Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՌԱՆԸ ՇԱՏ ԵՆ ԾՆՎՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

«Տարվա մյուս ամիսների համեմատությամբ, ամռան 3 ամիսներին եւ աշնան առաջին կեսին ծնելիության ցուցանիշը անհամեմատ աճում է: Նախեւառաջ սա կապված է ընտանիքի պլանավորման հետ, քանի որ մեր կանանցից շատերը նախընտրում են երեխա ունենալ տաք եղանակին, 2-րդ նախապայմանն այն է, որ հայաստանաբնակ տղամարդիկ իրենց արտագնա աշխատանքից վերադառնում են ձմռանը: Յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ գրանցվում է որոշակի ծնելիության աճ, սակայն մեծանում են նաեւ դրա հետ կապված բարդություններն ու խնդիրները: Մեծացել են տարբեր տեսակի արտասեռական հիվանդություններով հղիության դեպքերը, երբ մայրը հղիանում է՝ ունենալով, օրինակ, լյարդի, երիկամների հետ կապված խնդիրներ կամ սրտի անբավարարություն եւ այլն: Ցավով պետք է նշեմ, որ հատկապես շատացել է սեռական վարակներով հիվանդացության ցուցանիշը, ինչը հաճախ պատճառ է հանդիսանում հղիության ընդհատման համար»,- մեզ հետ զրույցում ասաց գինեկոլոգ Ալվարդ Մարգարյանը: Նրա խոսքերով, չնայած վերջին ժամանակներս արձանագրվել էր չբերության եւ անպտղության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը գնալով նվազում է:

Ըստ Ա. Մարգարյանի՝ «հղիանալու եւ հղիության հետ կապված խնդիրները մեծապես կապված են ապրելակերպի հետ: Շատ հաճախ կանայք եւ աղջիկներն անտեսում են իրենց մոտ առկա հորմոնալ խախտումներն ու բարդությունները, ինչը հետագայում հանգեցնում է լուրջ խնդիրների: Ժամանակին հետեւողական լինելու դեպքում հնարավոր է կանխարգելել բարդությունը եւ թույլ չտալ դրա հետագա զարգացումը: Իհարկե, չի բացառվում նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը, ինչի դեմ պայքարել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, պետք է հետեւողական լինել կանանց եւ աղջիկների նկատմամբ, քանի որ նրանցից է կախված ապագա սերնդի առողջությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել