Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուժողի իրավունքների պաշտպանության բացերը

Օգոստոս 21,2009 00:00

Քրգործերով մեղադրյալը հատուցումից հրաժարվում է

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ բնակչության շրջանում իրավական գիտելիքների տարածումը եւ բնակչության խոցելի խավին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների շղթայում կարեւորում է նաեւ քրեական գործերով տուժողի իրավունքների պաշտպանության խնդիրը:

Կազմակերպության իրավաբանների կարծիքով, քրեական գործերով տուժողի (որը նաեւ կարող է քաղաքացիական հայց ներկայացնել) պաշտպանության հարցերում օրենսդրական խնդիրներ կան՝ կապված հանցավորի ով լինելը (չբացահայտված գործեր) կամ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքերով քրեական գործի վարույթի կասեցման հետ:

Քրեական գործի վարույթը կասեցվելու դեպքում, մինչեւ կասեցման հիմքերի վերանալը, տուժողը զրկված է լինում իր խախտված իրավունքները վերականգնելու, հանցագործությամբ պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Հետեւաբար, տուժողի համար կարեւոր է, որ մինչեւ գործի վարույթի կասեցումը, քրեական հետապնդման մարմնի կողմից կատարված լինեն դատավարական այն բոլոր գործողությունները, որոնք հնարավոր է կատարել մեղադրյալի բացակայությամբ, այդ թվում նաեւ տուժողի խախտված իրավունքների վերականգնումն ապահովող միջոցառումներ՝ առգրավում, հանցավորին պատկանող գույքի նկատմամբ արգելանքի կիրառում եւ այլն:

Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի, մինչեւ քրեական գործի վարույթը կասեցնելը, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է լիարժեք կատարել այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք հնարավոր են մեղադրյալի բացակայության պայմաններում: Մասնավորապես, երբ հայտնի է մեղադրյալի ով լինելը, սակայն հայտնի չէ նրա գտնվելու վայրը, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է նաեւ կայացնել մեղադրանք առաջադրելու մասին որոշում, հայտարարել մեղադրյալի հետախուզում, ընտրել խափանման միջոց, հսկողություն սահմանել մեղադրյալի հեռախոսային խոսակցությունների, նամակագրության եւ փոստային կապի այլ միջոցների վրա, որպես քրեական գործով քաղհայցի ապահովման միջոց՝ արգելանք դնել մեղադրյալին պատկանող գույքի վրա, եթե այդպիսիք կան եւ այլն: Դատավարական այս բոլոր գործողությունները կոչված են թաքնվող մեղադրյալին հայտնաբերելուն եւ նրան քրեական պատասխանատվության կանչելուն, ինչպես նաեւ՝ տուժողի, քաղաքացիական հայցվորի խախտված իրավունքների վերականգնումն ապահովելուն: Չբացահայտված գործերով (երբ հայտնի չէ մեղադրյալի ով լինելը) քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր քննչական, օպերատիվ- հետախուզական գործողությունները՝ հանցավորի ով լինելը պարզելու ուղղությամբ: Եզակի չեն այն դեպքերը, երբ նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց հետո, քրեական գործի վարույթը կասեցվում է, եթե թերի քննության տվյալներով չեն հարցաքննվել բոլոր ականատեսները, չեն կատարվել անհրաժեշտ առերեսումներ, գործի տվյալներով թելադրված փորձաքննություններ, ոչինչ չի արվել թաքնվող մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ, արգելանք չի դրվել հայտնի եւ քննությունից թաքնվող մեղադրյալին պատկանող առկա գույքի վրա եւ այլն:

Դատավարական այդ գործողությունները չկատարելը տուժողին, քաղհայցվորին զրկում է իրենց խախտված իրավունքները վերականգնելու, մեղադրյալից հատուցում ստանալու հնարավորությունից:

Օրինակ, ունենք դեպք, երբ հանցավորը, իր բնակարանի վաճառքի անվան տակ, տուժողից ստացել եւ յուրացրել է զգալի գումար: Տուժողի գանգատի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով: Հանցագործը բացակայում է հանրապետությունից: Քննչական մարմինը, մի շարք ձեւական քննչական գործողություններ կատարելուց հետո, կասեցրել է գործի վարույթը ոչ թե հանցագործի գտնվելու վայրը հայտնի չլինելու, այլ նրա ով լինելը պարզված չլինելու հիմքերով: Բնականաբար, խարդախություն կատարած անձին որպես մեղադրյալ պատասխանատվության կանչելու մասին որոշում չի կայացրել, հետախուզում չի հայտարարել, եւ քանի որ տուժողը տեղյակ չի եղել վարույթը կասեցնելու որոշման բովանդակությանը, ծանոթ չի եղել գործի նյութերին, չի կարողացել օգտվել կասեցման որոշումը բողոքարկելու իր իրավունքից, չի կարողացել հետ ստանալ իրենից խաբեությամբ վերցված եւ յուրացված գումարը՝ քրեական հետապնդման մարմնի անգործության, անբարեխիղճ աշխատանքի հետեւանքով:

Ներկա դրությամբ, երբ գործի վարույթը կասեցվել է դեռեւս 2002 թ., տուժողին ծանոթանալու համար չեն տրամադրվում գործի նյութերը՝ պատճառաբանելով, որ նման իրավունք օրենքով չի նախատեսված, վկայակոչում են Քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածը, ըստ որի՝ գործի վարույթը կասեցնելու մասին տուժողը, քաղհայցվորը գրավոր տեղեկացվում են: Նրանք իրավունք ունեն գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկել դատախազին կամ դատարան:

Հոդվածում ոչինչ չի ասված վարույթը կասեցնելու որոշման օրինակը տուժողին, քաղհայցվորին տրամադրելու, գործի նյութերին ծանոթանալու իրավունքի մասին: Սակայն տրամաբանական է, որ չունենալով գործի վարույթը կասեցնելու մասին որոշման օրինակը, ծանոթ չլինելով գործի նյութերին, տուժողը, քաղհայցվորը չեն կարող գնահատել նախաքննական մարմնի որոշման հիմնավորվածությունը եւ օգտվել այն բողոքարկելու իրենց իրավունքից:

Մեր կազմակերպության իրավաբանների կողմից փորձ է արվել գործի նյութերին տուժողի, քաղաքացիական հայցվորի ծանոթանալու իրավունքը հիմնավորել իրավունքի գերակայությամբ, նրանց մեղադրանքի կողմ լինելու հանգամանքով: Սակայն քննիչը, հսկող դատախազը չեն ընդունում իրավունքի գերակայության սկզբունքը, վկայակոչել են Քրեական դատավարության օրենսգրքի 59, 61, 265-րդ հոդվածները, ըստ որոնց՝ տուժողը, քաղաքացիական հայցվորն իրավունք ունեն ծանոթանալու գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել նախաքննության ավարտման մասին նրանց հայտնվելու պահից, իսկ քրեական գործի վարույթի կասեցումը նախաքննության ավարտ չի համարվում: Կարելի է պնդել, որ առկա օրենսդրական բացը վերացնելու նպատակով, անհրաժեշտ է լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել