Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՔԱՌՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 15 ՏԱՐԻ ԱՆՑ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Սահմանամերձ Բաղանիսի կյանքը լի է վտանգներով ու խնդիրներով

Վաղ առավոտյան Սոնիկ Ղուզանյանը բահով մաքրում է միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, այն սրբում գյուղի նախիրի թողած թարմ թրիքից: «Ամեն օր մի նախարար կամ դեսպան է անցնում այս ճանապարհով»,- ասում է Բաղանիսի համայնքի ղեկավար Ստեփան Սահակյանը: Բաղանիսով ձգվող 4 կմ ճանապարհն ամեն օր է մաքրվում, շաբաթը մեկ անգամ էլ գյուղի ողջ տարածքում աղբահանություն է կատարվում: Գյուղապետարանը սահմանամերձ շենի կենտրոնական փողոցի լուսավորությունն է անցկացրել, եւ ամեն երեկո մինչեւ կեսգիշեր գյուղը լուսավորվում է: Կեսգիշերին լույսերը մարում են. համայնքի բյուջեն սուղ է: Բաղանիսի 2009-ի բյուջեն եկամուտների գծով 11,117 մլն դրամ է, որից 7,730 միլիոնը պետական լրավճարն է: Բաղանիսի հողերից 96 հա-ն գտնվում է սահմանամերձ, վտանգավոր գոտում եւ չի մշակվում: Այդ հողերի չմշակվելու դիմաց պետբյուջեից հատկացվում է 305 հազար դրամ: Համայնքի սեփական եկամուտները սուղ են՝ 1,702 միլիոն դրամ: Համայնքապետարանը ձգտում է դրանք հնարավորինս հավաքագրել. ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հողի հարկը ամբողջությամբ հավաքվել է:

Ջուրը եւ գազը՝ բաղանիսցու բաղձանք

Համայնքապետարանի նախաձեռնությամբ, վարձատրովի հասարակական աշխատանքների ծրագրով այս տարի մաքրվել, վերանորոգվել է գյուղի ինքնահոս ջրատարը, ինչը բարելավել է տնամերձ հողամասերի ոռոգումը: Բաղանիսի վարելահողերը պիտի ոռոգվեին «ԻՖԱԴ» կազմակերպության կողմից կառուցվող, սարերից ձգվող Ոսկեպար-Կոթի ինքնահոս ջրագծի շնորհիվ: Ջրատարի կառուցման համար Բաղանիսի հողերը շատ տեղերում քանդվել-փորվել են, սակայն շինարարության ավարտը չի երեւում, թեեւ ջրագիծը 2007-ին պիտի գործարկվեր: «Գյուղի խմելու ջրի ցանցը կառուցվել է 1962 թվականին: Համայնքը ջուր է ստանում երկու օրը մեկ, 30-40 րոպե տեւողությամբ»,- նկատեց գյուղապետը:

Բաղանիսի տարածքում խմելու ջրի բավարար քանակություն կա, սակայն այն օգտագործելու համար ջրահավաք ավազան է պետք կառուցել, պոմպ տեղադրել, բայց սահմանամերձ համայնքը միջոցներ չունի: Բաղանիսցու աչքը ջուր է կտրել ոչ միայն ջրին, այլեւ գազին սպասելիս:

«Մայր գազատարը գյուղից ընդամենը 300 մ հեռավորությամբ է անցնում: Բաղանիսի եւ հարեւան գյուղերի գազիֆիկացումը կառավարության միջնաժամկետ ծրագրի մեջ է, սակայն դրա իրականացումն անընդհատ հետաձգվում է»,- հայտնում է Ստեփան Սահակյանը:

Դպրոցը՝ գյուղի ապագան

\"\"900 բնակիչ ունեցող Բաղանիսի միջնակարգ դպրոցը 140 աշակերտ ունի: 1974 թվականին կառուցված դպրոցի շենքը երբեէ չէր նորոգվել: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի շուրջ 36 միլիոն դրամ ֆինանսավորմամբ՝ կրթօջախի տանիքի ծածկը եւ սանհանգույցներն են փոխվում: Համայնքն իր սուղ բյուջեից 3 միլիոն դրամ է առանձնացրել որպես ներդրում՝ ակնկալելով, որ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորությամբ դպրոցի նորոգումը շարունակություն կունենա: Համայնքի ղեկավարի խոսքերով, երեխաները չեն հասկանա, թե ինչո՞ւ են դպրոցի նորոգումից հետո դասարանների դռները ընկնում կամ դասասենյակն ինչո՞ւ է կիսաքանդ: Դպրոցը ֆուտբոլի, բասկետբոլի խաղադաշտեր ունի, նաեւ՝ սեփական այգի:

Համայնքի 54-ամյա ղեկավարը իր պատվի գործն է համարում մանկապարտեզի շենքի նորոգումը եւ նախադպրոցական հիմնարկը գործարկելը: Ժամանակին նրա հայրը՝ լուսահոգի Սերյոժա Սահակյանը ղեկավարել է Բաղանիսի խորհտնտեսությունը եւ հենց այդ տարիներին են կառուցվել դպրոցն ու մանկապարտեզը: Հիմա որդին հետամուտ ու պատվախնդիր է դրանք պահպանելու եւ բարեկարգելու հարցում: Համայնքի ղեկավարը, որ 90-ական թվականներին Բագրատաշենի մաքսակետի եւ տարածաշրջանային մաքսատան պետն էր, փորձում է օգտագործել փոքր համայնքի բոլոր ռեսուրսները: Նա կարողացել է Բաղանիսի հաշվեկշիռ վերադարձնել գյուղի բարձունքում գտնվող Հարսնաքարի հեռուստաաշտարակը: Այն նորոգելուց հետո վարձակալությամբ կհանձվի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին եւ համայնքին որոշակի եկամուտ կապահովի:

Ո՞վ կօգնի սահմանագոտում տուն կառուցել

\"\"Արտագաղթի հետ մեկտեղ՝ Բաղանիսում ներգաղթ է նկատվում: Ռուսաստանից երիտասարդ ընտանիքներ հայրենի գյուղ են վերադառնում:

Սակայն նրանք կացարանի խնդիր ունեն: Ո՞վ կաջակցի սահմանից 1-1,5 կմ հեռավորությամբ տուն կառուցող բաղանիսցուն, ո՞ր կազմակերպությունը այս նպատակով երկարաժամկետ վարկ կտրամադրի: Դժվար է բաղանիսցու կյանքը: Գյուղը թրթուրավոր տրակտոր չունի, կոմբայնի բացակայության պատճառով հացահատիկ չեն ցանում: Սահմանի եզրին գտնվող գյուղում ադրբեջանական հեռուստաալիքները հեղեղել են եթերը, իսկ հայկական միայն մեկ ալիք կա՝ «Հ1»-ը: Իսկ «Հ1»-ը երբեք էլ աչքի չի ընկել սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ուշադրությամբ:

Առաջներում հայկական վերահեռարձակմամբ նայում էին նաեւ Ռուսաստանի Առաջին ալիքն ու «ՌՏՌ-Պլանետան»: Սակայն արդեն մի ամիս է՝ Ռուսաստանի Առաջին ալիքի ծրագրերը այստեղ չեն սփռվում:

Կրակի առաջին գծում

1992-1994 թվականներին Բաղանիսը ուղիղ նշանառությամբ հրետակոծվում էր Օդունդաղի փեշերին թառած ադրբեջանական տանկերից ու հետեւակի մարդատար մեքենաներից: Փոքր գյուղը 8 զոհ տվեց: Հիմա էլ այստեղ անդորր չէ: Չկա կամ գրեթե չկա մի շաբաթ, որ կրակոցներ չլինեն: Անցած ամիս հնչած կրակոցներից մեկի ժամանակ Բաղանիսի կենտրոնում գտնվող գյուղապետը հազիվ է փրկվել խոշոր տրամաչափի գնդացրի կրակից:

Չնայած վտանգներին եւ բազում հիմնահարցերին՝ բաղանիսցին ամուր է իր հողի վրա: Սակայն պետությունը որքանո՞վ է աջակցում ռազմավարական տարածք ունեցող համայնքին: Վերջին տարիներին պետբյուջեի 800 միլիոն դրամով Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհն է կառուցվել: Շրջանցիկ այս ուղուց տեղացիները չեն օգտվում, դրանով անցնում են միայն տեղանքին անծանոթները՝ այն էլ միայն գիշեր ժամանակ: Ճանապարհը, ինչպես Բաղանիս գյուղը, ազերիների մշտական թիրախներից մեկն է:

Օգոստոսի 19-ին Տավուշում է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ նրան ասել են, թե միջպետական շրջանցիկ ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս 6-րդ կիլոմետրը, որտեղ շուրջ 10 հազար խմ սողանքի սպառնալիք է առաջացել, պարբերաբար մաքրվում է։

Եվ քանի որ ճանապարհի այդ հատվածը շրջանցիկ է, ապա դրա փակված լինելը չի խաթարում միջպետական մայրուղու շահագործմանը:

Հ. Գ. ՀՀ կառավարությունը երեկ որոշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 210 միլիոն դրամ՝ Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը նորոգելու, Ոսկեպար համայնքը շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը կարգավորելու, Սյունիքում եւ Տավուշում սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների եւ կառույցների իրացման հետ կապված խնդիրները լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել