Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՎԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

Տարբերակներից մեկը ադրբեջանցիներին «թուրք» անվանելն է, ինչի հետ, սակայն, դժվար թե համաձայն կլինեն Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիները:

\"\"«Զերկալո» թերթի օգոստոսի 8-ի էլեկտրոնային տարբերակում (www.zerkalo.az) Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլին (Ալեքպերով) հրապարակել է «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք առաջացել եւ ո՞ւր ենք գնում» հոդվածը: Հեղինակը շարունակում է հարցադրումները. «Ազգային ի՞նչ իդեալներ ենք պաշտպանում, ի՞նչ արժեքներով ենք ղեկավարվում, ինչպիսի՞ն է մեր էթնիկական եւ պատմամշակութային ուղղվածությունը, ո՞րն է մեր ազգային զարգացման ռազմավարությունը, ինչպիսի՞ն ենք տեսնում մեր ապագան»: Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում լայն քննարկում եւ վիճաբանություն է սկսվել այս հարցերի շուրջ: Մանավանդ՝ բուռն են էթնիկական ծագման շուրջ վեճերը:

Ես չգիտեմ՝ ադրբեջանական ընթերցողներին հասե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված իմ բաց նամակը, որը հրապարակել է panarmenian.net լրատվական գործակալությունը: Պարոն Իլհամն ու նրա օգնականները, կարծում եմ, նամակին պատասխան չգտան, դրա փոխարեն որոշեցին ինքնորոշվել էթնիկ ծագման հարցում: Իսկ ես նամակը գրել էի Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդներին օգնելու՝ իրենց էթնիկական արմատները որոնելու եւ ճանաչելու խնդրում: Բաքվի իշխանությունների ու գիտնականների կողմից մոգոնած սուտը իրենց էթնիկ ծագման հարցում այնքան ակնհայտ էր, որ արդյունքում անորոշության մեջ են հայտնվել նաեւ այս հանրապետության վարչական տարածքում հայտնված ժողովուրդները: Իմ նամակի առիթն էր հանդիսացել Իրանի Ջուլֆայի մաքսատանը ազերի մտավորականների հետ իմ հանդիպումը: Նրանց հետաքրքրում էր, թե հայկական աղբյուրներում իրականում ինչ է ասվում իրենց էթնիկական ծագման մասին, քանի որ, ղեկավարվելով քաղաքական նպատակներով, Թուրքիայից համոզում են, թե նրանք թուրք են, իսկ Թեհրանի գիտնականները ասում եւ ապացուցում են, որ իրականում իրանցի են: Քանի որ Ատրպատականի (Բուն Ազարբայջան) մասին գիրք գրելու առիթով ուսումնասիրել էի Երեւանի Մաշտոցյան մատենադարանում այդ մասին գոյություն ունեցող ձեռագրերը եւ պարզել նրանց ակունքները, քննարկելով խնդիրը, ազարի գիտնականների հետ եկանք այն հետեւության, որ նրանք էթնիկապես իրանցի են, որի այսօրվա սերունդը գոյացել է մարերի, քրդերի եւ XIII դարում Չինգիզ խանի թոռ Գուլագ խանի նախաձեռնությամբ Միջին Ասիայից գաղթած 200 հազար թուրքմենական տարբեր ցեղերի ներկայացուցիչների խառնուրդից: Նրանց համար Սեֆեվիների դինաստիայի տիրապետության ժամանակ տիրապետող ընդհանուր լեզու է դարձել մի խառնածին լեզու, որն այսօր կոչվում է «ադրբեջաներեն» կամ «ազարի»: Ազերի մտավորականները գոհ էին մեր այս հանդիպման արդյունքից, ու նրանք ցանկություն հայտնեցին պահպանել կապը: Նշեմ, որ եթե դոկտոր Ալեքպերլին իր հոդվածում գրում է. «Իրանի Ադրբեջանի 30-40 միլիոն ժողովուրդն իրեն թուրք է անվանել», իրականում Իրանում ազերիների քանակը 15 միլիոնի է հասնում: Թե բաքվեցի գիտնականը ինչու է բացում 40-ի հասնելու ծրագիրը, պարզ չէ, բայց այդ ժողովուրդը երբեք իրեն «թուրք» չի անվանել: Ընդհակառակը, նրանք Իրանում իրենց ողջ գոյության ընթացքում թուրքերին անհաշտ թշնամի են եղել, ու անվերջ պատերազմել են միմյանց դեմ: Ելնելով քաղաքական շահերից՝ շփոթության մեջ գցել մի ամբողջ ժաղովրդի, խեղաթյուրել ոչ միայն ծագումնաբանությունը, այլեւ պատմությունը՝ հանցագործություն է:

Իզուր չէ, որ Բաքվի քաղաքական վերնախավը տասնամյակներ շարունակ, առանց որեւէ լուրջ հիմքի, փորձել է յուրացնել ոչ միայն հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծած մշակույթը, պատմությունը, այլ նաեւ սահմանակից մյուս երկրի՝ Իրանի պատմամշակութային արժեքները: Եթե Իրանի մեծ պոետ Նիզամի Գյանջավին ապրել եւ ստեղծագործել է իրանական Գյանջա քաղաքում, ապա դա փույթ չէ: Իրենք էլ Գյանջա անունով քաղաք ունեն, կարելի է հանգիստ Նիզամուն իրենց քաղաքը «տեղափոխել» եւ համարել իրենցը: Իսկ պարսից մեծ պոետի ստեղծագործություններում «Ադրբեջան» կամ «ադրբեջանցի» բառերը գոյություն չեն ունեցել:

Եթե Բուն Ադրբեջանի (Արաքսից հարավ) բնակիչների ծագումնաբանական խնդրում կարծես թե առանձին դժվարություն չկա, մնում է հաղթահարել քաղաքական շահարկումները ու թուրքական ազդեցությունից դուրս գալու ելքեր որոնել, ապա Արաքսից վերեւ, խորհրդային ղեկավարների կողմից որպես հակադրություն Իրանին, մի նոր Ադրբեջանի ստեղծումը լուրջ խնդիրներ է ստեղծել այստեղ եկած խառնածին ժողովուրդների համար: Մինչեւ 1918 թվականը չկա մի շատ թե քիչ հավաստի աղբյուր, որտեղ այս ժողովուրդը «թուրք» կամ «ադրբեջանցի» անվանված լինի: Միայն Լենինն իր հոդվածներում «կովկասյան թաթարներ» է կոչել: Այս ժողովուրդն իրականում ինքն իրեն դարեր շարունակ «մուսուլման» է կոչել: Այսինքն՝ էթնիկ կերպարը, էթնիկական շատ տարրեր (Ղրիմի թաթարներ, կումիկներ, թուրքմենական թարաքամաներ, գոլանի քրդեր, տեղացի ժողովուրդներ) կրելու եւ գերակշռող ազգի բացակայության պատճառով չի բացահայտվել, ուստի եւ, որպես էթնիկական տարբերակիչ, ընտրել են կրոնական պատկանելությունը: «Մուսուլման» կոչվելով նրանք նկատի են ունեցել «շիա» աղանդին պատկանելությունը: Իսկ օսմանցի թուրքը երբեք իրեն «մուսուլման» չի անվանել: Ալեքպերլին գրում է, որ Իոսիֆ Ստալինի կամքով 1930-ականներին իրենք արհեստականորեն «ադրբեջանցի» են դարձել: Եթե այդ տարածքում ապրող գերակայող ժողովուրդն ունենար էթնիկ իր կողմնորոշումը, ծագումը, ապա ոչ ոք ի վիճակի չէր լինի փոխել նրա էթնիկ անվանումը: Ու ոչ միայն ժողովուրդը, այլեւ արհեստականորեն մոգոնված վարչական միավորը կոչվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, նպատակ ունենալով նույն անվան միջոցով հավակնել Իրանի Ադրբեջանին: Իրոք, մի քանի անգամ՝ 1943-46 եւ 1988 թթ. այն Իրանից տարանջատելու եւ Խորհրդային Միությանը կցելու փորձեր են արվել:

«Ոչ մի ազգային գաղափարախոսություն չի կարող լինել, քանի դեռ չենք ինքնորոշվել մեր ազգային ինքնանույնացումով», -գրում է Ալեքպերլին: Արդեն 90 տարի է, ինչ Բաքվի գիտնականները ազգային ինքնահաստատման որոնումների ճանապարհին ընտրել էին հայերի, լեզգիների, վրացիների, ավարցիների, թալիշների, ուտիների ու թաթերի պատմամշակութային ժառանգությունը սեփականացնելու քաղաքականությունը: Այն ամենը, ինչ մնացել էր այդ ժողովուրդներից Ադրբեջանական Հանրապետության վարչական տարածքում, նախ համարում էին Կովկասյան Ալբանիայի ժառանգություն, իրենց համարելով այդ աշխարհագրական տարածքում ապրող ժողովուրդների ժառանգորդ, համարում էին «ադրբեջանական», ապա եւ թուրքական: Անշուշտ, լավ էին սերտել Բյուզանդիայում ամրացած ու տեղի՝ շուրջ հիսուն ազգերի նկատմամբ ցեղասպանություն գործած թուրքերի հարուստ փորձը, որը հանցագործություն է մարդկային քաղաքակրթության հանդեպ: Այդ քարոզչության գլխավոր դեմքը ակադեմիկոս Զիա Բունիաթովն էր: Իսկ երբ այդ պատմաբանը հայտնաբերեց իր թաթական արմատները ու թուրք տարրին անվանեց եկվոր, Ժողովրդական ճակատի ազգայնականները նախ դաժան ծեծի ենթարկեցին, ապա եւ իր տան մուտքի մոտ գնդակահարեցին ծեր գիտնականին:

Եվ ահա Բաքվի քարոզչական մեքենան կրկին պատեպատ է ընկել. ովքե՞ր են իրենք: Ըստ Ալեքպերլիի, «ադրբեջանցի» կոչվելը ձեռնտու չէ ձեւավորվող ազգային գաղափարախոսությանը: «Կորցնելով ազգային ինքնաիդենտիֆիկացիան, մենք խրվել ենք վեճերի մեջ, թե ով ենք մենք. շումերների, ալբանացիների (նման էթնիկական միավոր չի եղել), մարերի, թե մեկ ուրիշի սերունդն ենք»,- դառնությամբ գրում է Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչը՝ իր ձեռքի տակ եղած ձեռագրերում չգտնելով իր մտահղացումը հաստատող ոչ մի աղբյուր, ոչ մի տվյալ: Ի վերջո, ինչպե՞ս վարվել ԱՀ վարչական տարածքում իրենց պատմական տարածքներում ապրող հայերի, լեզգիների, ավարցիների, թալիշների, թաթերի հետ: Թուրքացնել նրանց խորհրդային տարիներին, չնայած գործադրած ջանքերին, չհաջողվեց: Չափից դուրս ուժեղ էր այդ ժողովուրդների կապը իրենց պատմական երկրի, լեռների, գետերի, դաշտերի, գյուղերի, քաղաքների հետ: Նրանք համառորեն խոսում են իրենց մայրենի լեզվով: Իսկ արցախահայությունը ապստամբեց, ոչ միայն դիմացավ սանձազերծած պատերազմին, այլեւ հաղթեց ու ազատագրեց իր պատմական տարածքների մի մասը: Հետաքրքիր է, որ ազգային ինքնագիտակցություն, երկրի սեփական իրավական սահմաններ չունեցող երկրի իշխանությունները տարածքային ամբողջականություն են պահանջում աշխարհից:

Բաքվեցի գիտնականը, ի վերջո, եզրակացնում է. ԱՀ-ում ապրող ժողովրդին իրենց ազդեցության ներքո պահպանելու համար պետք է պահպանել «ադրբեջանցի» անվանումը իբրեւ Ադրբեջանի բնակչի անվանում՝ անկախ ազգությունից: Իսկ ԱՀ-ում գերակայող ժողովրդին անվանել «թուրք», առանց որի անհնար կլինի ձեւավորել ազգային գաղափարախոսությունը: Այսպիսով՝ Ալեքպերլին առաջարկում է իրար զուգահեռ զարգացնել «ադրբեջանիզմ» եւ «թուրքիզմ» գաղափարախոսությունները, ապա եւ միավորել դրանք «ազերի թուրք» (azնri turku) արտահայտության միջոցով, որպես ընդհանուր ակունք ընդունելով պանթուրքիզմը: Անցյալի փորձը ցույց է տալիս, որ վերջինիս նպատակը ոչ միայն նվաճած երկրի՝ Բյուզանդիայի, այլեւ թուրքացման ճանապարհով իրանական Բուն Ատրպատականի, Ադրբեջանական Հանրապետության, Միջին Ասիայի երկրների, Հյուսիսային Կովկասի, Ուրալի, Սիբիրի ու Տիբեթի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ու տարածքների յուրացումն ու մեծ թուրանական կայսրության ստեղծումն է: Բաքվի իշխանությունները, ենթարկվելով պանթուրքիզմի գաղափարախոսությանը, ջանք չեն խնայել թուրքական տարրի մեջ ուծելու հայերին, լեզգիներին, ավարցիներին, թալիշներին, թաթերին, ուտիներին, քրդերին: Մասնակիորեն դա նրանց հաջողվել է իրականացնել: Սակայն այս քաղաքականությունը ծնեց եւ հզոր հակազդեցություն. ապստամբեցին հայերը, թալիշներն ու լեզգիները: Ազգային զարթոնքը, պատմամշակութային սեփական ժառանգությանը տեր կանգնելու ձգտումը, պատմական հայրենիքում ծավալված ազատագրական շարժումները, ինչպես եւ արցախահայերի ապստամբության հաջողության փորձը արդեն ցնցում են գազանավթային դոլարներով ճարպակալած հրեշի՝ Ադրբեջանական Հանրապետության հիմքերը:

Եվ այսպես, երեւի առաջին անգամ մարդկության պատմության մեջ մի ժողովուրդ, ելնելով քաղաքական իրավիճակից, խեղաթյուրելով իր տարածքում ապրող ժողովուրդների իրական պատմությունը, փորձում է արհեստականորեն իրեն էթնիկական անուն գտնել՝ անտեսելով իր իրական ծագումնաբանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել