Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասում է, թե ՀԱԿ-ի հայտարարած հանրահավաքային դադարը արդյունավետ է օգտագործվել:
– Կոնգրեսը իր հերթական հանրահավաքը նախատեսում է անցկացնել սեպտեմբերի 18-ին: Բայց ՀԱԿ-ում անցյալ շաբաթ չէին բացառում նաեւ արտահերթ հանրահավաքի հնարավորությունը: Կարծում եք, դրա կարիքը կզգացվի՞:
– Ես չեմ բացառում, որովհետեւ կան արտաքին քաղաքական գործընթացներ, որոնք չափից ավելի սրընթաց են զարգանում, եւ այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների, նաեւ հակառակորդ կողմից բանակցող տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք քաղաքական ակտիվություն են առաջացնում եւ կրքերի բորբոքման են հանգեցնում, կարող են նաեւ հասարակական լայն զանգվածների փողոց դուրս գալու պատճառ դառնալ: Այդ դեպքում Կոնգրեսին եւ նրա ղեկավարներին այլ բան չի մնա, քան ժողովրդին ուղղորդելը, իրավիճակը հրապարակայնորեն ներկայացնելն ու մեկնաբանելը, մեր տեսակետները հայտնելը: Մենք այսօր լրջորեն մտահոգվելու խնդիր, իսկապես, ունենք: Ինչ վերաբերում է հանրահավաքային դադարին, ապա գտնում եմ, որ արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում դա շատ ճիշտ էր եւ շատ ավելի մեծ խնդիրներ լուծեց, քան եթե մենք փողոցում լինեինք:
– Անցյալ տարվա հոկտեմբերից սկսած ընդդիմությունը գուժում է ԼՂ հարցում շրջադարձային զարգացումների մասին: Հիմա ասվում է, թե աշնանը Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փոխվել են: Մինչեւ նորերը գան, ի մի բերեն արդեն արվածն ու շարունակեն բանակցային գործընթացը, թերեւս, ժամանակ կանցնի: Չե՞ք կարծում, որ դա կարող է հետաձգել նաեւ ձեր կանխատեսումները:
– Բացարձակապես ոչ: Ես կարող եմ նաեւ կոնկրետ օրինակ բերել: Իմ վարչապետության շրջանում համանախագահ Քերի Քավանոն փոխվեց, փոխվեց նաեւ ռուս համանախագահը, բայց դրանից ոչինչ չփոխվեց, եւ ընդամենը 1-1,5 ամիս հետ Քի Ուեսթում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մյուս կողմից, գործող համանախագահները այս պահի դրությամբ դեռ չեն փոխվել, եւ զուտ արարողակարգային առումով դա կարող է երկար տեւել: Ես չեմ բացառում, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը տեղի ունենա հենց այս համանախագահների օրոք: Ամենեւին բացառված չէ նաեւ, որ բանակցությունների ընթացքում կողմերն արդեն ինչ-ինչ արդյունքների հասել են եւ հիմա այնպիսի փուլում են գտնվում, երբ համանախագահների փոփոխությունները ոչ թե արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթանալու եւ դրանք հղկելու խնդիր կառաջացնեն, այլ նոր լիցք կհաղորդեն բանակցություններին: Ես դա չեմ բացառում, առավել եւս, որ հայտարարություններ եղան, համանախագահներից մեկը նույնիսկ որոշ մարդկանց շնորհակալություն հայտնեց եւ ասաց, թե հանձինս այդ մարդկանց «Մադրիդյան սկզբունքները» արդեն մնացել են ետեւում, եւ հիմա ավելի լուրջ բաներ կան անելու: Սա, իսկապես, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Եվ այս առումով, կրկնում եմ, ընդդիմության այս դադարը ամենաճիշտ դադարներից մեկն էր: Դա դադար էր զուտ քաղաքական պրոցեսներին հասարակության ակտիվ մասնակցության մասով, բայց դադար չէր ներքաղաքական, արտաքին քաղաքական շփումների, կազմակերպչական խնդիրներ լուծելու, առաջիկա գործունեության ծրագրավորման առումով: Սա այն բացառիկ շրջաններից է, երբ մենք մեր քաղաքական գործունեությունը պլանավորեցինք նույնիսկ ամենավատթար պարագաների համար, մինչդեռ նախկինում նման տարբերակների քննարկումը մենք, գուցե, անիմաստ համարեինք: Բացի այդ, այսօր էլ մեր շփումները հասարակության հետ շարունակվում են, մարզային այցերի մասին բոլորը տեղյակ են: Դրանք, բացի բարոյական խնդիրներից, նաեւ քաղաքական խնդիրներ են լուծում, թեեւ առաջին հերթին հարցը մեր ընկերներին եւ նրանց շրջապատի նկատմամբ մեր բարոյական պարտքը կատարելն է:
– Մարզերում ապրող այլ ազատազրկված քաղբանտարկյալներ, կարծես թե, չկան: Նշանակում է մարզային այցելություններն ավարտվեցի՞ն:
– Այն մարզերը, որտեղ մենք դեռ չենք այցելել, բարեբախտաբար, ազատազրկված քաղբանտարկյալներ չունենք: Բայց այդ մարզերում մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, այնտեղ ունենք շտաբներ, այնտեղ կա ակտիվ հասարակական զանգված: Մինչ այս տեղի ունեցած այցերը, նաեւ առաջիկա այցերը զուգորդվում են նաեւ ներկազմակերպչական աշխատանքների հետ: Այն մարզերում, որտեղ դեռ չենք եղել, լինելու ենք: Շարունակելու ենք այցելել նաեւ մյուս քաղբանտարկյալներին, որոնք, գուցե, մեր հասարակությանը պակաս հայտնի մարդիկ են, բայց այս ընթացքում ոչ պակաս խիզախություն են ցուցաբերել: