Լեհաստանի Շչենցին քաղաքից երեկ ուրախալի լուր ստացվեց: Այստեղ ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Կարեն Այլազյանը քառորդ եզրափակիչում միավորների համոզիչ առավելությամբ՝ 5:0, պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Իգոր Օսիպովին եւ մտել է կիսաեզրափակիչ՝ իր եւ թիմի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կարենը հիմա սպասում է Դոմինիկ Պոլակի (Լեհաստան)-Ստեֆան Իվանով (Բուլղարիա) հանդիպման հաղթողին:
Հաջող է մեկնարկել նաեւ +91 կգ քաշային Հովհաննես Օհանյանը, որը, մեկնարկելով 1/8 եզրափակիչից իր առաջին մարտը 2-րդ ռաունդում, ավարտել է հաղթանակով՝ առավելության հասնելով Ուկրաինայի հավաքականի անդամ Վոլոդիմիր Տրոցկու նկատմամբ: Այս հաղթանակից հետո մեր ճանաչված բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանի եղբայրը երկրորդ մարտն անցկացնելու է խորվաթ Դինո Մանսուրի հետ:
Ինչ վերաբերում է Ազատ Դավթյանին (91 կգ քաշային կարգ), որը մասնակիցների սակավության պատճառով պայքարն սկսելու էր քառորդ եզրափակիչից եւ առաջին իսկ հաղթանակի դեպքում նույնպես տիրելու էր նվազագույնը «բրոնզի», առաջնության պաշտոնական կայքում երեկ երեկոյան դեռեւս տեղեկություն չկար: