Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում սեռական դաստիարակությունն անընդունելի է

Օգոստոս 20,2009 00:00

Համոզված է Կիրիլ պատրիարքը

Շատ ուղղափառներ մտահոգված են Ռուսաստանում դպրոցականների սեռական դաստիարակության եւ պատանեկան արդարադատության (անչափահասների գործերով արդարադատության արեւմտյան համակարգի) ներմուծման հնարավորության մասին խոսակցություններով: Այդ մասին հայտնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինի եւ նրա տեղակալ Անդրեյ Իսաեւի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

«Որոշակի թվով հավատացյալներ արտահայտում են մտահոգություն այն բանի շուրջ, որ Եվրախորհրդի սոցիալական խարտիայի որոշակի մեկնաբանությունը կարող է դրդել Ռուսաստանին դպրոցում մտցնել դպրոցականների սեռական դաստիարակության եւ պատանեկան արդարադատության ծրագրեր, եւ Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) գահակալն առաջինն է բարձրացրել հարցն այդ թեմայի շուրջ»,- «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների գծով սինոդական բաժնի նախագահ, ավագ երեց Վսեւոլոդ Չապլինը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը:

Անցյալ շաբաթ Ռուսաստանը վավերացրել է Եվրոպական սոցիալական խարտիան, որը պաշտպանում է քաղաքացիների սոցիալական եւ տնտեսական իրավունքները եւ սահմանում վերահսկիչ մեխանիզմ, որը կոչված է երաշխավորել մասնակից պետությունների կողմից դրանց հետեւելը: Այդ փաստաթուղթը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ միասին ԵԽ-ի՝ մարդու իրավունքների ապահովման ոլորտի առավել կարեւոր փաստաթղթերից է:

«Պատրիարքը ուշադիր լսում է եկեղեցական ժողովրդի ձայնը եւ ջանում պարզ հավատացյալների արտահայտած մտահոգությունը հասցնել պետական իշխանությանը»,- ասել է Չապլինը:

Նա նաեւ նշել է, որ ՌՈՒԵ-ում համոզված են, որ Ռուսաստանը որպես հասարակություն եւ պետություն՝ կարող է ԵԽ-ում պաշտպանել իր արժեքները եւ երեխաների դաստիարակման ու նրանց իրավունքների պաշտպանության ավանդական, իրեն լավ դրսեւորած համակարգը:

Նշենք, որ ԵԽ-ի Սոցիալական խարտիայի տեքստում ոչինչ չի ասվում ոչ դպրոցականների համար սեռական դաստիարակության, ոչ էլ պատանեկան արդարադատության ներդրման մասին:

Իսկ Պետդումայի պատգամավորները հաստատել են, որ խարտիայի տեքստը չի պարունակում դրույթներ, որոնք մատնանշեին նման քայլերի անհրաժեշտությունը: «Սակայն խարտիայի որոշ մեկնաբաններ փորձում են ԵԽ-ում այն օգտագործել այդ երկու նախագծերն առաջ քաշելու համար»,- նշել է Չապլինը:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները ՌՈՒԵ-ի հոգեւորականներին հավաստիացրել են, որ կպաշտպանեն ռուսական ավանդույթները երեխաների դաստիարակման եւ նրանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Վոլոդինը եւ նրա տեղակալ Իսաեւը խոստացել են հակազդել ԵԽ Սոցիալական խարտիայի այնպիսի մեկնաբանման ընկալմանը, որը կմղեր Ռուսաստանին սեռական դաստիարակության եւ պատանեկան արդարադատության ներդրմանը:

Հանդիպման մասնակիցները նշել են նաեւ ԶԼՄ-ների գործունեության մեջ բարոյական չափման զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են շրջաններում սոցիալական քաղաքականության եւ եկեղեցական-պետական համագործակցության տարբեր ասպեկտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել