Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 21,2009 00:00

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես:

Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին: Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, նա միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել: Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը՝ մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ:

Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելու, Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է՝ չլինելով մերը: Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ օտարինը: Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով, ընդունել ենք, սեփականաշնորհել այդ համամարդկային ահռելի ցավը: Եվ տառապում ենք ԱՆԱՐԱՐԱՏ, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանականության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է…

Եվ հիմա նայելով անհորիզոն Արարատին՝ ես ուզում եմ կոչ անել բոլորին. եկեք Բագարան եւ մտածենք, ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ, ամենակարեւորը, դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ նա է Մայրը, սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի Արարատ պետություն, ինչպես այսօր Վատիկանն է, եւ հասու սրբություն ցանկացած մարդու՝ անկախ նրա դավանանքից:

Վերադառնանք Արարատին, իր Աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, որը Աստծո ուղերձն է մարդկությանը հղած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել