Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ԵՆ

Օգոստոս 21,2009 00:00

Երեկ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ստորագրությամբ գրություն է ստացել, որով քննիչը ազդարարել է «1. ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցների կողմից 2007թ. հոկտեմբերի 23-ին Երեւան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող երթի մասնակիցների նկատմամբ հարկադրանքի եւ ֆիզիկական ուժ կիրառելու, Լեւոն Բաբաջանյանին, Տիգրան եւ Կարեն Մակեյաններին, Տիգրան Սալնազարյանին վնասվածքներ պատճառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել եւ քր. գործի մասով վարույթը կարճել՝ ոստիկանների գործողությունները եւ վնաս պատճառած արարքները օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:

2. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատար Արայիկ Պետրոսյանի կողմից Գոհար Վեզիրյանին հրելու, անզգուշությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել, քր. գործի մասով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

3. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գեւորգ Ստեփանյանի կողմից հատուկ միջոց հանդիսացող արցունքաբեր գազ կիրառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել, քր. գործի մասով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով»:

Ասել է թե՝ 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների եւ միջոցառումը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից չպատճառաբանված եւ ֆիզիկական ուժի ակնհայտ կիրառումը, լրագրողին հրելն ու նրա դեմքին դիտավորությամբ արցունքաբեր գազ փչելը, ինչը փաստող տեսագրություն կա, ՀՔԾ-ն համարել է միանգամայն իրավաչափ, իսկ ոստիկաններին՝ անմեղ գառներ: Հիշեցնենք, որ դեռ 2007թ. հոկտեմբերին ՀՔԾ վարույթում հարուցված այս քր. գործը անցյալ տարվա մարտյան դեպքերից հետո «հատուկ քննչականը» միացրել էր «Մարտի 1»-ի մայր գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել