Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵ՜Ց

Օգոստոս 21,2009 00:00

Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման, ավագ եւ հիմնական դառնալու արդյունքում ուսուցիչների կրճատումների պատճառով սպասվող բողոքները ու սոցիալական խնդիրները դեռ նոր են սկսվում:

\"\"
Թիվ 162 դպրոցի պատին հիմա «Երեւակի» ցուցատախտակն է:

Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի անունը ժամանակին հիշատակվում էր հիմնականում դրական երանգներով՝ «Սիամանթոյական օրեր», «լավագույն դպրոց», «լավագույն տնօրեն», «լավագույն ուսուցիչ», մրցանակներ, օլիմպիադաներում հաղթող աշակերտներ… Սակայն վերջին 1 տարում, առնվազն «Առավոտի» էջերում այս դպրոցի անունը հայտնվում է միայն ինչ-որ խառը պատմությունների, սկանդալների հետ կապված:

Այս տարվա փետրվարի 3-ին «Դրամահավա՞ք, թե՞…» փոքրիկ հրապարակումից հետո հիշյալ դպրոցի 20-30 ուսուցիչ «գրոհեց» մեր խմբագրություն՝ նորանշանակ տնօրենի «թասիբը պահելու» նպատակով: Երկու օր առաջ նույնքան ուսուցիչ էլ նույն դպրոցից եկել էր ճիշտ հակառակ նպատակով՝ բողոքելու տնօրենից:

Մեկ տարի առաջ այս դպրոցի տնօրեն ընտրված Աննա Ստեփանյանը օգոստոսի 18-ին աշխատանքից ազատել է դպրոցի 24 ուսուցչի: (Մեզ դիմած ուսուցիչների տվյալներով՝ 35-ին): Թիվ 162 դպրոցը դարձել է հիմնական դպրոց եւ, բնականաբար, դասաժամեր ու դասարաններ են պակասել: Իսկ քանի որ այս դպրոցում աշխատում էր բավականին շատ՝ 100 ուսուցիչ, որեւէ բան հարկավոր էր ձեռնարկել: Տնօրենն ընտրել է «կացնային» մեթոդը՝ ազատվել է իր կոլեկտիվի 1/5-ից: Ընդ որում, ազատվողների մեջ կան վաստակաշատ, հարգված եւ բարձրակարգ մանկավարժներ, միայնակ եւ բազմազավակ մայրեր… Դասարաններն այս դպրոցում խիտ են կազմավորված՝ 30-35 աշակերտ: Ըստ ուսուցիչների՝ կարելի էր դասարանները թեթեւացնելու, ուսուցիչներին քիչ ժամեր տալու միջոցով համեմատաբար քիչ մարդ կրճատել, սակայն տնօրենը, նրանց խոսքերով, նպատակ ուներ «վերջնականապես ազատվել այն կորիզից, որը նախկին տնօրենը՝ 2005թ. ՀՀ լավագույն տնօրեն ճանաչված Սիլվա Հակոբյանն էր ստեղծել իր երկար տարիների անբասիր աշխատանքով»: «Ես այդ դպրոցի 36 տարվա մանկավարժ եմ, իսկ Ստեփանյանը, որն ընդամենը մեկ տարի է մեր դպրոցում, եւ հազիվ այն տարիքին լինի, ինչքան ես եմ այդտեղ աշխատել, գրչի մի հարվածով ինձնից ազատվեց…»,- վրդովված պատմում էր ուսուցիչներից մեկը: «Նա մեզ ասում է՝ դուք տգետ եք, էս ինչ դպրոց ա, որ՝ գեղ ա, բոմժի պես եք հագնվում…»,- իրար հերթ չտալով տնօրենի խոսքերն էին վերաշարադրում նախկին ուսուցիչները: «Հարցնում ենք՝ ինչո՞ւ հենց ես, ինչի՞ հիման վրա, պատասխանում է՝ ես էդպե՛ս եմ ուզում, ու մեզ դուրս հրավիրում»,- ներկայացնում էին նրանք իրենց կրճատվելու պահը: «Հենց մի բան ենք ասում, ասում է՝ ում ուզում եք բողոքեք, ես նենց թիկունք ունեմ, որ ոչինչ չեք կարող անել: Հետաքրքիր է, իսկ Կամո Արեյանը կամ երկրի նախագահը, ում անունով նա մեզ վախեցնում է, տեղյա՞կ են, թե ինչեր է իրենց անունից անում այդ կինը»,- հետաքրքրվում էին անգործ մնացած կանայք: «Կարմիր դիպլոմով ավարտած ուսուցչուհուն, որը ֆիզարձակուրդի մեջ էր, գործից ազատեց, իսկ պոլիտեխնիկական կրթությամբ դասվարին պահեց»: «Մեր դպրոցում բացել է իր մասնավոր դպրոցը՝ «Երեւակ», եւ հիմա ամեն ինչ ուզում է անել, որ դպրոցի վարկը, հարգը, կլասը գցի, որ բոլորը իրենց երեխաներին տանեն իր մասնավոր դպրոցը: Տնօրենն էլ իր քույրն է»: «9-րդ դասարանի քննության ժամանակ երեխաների վրա նենց գոռգոռաց, որ ահաբեկված երեխաները քննությունը շատ վատ հանձնեցին, չէր դնում գնահատականը, ասաց՝ թող ծնողները համակարգիչ առնեն դպրոցի համար, կդնեմ»…:

Ուսոցիչների այս բողոքների պատասխանները լսելու նպատակով դիմեցինք տիկին Ստեփանյանին: «Կառավարության հունիսի 11-ի թիվ 664Ն որոշման հիման վրա մեր դպրոցը դարձավ հիմնական դպրոց եւ դպրոցից պակասեց մոտ 250 ժամ՝ 12 դրույք: Նախկին տնօրենի օրոք ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եղել է 8-12 ժամ, իսկ այսօրվա պահանջներով ես պարտավոր եմ ուսուցչին ապահովել 22 ժամով: Մի ամբողջ ավագ դպրոց դուրս է եկել մեր դպրոցից, պատկերացրեք, որ ունեինք վեց հատ 9-րդ դասարան՝ 30-35 աշակերտով: Հիմա չկան: Այդքան ժամ ես որտեղից գտնե՞մ, ինչպե՞ս ապահովեմ: Ես ինչ մտել եմ այս դպրոց, որեւէ նոր ուսուցիչ չեմ ընդունել, բոլորը հին ուսուցիչներն են: Ես երկու ամիս առաջ, ըստ կարգի, երբ ծանուցեցի նրանց, եւ գիտեի, որ ստիպված եմ անել այդ կրճատումները, գիշեր-ցերեկ անընդհատ մտածում էի, ինձ համար հեշտ չէր մեր այս իրականության մեջ մարդկանց կրճատել, բոլորն էլ խնդիրներ ունեն՝ մեկն ամուսին չունի, մյուսը ծանր վիճակում է… Ամենաշատը ես եմ ցավում դրա համար, բայց ուրիշ տարբերակ չկար: Ընտրության համար հիմք են ծառայել դասալսումները, ուսմասվարների տված բնութագրերը: Ովքեր մնացել են դպրոցում, բոլորն ունեն մանկավարժական կրթություն: Կրճատվել են միայն 5-11-րդ դասարաններում դասավանդողները, այնպես որ կապ չունի՝ դասվարն ինչ կրթություն ունի, ես որեւէ դասվար չեմ կրճատել: Ֆիզարձակուրդի մեջ գտնվողին չէի կարող կրճատել, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը գիտեմ: Նշված անձնավորությունն արդեն մեկ տարի աշխատում էր՝ դեկրետից հետո: Բոլոր 9-րդցիները եւ 11-րդցիները հոյակապ հանձնել են քննությունները, ոչ մի կտրված երեխա չունենք: Թող դիմեն դատարան կամ ուր ուզում են, ամեն ինչ օրինական է արված: Նրանք պետք է ոչ թե դժգոհեին, այլ աշխատանք փնտրեն այն ավագ դպրոցներում, որոնք շատ երեխաներ են ընդունել եւ ուսուցիչների կարիք ունեն»,- իրավիճակն իր տեսանկյունից ներկայացրեց տնօրենը: Ինչ վերաբերում է կոպիտ արտահայտություններին, ապա նա կտրականապես ժխտեց, թե նման բառեր է օգտագործում.«Ես ինչպես կարող եմ ինձ թույլ տալ ասել՝ ես էսպես եմ ուզում, ես էնպես եմ ուզում: Ես այդ որակի մարդ չեմ, տգետ բառը իմ լեքսիկոնի մեջ չկա, ես չեմ կարող նման կոպիտ բառերով որակել մարդու անհատականությունը, հագուկապը, վիրավորել մարդկանց, ովքեր հրաշալի աշխատել են այս մեկ տարում: Նույնիսկ ձայնային ելեւէջներս էին դողում, երբ նրանց ասում էի կրճատվելու մասին… Մասնավոր դպրոցի հետ բոլորովին կապ չունեմ, ընդամենը վարձակալության տարածք եմ տվել: Տեղյակ չեմ, թե ով է այդ դպրոցի տնօրենը, իմ քույրը մանկավարժության հետ կապ չունի ընդհանրապես»:

Հ. Գ. Դպրոցի մի քանի աշակերտների, չկրճատված ուսուցիչների, ծնողների կարծիքները խիստ հակասական էին: Ոմանք ասում էին, որ հին տնօրենը, որ շատ ավելի մեղմ եւ կիրթ կին էր, քան նորը, սակայն «քամում էր» ծնողներին՝ դրամահավաքով, «լարում է» կրճատվածներին: Ոմանք ասում էին, որ նոր տնօրենն իսկապես շավ է աշխատում, թեեւ չափազանց կոպիտ է եւ անհարգալից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել