Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին հանգիստը՝ վճռորոշ ճակատամարտից առաջ

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Ջերմուկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկությունում երեկ մասնակիցներին հանգստի երկրորդ եւ վերջին հնարավորությունն էր ընձեռվել:

\"\"Մրցաշարի մամուլի քարտուղար, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանից երեկ ցանկացանք տեղեկանալ, թե կազմակերպիչները միջոցառումների ի՞նչ ծրագիր են կազմել: «Անկեղծ ասած, իմ պարտականությունների ընդգրկման շրջանակներն այնքան մեծ են ու անելիքն այնքան շատ, որ այդ հարցով մանրամասն հետաքրքրվելու ժամանակ չեմ ունեցել,- ասաց նա:- Որքան գիտեմ, շախմատիստների, նրանց ուղեկիցների եւ հյուրերի համար էքսկուրսիաներ պետք է կազմակերպվեն Ջերմուկ քաղաքում»:

Հարցին, թե հանգստյան առաջին օրը, երբ տարել էին Նորավանք, աշխարհ տեսած գրոսմայստերները վանական համալիրից ինչպիսի՞ տպավորություններով էին վերադարձել, Լիլիթը պատասխանեց. «Բոլորն էլ հիացած ու զարմացած էին թե բնաշխարհով, թե 12-14-րդ դարերում կառուցված ճարտարապետական այդ գլուխգործոցով: Կարծում եմ, շատերն առաջին անգամ էին սեփական աչքով տեսնում այդքան գեղեցիկ լեռներ ու ձորեր: Հավատացած եմ, որ բոլորն էլ բնության ու հայ մարդու արարչագործության այդ ներդաշնակությունը երկար ժամանակ չեն մոռանա»:

«Grand Prix»-ի պաշտոնական կայքում ամեն օր տեղադրվող լուսանկարային ռեպորտաժները պատմում են, որ Ջերմուկում շախմատիստների համար ոչ միայն մրցումային, այլեւ հանգստի լավագույն պայմաններ են ստեղծված: Ոմանք նախընտրում են ազատ ժամանակը տրամադրել զբոսանքին, մյուսները՝ բացօթյա սրճարանում մեկ գավաթ սուրճ կամ թեյ վայելել: Եվ, ինչպես երեւում է, շախմատիստները դեմ չեն իրենց հարաբերությունները պարզել նաեւ թենիսի սեղանի մոտ՝ թեկուզ «վրեժխնդիր» լինելով խաղատախտակի առջեւ կրած պարտության դիմաց:

Այսօր սկսվում է մրցաշարի վճռորոշ փուլը: 10-րդ տուրի զույգերն են. Պետեր Լեկո-Վլադիմիր Հակոբյան, Լեւոն Արոնյան-Դմիտրի Յակովենկո, Էռնեստո Ինարկիեւ-Էտյեն Բակրո, Վասիլի Իվանչուկ-Սերգեյ Կարյակին, Եվգենի Ալեքսեեւ-Պավել Էլյանով, Իվան Չեպարինով-Բորիս Գելֆանդ, Գատա Կամսկի-Ռուստամ Կասիմջանով: Գրոսմայստերները խաղատախտակների առջեւ կնստեն չորս անգամ, եւ պայքարի ավարտին հայտնի կդառնա ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի հինգերորդ խաղարկության հաղթողի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել