ձեռնամուխ եղավ մի աննախադեպ հանդուգն ստեղծագործության: Կոնցերտ ռոք-խմբի եւ նվագախմբի համար: Հեղինակ եւ գործիքավորող՝ Ջոն Լորդ: Մենակատար՝ «Դիփ Փարփլ», Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժորն էր Անգլիայի հարգված կոմպոզիտորներից մեկը՝ Մալքոլմ Արնոլդը: Հանդիպման վայրը՝ Թագավորական Ալբերթ Հոլ՝ Անգլիայի մշակութային կյանքի օրրանը…

Այսօր՝ mp3 ֆորմատի, youtube-ի եւ i-tunes-ի դարաշրջանում, շատերը գուցե մոռացել են, իսկ երիտասարդները հնարավոր է ոչ էլ գաղափար ունեն, որ դասական ռոք-ալբոմը մեգաբայթեր տարողությամբ պատահական երգերի հավաքածու չէ, այլ նախօրոք մտածված, կանոնակարգված, ձեւի ու ոճի կոնցեպտուալ լուծումներով հագեցած ամբողջություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել