Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծածկադմփոցով Մարտի 1-ի էջը չի կարող փակվել

Օգոստոս 21,2009 00:00

\"\"«Քանի դեռ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտվել եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, այդ էջը չի կարելի փակված համարել»,- վստահ է Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Չնայած մարտի 1-ի երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ Մարտի 1-ի իրադարձությունները րոպե առ րոպե կվերականգնվեն եւ տեսաշարով կներկայացվեն հանրությանը, հետագա մեկուկես տարվա ընթացքում թե նախաքննական մարմնի, թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի, թե փաստահավաք խմբի աշխատանքների վերջնարդյունքում այդպես էլ չբացահայտվեցին Երեւանի կենտրոնում սպանված 10 մարդու մահվան հանգամանքները: ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներն 99 տոկոսով կախված են եղել նախաքննական մարմնի աշխատանքից, ուստի. «Եթե նախաքննական մարմինը չի դրսեւորել անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ ու քաղաքական կամք, հանձնաժողովը չի կարող այլ բան արձանագրել, քան այն, որ մեզ այդպես էլ չի հաջողվել պարզել մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքը»: Պրն Մինասյանը չցանկացավ հստակեցնել, թե իր կարծիքով՝ ո՞րն էր նախաքննական մարմնի նման աշխատանքի պատճառը. «Ես չեմ ուզում անդրադառնալ նախաքննական մարմնի կարողունակությանը, ես ընդամենը արձանագրում եմ, որ Մարտի 1-ի գործով նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար էր»:

Ինչ վերաբերում է փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած ծավալուն նյութերին, ապա ըստ Ա. Մինասյանի. «ԱԺ հանձնաժողովին ուղարկված շուրջ 2000 էջանոց նյութերին հանձնաժողովը լիարժեք ծանոթացել է եւ ներկայումս եզրափակիչ փաստաթուղթն է կազմում»: Ա. Մինասյանը հույս ունի, որ ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում՝ ենթադրաբար սեպտեմբերի 14-17-ը, հրապարակվելիք զեկույցը կբավարարի հասարակությանը. «Հուսով եմ՝ կբավարարի, թեեւ ուզում եմ ընդգծել, որ հանձնաժողովի աշխատանքները շատ ավելի հավասարակշիռ եւ օբյեկտիվ կընկալվեին, եթե ընդդիմությունը մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին»:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ա. Մինասյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի կողմից պարզաբանումներ ստանալու խնդրանքով մի քանի անգամ բանավոր հրավերք է արվել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին, սակայն երկու դեպքում էլ առաջարկն ընդունելու պատրաստակամություն չի դրսեւորվել: Ա. Մինասյանը կարծում է. «Թե առաջին, թե երկրորդ նախագահները մեծ սխալ թույլ տվեցին՝ չգալով հանձնաժողով եւ առնվազն հրապարակային կերպով չներկայացնելով իրենց տեսակետները»: Հանձնաժողովում պարզաբանումներ տալու բանավոր հրավերքները մերժել են նաեւ ՀՀ նախագահի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսյանը եւ Դավիթ Շահնազարյանը: Ա. Մինասյանի խոսքերով. «Այդ ամենին հստակ գնահատական կտրվի զեկույցում, ինչպես նաեւ անդրադարձ կլինի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանն ու տեսաժապավենների առգրավմանը»:

Ասուլիսի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաեւ այլ թեմաների, մասնավորապես՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, որն ըստ նրա՝ արժանի է «2» գնահատականի. «Այսօր կառավարության հայտարարություններում ու քաղաքականության մեջ ես նկատում եմ առավելապես միջազգային կազմակերպությունների, նաեւ՝ օլիգարխիկ համակարգի ազդեցությունների դրսեւորում՝ նպատակաուղղված այդ համակարգի շահերի սպասարկմանը»: Ա. Մինասյանի կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ տնտեսական անկումը կհասնի 20 տոկոսի, սակայն բյուջեի սեկվեստր չի լինի՝ ի հաշիվ տարբեր կառույցներից վերցրած վարկային միջոցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել