Կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
«Անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա եւ առիթից օգտվելով, Աբդուլլա Գյուլին ասել խոստումների կատարման, դրժման մասին, որովհետեւ, եթե հայ-թուրքական այս երկխոսությունը ձախողվի, նոր առիթ դժվար թե ստեղծվի»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Անդրադառնալով վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Թուրքիա չի մեկնի՝ մինչեւ սահմանի բացվելը, Հ. Չաքրյանը նշեց. «Որոշ քաղաքական ուժեր այդ քայլը սկսել են շահարկել. մի մասը անկեղծ մտահոգություններ է հայտնում, իսկ փորձագետներն ու քաղաքագետները, հաճախ տեղեկատվություն չունենալով, հեռու գնացող հետեւությունների մասին են խոսում»: Բացատրելով նախագահի խոսքերի իմաստը, թուրքագետն ասաց. «Սպասվում էր, որ Շվեյցարիայում ծավալվող հայ եւ թուրք դիվանագետների շփումների արդյունքում թուրքական կողմը ընդառաջ քայլ կկատարեր սահմանի բացման հարցում: Իրենք իրենց խոստումը դրժել են, այդ պատճառով նախագահը հրաժարվում է պատասխան խաղի համար Թուրքիա այցելել»: Նրա ձեւակերպմամբ, թեեւ թուրքերը մեղավոր են, բայց մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ արեւմտյան տերությունները. «Մասնավորապես ԱՄՆ-ն ու Եվրամիությունը. նրանք ողջունում էին հայ-թուրքական երկխոսությունը: Այնպիսի տպավորություն էին ստեղծել իրենց հայտարարություններով, որ Հայաստանը մերձենում է Թուրքիային: Իրականում նման բան չկար, այլ միայն երկխոսություն էր, որը պիտի հանգեցներ ոչ թե մերձեցմանը, այլ սահմանի բացմանը: Եթե սահմանը փակ է, կա շրջափակում, թուրքական կողմը դիվանագիտական հարաբերությունների համար առ այսօր չի հրաժարվում Հայաստանին նախապայմաններ առաջադրելուց, ի՞նչ մերձեցման մասին կարող է խոսք լինել: Իսկ երկխոսությունից հրաժարվելու դեպքում կլինեինք կայունությանն ու խաղաղությանը հակադրվող անհաշտ երկիր»: Ըստ Հ. Չաքրյանի, եթե նախագահը չմեկնի պատասխան խաղին, թուրքերն ի լուր աշխարհի կհայտարարեն, որ նույնիսկ ֆուտբոլային խաղի համար է հայկական կողմը նախապայման առաջադրում:
Բանախոսն ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի խոսքերը նախապայման առաջադրելու դրսեւորում են, նշեց. «Նախապայման առաջադրողը մենք չենք, այլ Թուրքիան է, որը 1991-ից սկսած՝ դիվանագիտական հարաբերությունների համար անընդհատ նախապայմաններ է դնում»:
Հ. Չաքրյանի բնորոշմամբ, բացի դիվանագիտական հմտությունների պակասից, գոյություն ունեն միջազգային իրավիճակի հետ կապված առանձնահատկություններ: Նրա խոսքով, դիվանագիտական հմտությունը նաեւ տվյալ երկրի՝ ռազմական, տնտեսական եւ քաղաքական կարողություններից է կախված: «Կողմերի հարաբերությունների բարելավման համար անընդհատ Հայաստանի եւ Թուրքիայի վրա ճնշումներ էին գործադրվում: Սակայն միջազգային ուժերից ո՛չ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չեն նկատում, որ Հայաստանն ու Թուրքիան պատերազմական իրավիճակում չեն, բայց շարունակում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ առաջադրել»: Ինչ վերաբերում է պայմանների ազդեցությանը՝ «Պայմանների մերժման դեպքում հայտնվում ես անհաշտ երկրի կարգավիճակում, որը չի ուզում տարածաշրջանում կայունություն, խաղաղություն կամ համագործակցություն: Եթե կարողությունները թույլ են, դիվանագիտական ասպարեզում էլ հնարավորությունները սահմանափակ կլինեն»:
Թուրքագետի կարծիքով, երկու երկրների միջեւ մերձեցումը նախ թուրքերին է անհրաժեշտ, քանի որ նրանց վարած թշնամական քաղաքականությունը չի արդարացվել. «Թուրքիան ձախողվել է Հայաստանի հետ հարաբերություններում, որովհետեւ, չնայած դիվանագիտական ճնշումներին ու սպառնալիքներին, մենք կարողացել ենք գոյատեւել եւ որոշակի տնտեսական աճ արձանագրել: Թուրքիան ուզում էր ազդեցության տակ վերցնել Հարավային Կովկասը, բայց ոչ միայն չկարողացավ դա անել, անգամ դիրք էլ չգրավեց: Գաղտնիք չէ, որ Թուրքիան միջազգային նորմերի նկատմամբ միշտ է լկտի, շահամոլ վերաբերմունք ցուցաբերել»: