Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆԱՖՈԲԻԱՅՈ՞Վ ԵՆՔ ՏԱՌԱՊՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

Այսպես են բնութագրում երկրաքիմիկոսները ուրանի հանքի շահագործման՝ բնապահպանների եւ լեռնաձորցիների մտահոգությունը:

Մոտ ապագայում հնարավոր է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում սկսվեն ուրանի հանքի շահագործման աշխատանքները: Սա հարուցել է տեղի բնակիչների ու մի շարք բնապահպանների դժգոհությունները: Չնայած այս պահին դեռեւս ուրանի պաշարի երկրաբանական եւ հետախուզական աշխատանքներ են ընթանում շուրջ 25ք/կմ տարածքում, սակայն տեղաբնակներն արդեն իսկ խուճապի մեջ են եւ կարծում են, որ պաշարներ հայտնաբերելու դեպքում իրենց այդ տարածքներից կտարհանեն: Բնապահպաններն էլ համոզված են, որ ուրանի հանքի շահագործումը խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար, քանի որ ճառագայթման աստիճանը շատ բարձր կլինի: Բնապահպանների լուրջ մտավախություններից մեկն էլ այն է, որ եթե բացվի ուրանի հանք, ապա Սյունիքի հարավում կստեղծվի հանքարդյունաբերական շղթա՝ Կապանից մինչեւ Ագարակ:

Նշենք, որ հանքի որոնողական աշխատանքները կատարում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն: Այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Հակառակ բնապահպանների մտավախությունների, երկրաքիմիկոսները դեռ մի բան էլ հպարտանում են, ասելով՝ «Երկրի ընդերքն ենք մաքրում, ի՞նչ է եղել, որ»:

Մեզ հետ զրույցում ակադեմիկոս, երկրաքիմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որը նաեւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» գիտական խորհրդատուն է, վստահեցրեց, որ ուրանի որոնման եւ հետագայում շահագործման աշխատանքներն ամենեւին էլ վտանգավոր չեն. «Ճառագայթումը վտանգ չի ներկայացնում, քանի որ ուրանի պարունակությունը շատ քիչ է: Վտանգավոր կլիներ, եթե մաքուր ուրան լիներ: Իսկ մեզ մոտ մաքուր ուրան չէ: Մեր պաշարների վտանգը հազար անգամ ցածր է, քան մաքուր ուրանինը»: Եթե պաշարները քիչ են եւ արդյունաբերության համար ոչ նպատակահարմար, այդ դեպքում ինչո՞ւ են հսկայական ծախսեր անում որոնումների համար՝ «Առավոտի» հարցին պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք նոր մեթոդով ենք կատարում որոնումները, որը թույլ է տալիս խորքային ուսումնասիրություններ անել: Պաշարների քիչ լինելու մասին խորհրդային տարիներից գիտենք, բայց այն ժամանակ ուսումնասիրությունը խորքային չի եղել»: Ինչ վերաբերում է բնապահպանների մտահոգությանը, ակադեմիկոսն ասաց. «Պետք է վերացնել այդ ուրանաֆոբիան: Դա գալիս է ատոմակայաններից, Չեռնոբիլից: Բացի այդ, ուրանի պաշարները ցրված են, այդ վիճակում ուրանը վտանգավոր չէ: Բա ի՞նչ անենք, սովից կոտորվե՞նք: Ուրանի հանքավայրը 100 անգամ անվտանգ է, քան մետաղներինը»:

Ս. Գրիգորյանը վստահեցնում է, որ եթե պաշարները արդյունահանման համար բավարար լինեն, իսկ դրա հավանականությունը, ըստ նրա, բավականին քիչ է, ապա շահագործումը լինելու է նոր տեխնոլոգիաներով եւ շրջակա միջավայրին չի վնասելու. «Փակ ձեւով ենք շահագործելու, այլ ոչ թե Թեղուտի կամ Քաջարանի պղնձի հանքերի պես: Թունել ենք բացելու խորքում, որի միջոցով հանքաքարը կհանեն, կմշակեն, մնացորդը տեղը կդնեն: Մեկ հորատանցք կբացեն, ծծմբաթթու կիջեցնեն, ամբողջ ուրանը կկորզեն եւ մյուս հորատանցքերով ուրանը դուրս կհանեն ու մեծ տարաների մեջ կլցնեն: Հետո հարստացված ուրանը, որը առանձնացվում է ջրից, ուղարկելու ենք խորը հարստացման: Իսկ այդ ջուրը ռադիացիայից լրիվ մաքուր է լինելու»: Մեր հարցին, թե հետագայում որտե՞ղ պետք է թափվեն այդ ջրերը, մասնագետն ասաց. «Կարող ենք նույնիսկ խմել, ոռոգման համար օգտագործել: Այդ աստիճան մաքրվելու է ջուրը: Անհրաժեշտության դեպքում թող դրսից մասնագետներ հրավիրեն ու ստուգեն»: Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ Քաջարանից արեւելք Փխրուտ համայնքում եւս կա ուրանի պաշար, որը ավելի հեռանկարային է եւ ուսումնասիրությունների համար էլ լիցենզիա է ստացել:

Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայաստանում, իրենից բացի, այլ մասնագետ չկա, բայց մենք խոսեցինք նաեւ մեկ այլ երկրաքիմիկոսի հետ: Ռոբերտ Յադոյանն էլ վստահեցրեց, որ՝ «կուլտուրական ձեւով շահագործելու դեպքում»՝ ոչ մի վտանգ էլ չի լինի. «Աշխարհում էդպիսի բազմաթիվ հանքավայրեր են ուսումնասիրվել, շահագործվել, լավ կլիներ թափթփված ձեւով չանեն այդ ամենը: Այսօր ի՞նչը վտանգավոր չէ, երթեւեկությունն էլ վտանգավոր է: Միանշանակ պետք է դա աշխատի, բա երկրի հումքն է, հարստություն է»: Պարոն Յադոյանը նույնիսկ զարմացավ, որ ուսումնասիրությունների վայր է ընտրվել հենց Լեռնաձորը, քանի որ, ըստ նրա, Հայաստանում շատ ավելի լավ պաշարներով հանքեր կան. «Շուտով կհամոզվեն, որ իզուր են աշխատել: Պաշարներն ու որակն այնքան սահմանափակ են: Եթե լավ պաշար լիներ, խորհրդային տարիներին կհանեին, նրանք բան չէին թողնի»:

Նշենք, որ վերջերս ընկերությունը Սյունիքում բնապահպանների եւ տեղաբնակների հետ հանդիպում էր կազմակերպել, սակայն վերջիններս այդպես էլ իրենց հուզող հարցերին հստակ պատասխաններ չեն ստացել: Օրինակ՝ հանքի բացման ժամանակ ինչպե՞ս են մաքրվելու մակերես դուրս եկող ռադիոակտիվացված ջրերը, կամ արդյոք նախատեսվո՞ւմ է կառուցել ճառագայթային հսկողության կայան, ընկերության կողմից կիրականացվե՞ն սոցիալ-տնտեսական ծրագրեր բնակիչների եւ հանքի աշխատակիցների համար եւ այլն: Ընկերության ներկայացուցիչները միայն խոստացել են լսումներ կազմակերպել Երեւանում եւ ծրագրում ներգրավել նաեւ արտերկրի մասնագետների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել