Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԸ ԾԱԽՍՎԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

Օգոստոս 21,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրով Տավուշի 6 համայնքներում՝ Կողբում, Բերդավանում, Ջուջեւանում, Կոթիում, Ոսկեվանում եւ Կիրանցում նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների կառավարման իրավունքը պետք է փոխանցվեր համայնքներին կամ տեղական կազմակերպություններին: Այդ նպատակով կազմակերպվել էր ուսուցում, անտառտարածքների կառավարման պլաններ էին մշակվել, կատարվել էր ծառատունկ, անտառների կառավարման նպատակով ստեղծվել էին տեղական անտառտնտեսություններ: Սակայն գործընթացը կիսատ էր մնացել, այդպես էլ չէր կայացել անտառների փոխանցումը համայնքային նորաստեղծ անտառտնտեսություններին:

Օգոստոսի 19-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բնապահպանության եւ գյուղնախարարությունների մասնագետների, Տավուշի մարզպետ Ամեն Ղուլարյանի, ծրագրի մասնակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ հարցը քննարկում էր Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Զիկատար» անտառի ուսուցման տարածաշրջանային կենտրոնում: Քննարկումների ժամանակ փոխվարչապետի համար տհաճ իրողություններ են բացվել: Պարզվել է, որ «Հայանտառի» համակարգից նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների փոխանցումը համայնքային անտառտնտեսություններին՝ տնտեսապես աննպատակահարմար է, որովհետեւ այդ դեպքում, մոտավոր հաշվարկներով, ծախսերը մոտ 5 անգամ աճում են, իսկ համայնքները նման միջոցներ չունեն: Քննարկման մասնակից համայնքապետերի խոսքով, փոխվարչապետը հանդիմանել է համայնքային անտառների ծրագիրը կազմողներին, ովքեր չեն մտածել ծրագրի շարունակելիության մասին: Ստացվում է, որ սխալ կամ թերի հաշվարկների արդյունքում վարկային միջոցները արդյունավետ չեն ծախսվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել