Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵԶՈՒՆ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ «ՆԱՐԵԿԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է»

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Այս կարծիքին է Նարեկաբուժությամբ զբաղվող բժիշկը

«Մեր ժողովուրդը խոսքի բուժման հանդեպ թերահավատ է»,- ասում է Նարեկաբուժությամբ զբաղվող բժիշկ, հոգեբան Արմեն Ներսիսյանը:

Արդեն 15 տարի Ա. Ներսիսյանը զբաղվում է Նարեկաբուժությամբ: «Մասնագիտությամբ լինելով հոգեթերապեւտ, երկար տարիներ ուսումնասիրել եմ տարբեր խոսքի բուժումներ՝ հիպնոթերապիա, հոգեվերլուծություն: Ուսումնասիրություններիս արդյունքում պարզել եմ, որ այդ բոլորը բավարար չեն մարդու լիարժեք բուժման համար: Գիտական հայկական բժշկություններն ինձ տարիների ընթացքում ուղղեցին դեպի մեր արմատները: Թե արվեստի եւ թե գիտության մեջ՝ խոսքն ավելի հիմնավոր է, որը հիմնվում է արմատներիդ վրա: Արմատների մեջ կա գենետիկ հիշողություն, այսինքն՝ մենք որքանով կանք, մեր մեջ կա նաեւ այդ անցյալը, մենք անցյալինն ենք: Ցանկացած նորը, որը չունի անցյալի վրա հիմնավորված մի բան, չի կարող հիմք ստանալ»,- ասում է Ա. Ներսիսյանը:

Մարդկային բժշկության մեջ Գրիգոր Նարեկացու դերի եւ նշանակության մասին բժիշկը փաստեց. «Դարեր ի վեր Նարեկացին հայտնի է եղել որպես 10-րդ դարի փիլիսոփա, գիտնական: Բացի այդ, ժողովրդի մեջ տարածված է եղել նրա «Մատյան ողբերգության» աղոթագրքի միջոցով տարատեսակ հիվանդությունների բուժումը: Դրա միջոցով հիվանդությունների բուժումը խելացնորություն չէ, ինչպես ժողովուրդն է կարծում: Երկար տարիներ «Նարեկ» կարդալով՝ մարդկային տարբեր հիվանդություններ են բուժել»:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, Նարեկաբուժության պրոցեսը տեղի է ունենում Նարեկ կարդալով, լսելով. «Նարեկը» բոլորի համար ծառայում է որպես ճանապարհի ուղենիշ՝ մոլորվածների, հիվանդների, հանցավորների, մեղանչածների, անհույսների՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անգամ՝ դավանանքից»: Բժշկի փոխանցմամբ, «Նարեկը» ցուցված է բոլոր հիվանդություններին՝ անկախ ախտորոշումից. «Ուռուցքներ, շաքարային դիաբետ, ինֆարկտ, արյան բարձր ճնշում, հոգեկան, մաշկային հիվանդություններ եւ այլն: Քանի որ այն ուղղված է հոգու եւ մտքի խանգարումների դեմ, որոնք երեւում են մարմնի տարբեր օրգանների վրա՝ ցավերի, բորբոքումների եւ ֆունկցիոնալ խանգարումների ձեւով: Ցավոք սրտի, հոգու եւ մտքի խանգարումները, որպես հիվանդությունների սկզբնապատճառ, լրջորեն չեն գիտակցվում եւ չեն բուժվում: Այդպիսով՝ հիմք դառնալով անբուժելի կոչվող քրոնիկական հիվանդությունների համար: Այնուամենայնիվ, այսօր ժամանակակից բժշկությունը կամաց-կամաց հանգում է այն համոզմանը, որ շատ հիվանդությունների՝ տուբերկուլյոզի, գլաուկոմայի, չարորակ ուռուցքների եւ այլնի առաջացման հիմքերը պետք է փնտրել մարդու հոգեկան աշխարհի մեջ: Այդ հիվանդությունները որակվում են որպես հոգեմարմնական հիվանդություններ»:

Ա. Ներսիսյանի ձեւակերպմամբ՝ շատերը չեն հավատում, որ «Նարեկով» կարելի է բուժվել. «Մարդիկ թերահավատորեն են վերաբերվում խոսքի միջոցով հոգու եւ մարմնի բուժմանը: Չեն վստահում եւ շատերի համար այդ մեթոդը տարօրինակ է: Այսօր «Նարեկն» ամենատարածված գիրքն է: Կարդալով կամ լսելով «Նարեկ»՝ մարդիկ ուղղվում են դեպի ճշմարիտ հավատը, զերծ մնալով տարածված աղանդավորական շարժումներից: Այս գիրքը բացարձակ ճշմարտության մասին է: Իսկ բացարձակ ճշմարտությունը աստվածային սերն է: Դրան հանգելու համար անհրաժեշտ է կյանքի անանձնական ըմբռնում, որ հնարավոր է խորը ներանձնային ինքնազննումից, քավությունից եւ ինքնամաքրումից հետո»:

Ա. Ներսիսյանը նկատեց. «Նարեկաբուժությունն արդեն կիրառվում է հոգեթերապիայի մեջ՝ որպես բիբլիոթերապիայի հզորագույն միջոց: Այն խաղաղեցնում է մարդու ներաշխարհը, կարգավորում հույզերը, աֆեկտները, տրամադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, հարթում է ներանձնային եւ միջանձնային փոխհարաբերությունները: Հիվանդի մոտ կարգավորվում է քունը, ախորժակը, անցնում են վախերը, թեթեւանում եւ վերանում են դեպրեսիվ, նեւրոտիկ երեւույթները»:

Ըստ մեր զրուցակցի, հոգեթերապիայի մեջ Նարեկաբուժությունը իբրեւ հիվանդին առողջացնելու միջոց՝ համազոր այլընտրանք չունի. «Հիվանդը ինքնուրույն ինքնագիտակցման եւ զղջանքի ճանապարհով կարող է ազատվել իրեն ճնշող մտքերից, հույզերից: Փոփոխությունը կատարվում է բավական արագ, ի տարբերություն հոգեվերլուծության, որը երկարատեւ գործընթաց է եւ հաճախ՝ անարդյունավետ: Նարեկաբուժության արդյունավետությունը կախված է խոսքի բուժման հանդեպ հիվանդի հավատից»:

Հարցին, թե ովքե՞ր են հիմնականում հակված Նարեկաբուժությամբ ապաքինվելուն, բժիշկն ասաց. «Առավել հակված են երեխաները, որոնց պարզ ու ջինջ հոգին միանգամից ընկալում եւ ընդունում է ամենազորեղ դեղամիջոցը՝ Աստվածային խոսքը»:

Նարեկաբուժության տարածման ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին էլ Ա. Ներսիսյանն ասաց. «Խորհրդային տարիներին, երբ սկսեցի լրջորեն զբաղվել Նարեկաբուժությամբ, դրա մասին խոսելը, բարձրաձայնելն արգելված էր: Մինչեւ 90-ական թվականները, «Նարեկը» վերափոխված էր որպես պոեմ, դպրոցներում «Մատյան ողբերգությունը» ներկայացվում էր որպես գեղարվեստական ստեղծագործություն, Նարեկացին էլ՝ որպես պոետ: Դա ուղղակի խեղաթյուրում էր, եւ մարդկանց մեծ մասը մինչ օրս այդպես էլ ընկալում է: Ինչպես այսօր, այնպես էլ այն տարիներին, ինչ-որ մեկին համոզել, որ «Նարեկով» հնարավոր է հիվանդություն բուժել՝ շատ դժվար էր: Դրա համար երկար տարիներ պահանջվեց: Իմ խնդիրը եղավ «Նարեկը» հասկանալ եւ ներկայացնել նրա բուժիչ ազդեցությունը: Այդ առիթով 2005-ին եւ 2008-ին թողարկեցի «Նարեկի» երկու սկավառակ, որոնք ես տրամադրում եմ իմ հիվանդներին»:

Հավելենք, որ ամիսներ առաջ Ա. Ներսիսյանը Նարեկաբուժությունը՝ որպես մարդու ապաքինման միջոց, ներկայացրել է Նյու Յորքում կայացած Համահայկական բժշկական 10-րդ կոնգրեսին. «Ամերիկացիներին, օտարազգիներին ներկայացրի Նարեկաբուժությունը՝ ցույց տալով նրա բուժիչ ազդեցությունը՝ դրանց կցելով փաստեր, ապաքինված մարդկանց խոստովանություններ: Նպատակս էր աշխարհին ասել, որ «Նարեկը» միայն հայերի համար չէ, որ հայերեն լեզվով կարելի է կարդալ, լսել, իսկ լեզուն չհասկանալու դեպքում էլ «Նարեկի» ազդեցությունը նույնն է: Անկախ ազգությունից, տողերը իրենց բուժիչ եւ հանգստացուցիչ ներգործությունն ունեն: Այս ամենի արդյունքում ամերիկացի բժիշկները եւս արդեն կիրառում են Նարեկաբուժությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել