Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿՎԱ ԹԵՐԹԵՐԸ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

Օգոստոս 21,2009 00:00

Օգոստոսի 19-ին «Հայկական ժամանակում» Նիկոլ Փաշինյանը իր «Բանտային օրագիր» հոդվածաշարում մի երկու կծու խոսք էր ասել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանի հասցեին՝ նշելով, թե այդ ՔԿՀ-ում «ակնհայտորեն դաստիարակության պակաս» ունեցողներից մեկն էլ, օրինակ՝ հենց Նելսոն Զաքարյանն է: Երեկ առավոտյան, երբ այդ ՔԿՀ-ում պահվող Փաշինյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը իր պաշտպանյալի հետ հերթական տեսակցությունից հետո ցանկացել է նրան հանձնել ամենօրյա թերթերը, նրան արգելել են դա անել՝ ասելով, թե դա պետի հրահանգն է, թեեւ մինչ այդ նման խնդիր չէր ծագել: ՔԿՀ պետը փաստաբան Տիգրան Մուրադյանին բացատրել էր դրա պատճառը: «Պետն ինձ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ում վիրավորական հոդված է գրել իր մասին»,- «Ա1+»-ին երեկ փոխանցել է Տ. Մուրադյանը: Իսկ ո՞ր օրենքով է Ն. Զաքարյանը հրաժարվում Փաշինյանին թերթեր փոխանցել: Պաշտպանի այս հարցին էլ պետը պատասխանել է՝ «ներքին կարգապահական կանոնների համաձայն, կալանավորներին թերթեր տրամադրում է մեկուսարանի վարչակազմը»:

Փաստաբանը նույն պահին դիմում է գրել մեկուսարանի վարչակազմի պետին՝ խնդրելով օրվա թերթերը փոխանցել Փաշինյանին, իսկ պետն անմիջապես հրահանգել է իր ենթականերին՝ «Փաշինյանի փաստաբանից որեւէ դիմում չընդունել»: Տ. Մուրադյանը դիմումը թողել է մեկուսարանում եւ դուրս եկել, իսկ մեկնաբանելով տեղի ունեցածը՝ «Ա1+»-ին ասել է, թե դա վարչարարության հիմունքների կոպիտ խախտում է, եւ ինքը մտադիր է բողոքարկել Զաքարյանի գործողությունները՝ դրանք որակելով որպես պաշտոնեական դիրքի չարաշահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել