Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԴԻՆԵՐԻ ՏԱԿՈՎ ՄԻ՛ ՔԱՅԼԵՔ

Օգոստոս 21,2009 00:00

Մայրաքաղաքի բարդիների մեծ մասը ծերացած է, դրանցից յուրաքանչյուրն ամեն րոպե թեթեւ քամուց կարող է ընկնել ու վնասներ հասցնել:

Իսակովի պողոտայում՝ ավտոկայարանի ճանապարհին, վերջերս քամու հետեւանքով մի հսկայական բարդի էր ընկել ու կաթվածահար արել երթեւեկությունը: Ընկած ծառի պատճառով ժամերով ավտոկայարանի առանց այդ էլ ծանրաբեռնված ճանապարհը մեքենաներով խցանվել էր ու տարածքում խուճապ ստեղծել: Բարեբախտաբար, ծառն ընկնելու պահին պողոտայով երթեւեկող մեքենաները կարողացել էին արգելակել ու խուսափել վթարներից, պատահական անցորդներ նույնպես չէին եղել, այլապես այդ դեպքը կարող էր ավելի դժբախտ հետեւանքներ ունենալ: Այս գարնանն էլ ուժեղ քամուց վայր էր ընկել ու մի ավտոմեքենա էր ջարդուփշուր արել «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող ծերացած ծառերից մեկը: Այդ շարքի ծառերից մեկն էլ նախորդ գարնանն էր տապալվել եւ կրկին վարորդներից մեկին մեծ վնասներ էր հասցրել:

Մասնագետների գնահատականով, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ամեն շաբաթ մի ծառ է ընկնում ու վտանգ ներկայացնում հասարակության կյանքի համար: Բանն այն է, որ այսօր Երեւանի փողոցները զարդարող շատ ծառեր, հատկապես բարդիները, ծերացած են: Ամենաթեթեւ քամու դեպքում անգամ դրանք կարող են հանկարծակի ընկնել ցանկացած անցորդի գլխին: Այս խնդիրը հաշվի չառնելով, քաղաքային իշխանությունները գումար ծախսեցին ու միայն փոխեցին Հանրապետության հրապարակի ծառերը՝ այն էլ գեղագիտական տեսք ապահովելու համար:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն իր մտահոգությունը հայտնեց, որ մայրաքաղաքի բարդիներն իսկապես մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար: Նրա խոսքերով՝ «դրանք հիմնականում 35-40 տարեկան բարդիներ են, բոլորը ծերացած են, դրանց բունն արդեն փուչ է, ամեն րոպե կարող են ընկնել»: Ըստ պարոն Սանասարյանի, քաղաքապետարանը տարիներ առաջ սխալ արեց, երբ մայրաքաղաքի կաղնիները հատեց, իսկ բարդիները թողեց. «Կաղնիները շատ երկարակյաց են, 100 տարի էլ կապրեն, իսկ բարդին 35-40 տարվա կյանք ունի, այսինքն, մեր մայրաքաղաքի բարդիները հիմա փոխելու ենթակա են»: Մեր հարցին՝ անցորդներն ինչպե՞ս կարող են ճանաչել ծերացած ծառերն ու զգուշանալ դրանցից, պարոն Սանասարյանն ասաց. «Եթե մոտենաք բնին, կտեսնեք, որ ծերացած բարդիների բունը փուչ է, կեղեւը չորացած է, միջատները կերել են ծառը, մնացել է դատարկ կեղեւը»: Հ/կ-ի նախագահը մատնանշեց, որ նման ծառեր կան Պարույր Սեւակի փողոցում. «Բաղրամյան փողոցում այգի կա, այնտեղ հսկայական բարդիներից մեկը, որը գտնվում էր նախագահական շենքի հարեւանությամբ, այնքան ծերացած ու չորացած էր, որ ամեն վայրկյան կարող էր ընկնել: Ես բազմաթիվ անգամ զանգել եմ քաղաքապետարան, բայց ահագին ժամանակ անց նոր իմ ահազանգին արձագանքեցին ու այդ ծառն այնտեղից վերացրեցին: Մի քանի օր առաջ էլ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Քիմիայի ինստիտուտի հարեւանությամբ մի լացող ուռենի շուռ եկավ, եթե, Աստված չաներ, մի մարդ այնտեղ կանգնած լիներ՝ ողջ չէր մնա, քանի որ ծառը մի քանի տոննա կկշռեր»:

Մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանն «Առավոտի» հետ զրույցում նույնպես համաձայնեց, որ մեր քաղաքի բարդիները, իրոք, ծերացած են, բայց, ըստ նրա, դրանք ծերությունից չէ, որ ընկնում են. «Պարզապես բարդին այնպիսի ծառ է, որի արմատները մակերեսային զարգացում ունեն, դրա համար էլ բարդիները հաճախ են ընկնում: Բարդին լավ ծառ է, այն անտառապաշտպան դեր ունի: Մենք հիմա բարդիները կարճացնում, երիտասարդացնում ենք, որպեսզի վթարային վիճակից խուսափենք: Ամեն դեպքում, հաջորդ տնկման ժամանակ որոշել ենք այլեւս բարդի չտնկել»: Պարոն Մաքսապետյանը համաձայն չէր, որ դենդրոլոգները մայրաքաղաքի կաղնիները հատել են, իսկ բարդիները՝ թողել: Նրա խոսքերով՝ «Այսօր շատ կաղնիներ էլ կան: Հենց նույն ավտոկայարանի ճանապարհին ե՛ւ բարդիներ կան, ե՛ւ կաղնիներ: Բաղրամյան փողոցում էլ հիմնականում կաղնիներ են տնկված»:

«Հայաստանի կանաչների միություն» հ/կ-ի նախագահի տեղեկացմամբ, քաղաքապետարանը հավանաբար համապատասխան տեխնիկա չունի, կան ծառեր, որոնք շատ հաստաբուն են, դրա համար էլ շատ դեպքերում այդ ծառերը հատելու հարցը երկար ձգձգվում է: Սակայն գլխավոր դենդրոլոգը վստահեցրեց, որ յուրաքանչյուր կանաչապատման տեղամաս քիչ թե շատ ապահովված է տեխնիկայով. «Ուղղակի լինում են դեպքեր, երբ ծառը շատ բարձր է լինում կամ վտանգավոր տեղում է լինում: Այդ դեպքերում մենք ստիպված ենք դիմել փրկարարական ծառայությանն ու նրանց հետ կտրել ծառը»:

Իսկ ընդհանրապես, պարոն Մաքսապետյանի տեղեկացմամբ, ծառերի հետ կապված բանավոր ահազանգերին քաղաքապետարանը չի արձագանքում, որովհետեւ քաղաքացին, եթե տեսել է ծերացած կամ վտանգ ներկայացնող ծառ, պետք է քաղաքապետարանին ուղղված գրավոր դիմում գրի, հետո մասնագետները պետք է գնան, տարածքն ուսումնասիրեն, եզրակացություն կազմեն, նոր, եթե անհրաժեշտ է, ծառը հատեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել