Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 21,2009 00:00

Օրերս թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե նաեւ Թուրքիայի կառավարության տապալման փորձի մեջ մեղադրվող «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով որպես կասկածյալ է ներգրավվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախկին պատգամավոր Թուրհան Չյոմեզը: Նա ոչ վաղ անցյալում իրեն դրսեւորել էր որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով: «ԱրմԻնֆոյի» թղթակցի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, թե «Էրգենեքոնի» գործով մեղադրանքները սկզբունքորեն չեն առնչվում հայ-թուրքական հարաբերություններին: «Դեռ մի քանի տարի առաջ Չյոմեզը, լինելով կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, սեփական նախաձեռնությամբ այցելել էր Հայաստան՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման փորձի նպատակով: Այն, որ Չյոմեզը փորձել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, սկզբունքային դեր չի խաղում «Էրգենեքոնի» գործով ընդհանուր մեղադրանքում»,- նշել է թուրքագետը՝ հավելելով, որ գործնականում ժամանակակից Թուրքիայում պայքար է գնում այդ երկրի վերնախավի ներքին խմբավորումների միջեւ:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական աղբյուրների, Չյոմեզի համակարգչում հայտնաբերվել են ապացույցներ առ այն, որ թուրքական գաղտնի հետախուզական ծառայության JITEM ստորաբաժանումը, որի գոյության փաստը պաշտոնատար անձինք հերքում են, կասկածվում է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել