«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահՍամվել Նիկոյանին առաջարկում է Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը:
– «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Փաստահավաք խմբում ընդդիմության նշանակած փորձագետների խոստումը, որ անպայման կարձագանքեն, եթե իրենց արձանագրած փաստերից որեւէ մեկը ներառված չլինի հանձնաժողովի զեկույցում, եւ դա կորակեն փաստերի կոծկում՝ համեմատեց «ովքեր մեզ հետ չեն՝ տականք են» ուլտիմատումի հետ: Ընդունո՞ւմ եք, որ ուլտիմատում եք ներկայացրել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:
– Սամվել Նիկոյանի ներկայացրած լոզունգը, թե «ով մեզ հետ չի՝ տականք է»՝ ես չեմ ընդունում, դա վատ լոզունգ է: Բայց շատ ավելի հրեշավոր լոզունգ է այն, որն ինչ-ինչ ուժերի կողմից կիրառվել է մարտի 1-ին՝ «ով մեզ հետ չի՝ նրա վրա կարելի է կրակել», բայց սրա մասին պրն Նիկոյանն իր գործունեության ընթացքում ոչինչ չի ասել:
Եվ անհեթեթ է մեզ ինչ-որ լոզունգներ վերագրելը. մենք առաջնորդվել ենք Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ: Եվ մինչ այս պահը չի եղել որեւէ իրավական շեղում այդ կարգադրության դրույթներից: Թող պրն Նիկոյանը բարի լինի՝ կարդա Փաստահավաք խմբի մասին այդ կարգադրությունը: Բայց եթե պետք է խոսենք լոզունգների մասին՝ այս պարագայում միակ ճիշտ լոզունգը պետք է լիներ՝ «ով փրկում է մի կյանք, նա փրկում է աշխարհը»:
– Տարակուսելի՞ չէ, որ չնայած անցած տարում այս հանձնաժողովն անընդհատ խնդրել է, որ տվյալներ ու փաստեր ունեցողները դրանք փոխանցեն հանձնաժողովին՝ այժմ, երբ այդ փաստերը ներկայացնում եք զեկույցների տեսքով՝ հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարում են, թե այդ զեկույցները «հալած յուղի» տեղ չեն ընդունելու եւ ամբողջությամբ չեն ներառելու վերջնական եզրակացության մեջ:
– Իհարկե, տարակուսանք առաջացնում է: Եվ եթե նման մեկնաբանություններ են արվելու, թե չեն ուզում հալած յուղի տեղ ընդունել, նույն կերպ կարող եմ առաջարկել, որ այդ դեպքում ընդունեն թունդ խմիչքի տեղ: Այնուամենայնիվ՝ վերոհիշյալ կարգադրության համաձայն, մեր հավաքած նյութերը պե՛տք է փոխանցենք ժամանակավոր հանձնաժողովին: Բայց քանի որ Փաստահավաք խումբն ավելի շուտ լուծարվեց՝ շարունակում ենք ի մի բերել մեզ մոտ եղած տեղեկատվությունը եւ զեկույցների ձեւով ներկայացնում իրենց: Այդ նյութերի փաստական մասը հանձնաժողովում է, եւ իրենք պետք է դրանք օգտագործեին իրենց եզրակացությունում՝ գտնեին, թե դրանցից ո՛ր մեկն է իրենից փաստ ներկայացնում, որը՝ ոչ: Հիմա մենք ի մի բերված ենք այդ ամենը ներկայացնում, բայց այնպիսի տպավորություն է, թե նրանք չէին էլ ուզում, որ այդ զեկույցներն իրենց տրվի, քանի որ դա իրենց համար գլխացավանք է դարձել: Նիկոյանի պահվածքից եմ դա զգում. վերջին ամսվա ընթացքում, երբ մենք ներկայացրինք արդեն 3-րդ զեկույցը՝ ինքը սկսեց դրանցում առկա նյութերին որակումներ տալ՝ փոխանակ ուսումնասիրի եւ որոշի դրանք օգտագործելու մեխանիզմները:
– Բայց հանձնաժողովը զուգահեռաբար նաեւ ձեր եզրակացությունները որպես հարցադրում ուղարկում է նախաքննական մարմնին, ոստիկանությանը կամ դատախազությանը:
– Ուղարկում են-չեն ուղարկում՝ ճիշտն ասած, ինձ քիչ է հետաքրքրում: Մենք ուղարկել ենք համապարփակ զեկույցներ՝ զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ, եւ իրենց խնդիրն այդ ամենն ուսումնասիրելն ու դրանք ներառել-չներառելու հարցերը լուծելն էր: Բայց այս պահին պրն Նիկոյանն առաջնորդվում է շատ հետաքրքիր սկզբունքով. անում է տարօրինակ, ջղաձիգ մեկնաբանություններ, որոնք ինձ համար հասկանալի չեն: Լյուդովիկոս 14-րդի ասացվածքի՝ «պետությունը՝ ես եմ» նմանությամբ, հիմա էլ ինքը առաջնորդվում է «հանձնաժողովը՝ ես եմ» սկզբունքով: Ու չնայած ժամանակավոր հանձնաժողովի որոշ անդամներ վերջերս հայտարարեցին, որ իրենք նո՜ր-նո՜ր են սկսում ծանոթանալ այդ նյութերին՝ պրն Նիկոյանն արդեն հայտարարել է, թե իրենց եզրակացության մշակումը վերջնական փուլում է: Մինչդեռ մեր նյութերն այնքան ծավալուն են, որ բավական ժամանակ է պետք դրանց ծանոթանալու եւ առավել եւս՝ գնահատելու համար:
– Հանձնաժողովի նախագահն անհանդուրժելի էր դիտել, որ Դուք ու Սեդա Սաֆարյանը «վերաբերմունք եւ գնահատական են հնչեցնում փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ. մտել են խորը մասնագիտական դաշտ ու վերլուծություններ են արել»: Ընդունո՞ւմ եք, որ ձեր զեկույցներում իրոք կա սուբյեկտիվ վերաբերմունք:
– Մենք իրոք ուսումնասիրել ենք փորձագիտական եզրակացությունները՝ խմբի ստեղծման վերաբերյալ կարգադրության համաձայն: Եվ կարծում եմ, որ մեր ուսումնասիրությունների վերաբերյալ ինքն իրավունք չունի որեւէ գնահատական տալու՝ նա պետք է մեր ներկայացրած փաստերը կա՛մ հերքի, կա՛մ հաստատի. այլ տարբերակ գոյություն չունի:
– Սակայն նա նշել է՝ «Իմ մասնագիտական կարողությունները չեն բավարարում վերագնահատել մասնագիտական գնահատականին տրված գնահատականը. ես փորձագետ չեմ, պայթյունատեխնիկ չեմ, դատաբժիշկ չեմ»:
– Ընդունում եմ՝ Սամվել Նիկոյանը մասնագետ չի, բայց շատ կցանկանայի, որ նա խորությամբ գիտակցեր, որ ինքը ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է, իսկ դա նաեւ նշանակում է իրականացնել իրենց տրամադրության ներքո գտնվող նյութերի քննարկումներ հանձնաժողովում: Եվ ընդամենը մի հարց իրեն կհուշեմ վերջին զեկույցի հետ կապված՝ թող գոնե կարողանա պարզել, թե ո՞ւր են անհետացել Տիգրան Աբգարյանի շորերը: Եթե դա կարողանա պարզել՝ կարծում եմ, ամբողջ զեկույցը կարդալու անհրաժեշտություն իր համար պետք է չլինի: Ու նաեւ ուզում եմ հարցնել. երբ այս պահանջը նշել ենք զեկույցի մեջ՝ որտե՞ղ է այստեղ քաղաքական ենթատեքստը. թո՛ղ բացատրի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հետեւյալ տարբերակմանը՝ Փաստահավաք խմբի պաշտոնապես ուղարկած զեկույցի եւ դրանից հետո ձեր ուղարկածների միջեւ. «5 հոգին բազմակարծություն էր, 1 կամ 2 հոգու զեկույցը կարող է լինել միակողմանի, միտումնավոր, վիճակը ապակայունացնող, դեզինֆորմացիա պարունակող»:
– Ա՛յ, տեսնում եք, պրն Նիկոյանն արդեն տվել է գնահատականներ: Թեեւ իրեն պաշտոնապես ուղարկած՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին զեկույցն էլ չէր ընդունել, այդտեղ էլ չկարողացավ խորությամբ ընկալել զեկույցում շարադրված փաստերը: Այդ զեկույցը քննարկվեց հանձնաժողովի նիստում, բայց ես դա համարում եմ թերի քննարկում: Պիտի կետ առ կետ ուսումնասիրեին բացթողումների հիմնական շղթան, որը ներկայացված էր զեկույցում: Եվ թող պրն Նիկոյանը բարի լինի, ճշտի՝ բացթողումներն իրականացրած քննիչներից որեւէ մեկը պատժվե՞լ է, թե՞ ոչ՝:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այս ամենի վերլուծության փոխարեն՝ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարում իրենց եզրակացության մեջ անդրադառնալ ընդդիմության առաջնորդների գործունեությանն ու վարքին, ցուցարարներին ղեկավարելու դրսեւորումներին. «Պետք է հստակեցնել այս առնչությամբ մեր գնահատականը գոնե բարոյական հարթությունում»:
– Ես կառաջարկեի Նիկոյանին, որ շատ ավելի քիչ խոսեր բարոյական դաշտի մասին, քանի որ դրա իրավունքը պետք է ձեռք բերել, եւ իր ասելիքն ավելի շատ ասեր իրավական դաշտում: Իր բարոյական գնահատականները հետաքրքիր չեն՝ իրավակա՛ն գնահատականներն են կարեւոր հասարակության համար, որ հասկացվի, թե մարտի 1-ին, այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել, դրա պատճառները, հետեւանքները եւ զոհերի մահվան հանգամանքները:
Եվ առավել կցանկանայի տեսնել հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ծնված եզրակացություն. առայժմ առավելապես հանդես է գալիս Սամվել Նիկոյանը, ու հանձնաժողովի նիստերի իսպառ բացակայության պայմաններում իր իրարամերժ հայտարարություններն ինձ համար որեւէ նշանակություն չունեն: Այս պահին նա հանձնաժողովի նիստերի արդյունքում ծնված տեսակետներ չէ, որ արտահայտում է:
– Ի դեպ, զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ձեր զեկույցը Սամվել Նիկոյանը հնարավոր վարկածներից մեկն է համարել, սակայն նշել է. «Հանձնաժողովը չի կարող վարկածով զբաղվել կամ վարկածը ներկայացնել իր զեկույցի մեջ: Դա կարող են անել միայն մարդիկ, որոնց անհրաժեշտ է այդ դժբախտությունը օգտագործել ներքաղաքական իրավիճակը սուր պահելու, բարդացնելու նկատառումով»:
– Մենք ժամանակավոր հանձնաժողովին չենք ներկայացրել որեւէ վարկած. մեր բոլոր երեք զեկույցներն էլ բացառապե՛ս փաստեր են՝ զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ: Այս փաստերի շարադրանքը կարող է որոշակի եզրահանգումների տեղիք տալ: Եվ դարձյալ եմ ընդգծում՝ կա՛մ նա այդ փաստերն ընդունում է, կա՛մ չի ընդունում ու չընդունելու դեպքում պիտի հիմնավորի, թե ո՛ր փաստն ինչո՛ւ չի ընդունում: Իսկ եթե չի կարողանում դրանք հերքել՝ պիտի այդ անհերքելի փաստերը ներառի եզրակացության մեջ: Բայց թող պրն Նիկոյանը խոսի միայն փաստերի լեզվով. մենք իրեն ներկայացրել ենք միայն լրջորեն ուսումնասիրված, մինչ այժմ ըստ էության չհերքված փաստեր՝ առանց քաղաքականացման, եւ մեր եզրահանգումների մեջ որեւէ տեղ չենք նշել՝ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: