Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Այսպես է բնութագրում Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը այդ կառույցին տրվող որակումները

– Հանրային խորհուրդը դեռեւս ձեւավորման փուլում է, բայց հասարակական անվստահությունն այդ հանրային համերաշխություն ձեւավորելուն կոչված մարմնի նկատմամբ արդեն իսկ բավականին մեծ է: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այն, ինչը դուք «անվստահություն» անվանեցիք, ես կասեի՝ հասարակական հետաքրքրություն, որն ունի նաեւ հասարակական կասկածամտության պահ: Չեմ կարծում, թե հիմքեր կան դա անվստահություն անվանելու, բայց, այնուամենայնիվ, նոր կառույց է, եւ յուրաքանչյուր նոր բան, մանավանդ, երբ դաշտում տեղեկատվության պակաս էլ կա, տարբեր մտայնություններ կարող է առաջ բերել: Մենք նման մոտեցում ունեցող շատերին հրավիրել ենք մասնակցություն ունենալու Խորհրդի աշխատանքներին եւ ոչ թե պարզապես չարակամությամբ ու չարախոսությամբ զբաղվել: Ոչ թե չարակամ քննադատություն, այլ՝ կառուցողական մոտեցում, ոչ թե հայհոյանք, այլ՝ առաջարկություն եւ այլն: Ի դեպ, ես առաջիններից մեկն էի, ով 1-1,5 տարի առաջ սկեպսիսով մոտեցավ նման խորհուրդ ստեղծելու գաղափարին, բայց երբ մասնագիտական առումով խորամուխ ես լինում երեւույթի մեջ, հասկանալի է դառնում, որ այդ կառույցի անհրաժեշտությունն, իրոք, կար: Հասարակության մեջ մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր քաղաքականացված չեն, բայց երկրի քաղաքացիներ են, որոնք շահեր եւ պահանջմունքներ ունեն, հետեւաբար՝ քաղաքացիական հասարակության կառույցները, որ խնդիր ունեն նաեւ այսպիսի մարդկանց համախմբելու, հնարավորություն են տալիս այդ խնդիրները լուծելու, հասարակական ներուժն ակտիվացնելու եւ կառուցողական հունով տանելու:

Կարեւոր է, որ կարողանանք բացասական էներգիան կառուցողականի վերածել: Դրա համար անհրաժեշտ են հասարակական կառույցներ, շարժումներ, իսկ ՀԽ-ն, որպես դրանց ձայնն իշխանություններին հասցնելու ինստիտուտ, շատ ավելի քաղաքակիրթ տարբերակ է, քան փողոցում իրար ծեծելը, թերթերի էջերում միմյանց հայհոյելը: Մեզանում պակասում է թե մասնագիտական էթիկան, թե քաղաքական մշակույթը: Օրինակ, երեկ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ զարմանքով իմացա, որ ընդդիմադիր թերթերից մեկի` իրեն քաղաքական մեկնաբան հռչակած աշխատակիցը ինձ եւ ՀԽ իմ գործընկերոջը դասել է «Մադրիդյան սկզբունքների» ջատագովների շարքը: Մինչդեռ լրագրողների հետ իմ հանդիպումներում ու ելույթներում ես պարբերաբար հանդես եմ եկել այդ սկզբունքների քննադատական վերլուծությամբ ու գնահատականներով: Վկան՝ տպագիր մամուլում, www. armedia.am եւ այլ ինտերնետային կայքերում հրապարակված նյութերը: Այդպիսի գործելակերպը որեւէ մեկնաբանությամբ չի տեղավորվում լրագրող-մեկնաբանի մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Ինչեւէ, երբեմն անձնական վիրավորանքներն են դառնում քաղաքական փաստարկներ՝ մեկի ֆիզիկական թերությունը, մյուսի ծննդավայրը, ծագումը եւ այլն: Եթե սրանք են քաղաքական փաստարկման զինանոցը, ապա «մարտի 1»-ն ինչ-որ իմաստով կանխատեսելի էր: Հանրային խորհուրդը ոչ միայն հանրային, այլ նաեւ քաղաքական կառավարման ոլորտի կադրերի ձեւավորման օղակ կարող է հանդիսանալ:

– Ինչպե՞ս պետք է գտնվի այդ «ոսկե միջինը», եթե քաղաքական եւ հասարակական դաշտի ընդդիմադիր հատվածը հիմնականում Խորհրդում ներկայացված չէ, եւ կարծիքների բախում, որպես այդպիսին, չի կարող լինել:

– Մեր հանձնաժողովներում կան ընդդիմադիր կեցվածք ունեցող, հարցեր բարձրացնող, կոնկրետ նյութեր բերող մարդիկ, սակայն ընդդիմության ներկայությունը բավականին քիչ է: Ի դեպ, որոշ ընդդիմադիր (եւ ոչ միայն ընդդիմադիր) գործիչների մոտ ես մի մտավախություն եմ նկատել. ի դեմս Խորհրդի՝ լուրջ մրցակից են տեսնում, որովհետեւ, երբ Խորհուրդը գալիս է կառուցողական հարցադրումներով, առաջարկություններով ու քննադատությամբ, դաշտը ինչ-որ իմաստով լցվում է, եւ այս մտավախությունը բերում է որոշակի զգուշավորության, չարակամության: Մինչդեռ մենք բաց ենք գործընկերության համար, երկխոսությունը կլոր սեղանի շուրջ բերելու եւ քննարկումներն ավելի քաղաքակիրթ դարձնելու: Ի վերջո, նույն երկրի քաղաքացիներ ենք եւ նույն նավով ենք նավարկում:

Վստահ եմ, որ երբ առաջիկայում Հանրային խորհուրդը մի քանի առաջարկներ անի եւ հանրային ու պետական կառավարման ոլորտում նկատելի լինի նրա ծանրակշիռ դերը, ընդդիմախոսների շրջանում էլ վերաբերմունքը կփոխվի:

– Խորհրդի ստեղծման գաղափարը գուցե լավն է, բայց չե՞ք կարծում, որ գործունեության հիմքը սխալ դրվեց: Երբ նախագահն ուղիղ տեքստով խոսեց համաներման մասին եւ սլաքն ուղղորդեց դեպի Հանրային խորհուրդ, դեռ սաղմնային վիճակում գտնվող այդ կառույցը ժամերի ընթացքում կազմակերպվեց եւ սկսեց աշխատել առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ: Չե՞ք կարծում, որ թերեւս իրավացի են այն գործիչները, ովքեր Խորհուրդը համարում են նախագահի «քաղաքական աղախինը»:

– Այդ քննարկումները ոչ թե ժամեր, այլ երեք շաբաթից մի քիչ ավելի տեւեցին, եղան եւ դեմ, եւ կողմ փաստարկներ, այնպես որ, չեմ կարծում, թե դա Խորհրդի համար բեռ էր, որը նա չէր կարող իրականացնել: Մենք, իրոք, չշտապեցինք: Համաներման առաջարկով առաջինը հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական, քաղաքական կազմակերպություններ: Հանրային խորհուրդը, կարծեմ, առաջին հնգյակից դուրս մնաց՝ քիչ ավելի ծանրակշիռ եւ քննարկումների պրոցեսով անցկացնելով իր առաջարկը:

Ցավոք, մեր քաղաքական գործիչներից շատերի մոտ բառապաշարի սղությունը դրսեւորվում է սարկազմով, վիրավորանքներով: Բայց հայտնի բան կա՝ երբ մեջտեղ են գալիս հայհոյանքն ու չարդարացված սարկազմը, բարձրաձայն խոսակցությունն ու գոռգոռոցը՝ դա խոսում է տրամաբանական փաստարկների բացակայության մասին: Ժամանակն է «լակեյներ, աղախիններ, օպորտունիստներ» տերմիններից հրաժարվելու: Նման բաներով գործիչը հաճախ իր ներքինն է բնորոշում՝ սեփական արշինով չափելով շրջապատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել