Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անօրինակա՞ն են տուգանել

Օգոստոս 21,2009 00:00

Արտերկրի քաղաքացուց գումարներ են պահանջել

Քաղաքական գործիչ Աղասի Արշակյանի փեսան՝ Պերճ Հակոբյանը, Բելգիայի թագավորության քաղաքացի է, ինչը, սակայն, չի խանգարել ոստիկանությանը, դատախազությանը, զինվորական դատախազությանը եւ զինկոմիսարիատի միջգերատեսչական հանձնաժողովին կամայական մոտեցումներ ցուցաբերել եւ այլ երկրի քաղաքացուց 1,8 միլիոն դրամ տուգանք պահանջել՝ հայրենական բանակում չծառայելու համար:

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աղասի Արշակյանը: Նա վստահեցնում է, որ իր փեսան չի խուսափել բանակից. «Ուղղակի նրանք 1992-ից մեկնել են Հայաստանից՝ լրիվ օրինական ճանապարհով: Պերճի 18 տարին լրացել է 1993-ի մայիսին, հետագա տարիներին նրան չեն կանչել զինկոմիսարիատից: Իրականում տեղ էլ չկար այդ կանչն ուղարկելու, քանի որ նա դուրս է եկել գրանցումից: Չգիտեմ էլ ինչը հաշվի առնելով զինկոմիսարիատի միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ Պերճը ծառայությունից խուսափել է այս տարիների ընթացքում եւ նրան տուգանեց 1 միլիոն 800 հազար դրամի չափով: Նշեմ, որ նա Բելգիայի թագավորության քաղաքացի է դարձել 1997 թվականի ապրիլի 10-ից, այնինչ նրա՝ բանակում չծառայելու համար քերական գործ է հարուցվել 2002 թվականից»:

Քանի որ պարոն Արշակյանի փեսան շտապում էր մեկնել Բելգիա, վճարել է 800 հազար դրամը՝ խոստանալով, որ հետագայում կվճարի նաեւ մնացած գումարը: 1 միլիոնի վճարման մասին պայմանագրում, որը կնքվել է զինվորական դատախազ Արեն Սարգսյանի հետ, առանց Պերճ Հակոբյանին զգուշացնելու, նշվել է, որ վերջինս չպետք է բացակայի Հայաստանի Հանրապետությունից: «Ես լինելով այս պետության հիմնադիր պատգամավորներից մեկը՝ անելանելի վիճակում էինք, երբ փեսայիս հետ գնացինք օդանավակայան ու նրան ասացին, որ չի կարող թռչել: Ես իմ ծանոթների միջոցով հարցը լուծեցի, նա թռչեց Բելգիա, որոշ ժամանակ անց էլ ուղարկեց այդ 1 միլիոն դրամը, սակայն ես՝ որպես նրա վստահված անձ, չեմ պատրաստվում այդ գումարը վճարել, քանի որ այս հարցը պետք է քննվի դատարանում: Ես միջգերատեսչական հանձնաժողովից պահանջում եմ նրանց որոշումը, սակայն չեն տալիս: Համոզված եմ, որ սա ինքնիրավչության ցայտուն օրինակ է: Այդ գերատեսչության աշխատակիցները՝ ոստիկանության քննիչ Լյութոն, զինվորական դատախազ Արեն Սարգսյանը, միջգերատեսչական հանձնաժողովը մարդկանց քաշքշուկի մեջ գցելուց իրենց լավ են զգում»,- վրդովված պատմում էր պարոն Արշակյանը: Նա ասաց, որ այս գործը վստահել է հանրապետության լավագույն իրավաբաններից մեկին:

«Ինքնիրավչության գործի» մանրամասներին «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել