Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք «ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐԻՆ» ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Հայաստանում դեռ ոմանք իրենց անփոխարինելի են համարում

Տեւական ժամանակ է՝ ինչ Գ. Սունդուկյանի, Ալ.Սպենդիարյանի անվան թատրոնները, Պարի պետական անսամբլը… չունեն գեղարվեստական ղեկավարներ:

Ժամանակին, երբ դիրիժոր Օհան Դուրյանը նշանակվեց Ազգային օպերային թատրոնի ցմահ երաժշտական ղեկավար, շատերը տարակուսեցին՝ բնավ կասկածի տակ չառնելով մաեստրոյի մեծությունն ու եզակիությունը: Տարակուսեցին, որովհետեւ անփոխարինելիության բարդույթը արդեն մեզ մոտ էլ էր արմատավորվում՝ այսպես ճանապարհ բացելով լճացման ու տեղապտույտների համար: Դուրյանն իր նշանակումը բացատրում էր հանգուցյալ Սպարապետի կամքով, իբր Վազգեն Սարգսյանն էր նման որոշում կայացրել… Կյանքը եւ դեպքերի հաջորդայնությունը ցույց տվեցին, որ տեղի չունեցավ մաեստրոյի եւ թատրոնի ստեղծագործական բարեկամությունը, որ այդպես էլ ծնունդ չառան հետաքրքիր եւ ինքնատիպ բեմադրություններ, քանի որ արդեն «ցմահ»-ի գաղափարը մեկին օժտում էր արտոնություններով, մյուսներին՝ զրկում ազատ արտահայտման հնարավորությունից: Մաեստրոն մեզանում միակը չէր, ով անփոխարինելի էր համարվում, որը պիտի մինչեւ իր օրերի վերջը ղեկավարեր թատրոններ եւ նվագախմբեր՝ այսպես պատնեշներ դնելով նոր սերնդի, ասպարեզ եկող տաղանդավոր երիտասարդության առջեւ: Այդ անփոխարինելիության զգացման պատճառով տարիներ շարունակ միեւնույն մարդիկ են ձեւավորում մեր թատերաերաժշտական եւ մշակութային «գեներալիտետը»՝ արդեն իսկ հոգնեցնելով իրենց անունների ներկայությամբ, իրենց կամաց-կամաց գորշացող եւ անհետաքրքիր դարձող ստեղծագործությամբ: Հենց նրանք էլ ծնել եւ շարունակում են «բարգավաճ» դարձնել ճահճացումը, ինչը, որքան էլ փորձենք «ազգասիրաբար եւ մշակութասիրաբար» ժխտել, կա եւ գոյություն ունի:

Անփոխարինելիության բարդույթը գրեթե հոգեգարության հասցրեց Ֆիլհարմոնիկ նվագախմբին, երբ այնտեղից ազատվեց Լորիս Ճգնավորյանը, այսօր կարող են ըմբոստացման եւ բողոքի ցույցեր սարքել Կապելլայի արտիստները, եթե հանկարծ հայտարարվի, որ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը պիտի վաստակած հանգստի անցնի՝ իր տեղը զիջելով առավել երիտասարդ մեկին:

Այսօր աշխարհում կերպարանափոխություններ են սկիզբ առել հատկապես երաժշտաթատերական արվեստներում, կինոյում, իսկ մենք չենք ուզում այդ ամենի առջեւ ճանապարհ բացել, որովհետեւ վախենում ենք անփոխարինելիներից, նրանցից, որոնք կարծում են, թե իրենց հեռացմամբ արեգակը դուրս կգա իր ուղեծրից, իսկ հայ արվեստն էլ կբռնի գերեզմանատան ճանապարհը… Այս անփոխարինելիության զգացումը թափանցել է նաեւ ակադեմիական գիտության մեջ՝ հատկապես իր համար տեղ բացել արվեստաբանության ոլորտում, ուր, ճիշտ է, երիտասարդների ընդունում են, սակայն շարունակում են ամեն ինչ կառուցել մասնակի կարծիքի մենաշնորհի վրա, այսպիսով՝ մեր արվեստաբանությունը դարձնելով գետնաքարշային, ապագիտական…

Գրեթե նույն ողբերգական վիճակն է տիրում պարարվեստի բնագավառում, հատկապես ազգային եւ ժողովրդական, որտեղ նույն անփոխարինելիներն են՝ վաղուց հնացած ճաշակներով, տրեխավոր եւ չուխայավոր մտածողությամբ… Ասում են՝ ազգային պարը մշտապես պետք է հարստանա նոր դրսեւորումներով, ժամանակի բերած գեղարվեստական սկզբունքներով՝ պահպանելով բնորոշն ու նախնականը: Բայց մեզ մոտ ինչպե՞ս դա զարգանա, երբ 1930-40 թվականների կոլխոզ-սովխոզային փառատոների դափնեկիրներն են դեռ ուղղություն տալիս պարարվեստին՝ անտեղյակ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին…

Նշանավոր արվեստագետներին պետք է հարգել ու գնահատել, պարգեւներով զարդարել նրանց, բայց հո չի՞ կարելի նրանց քայլող «արձանները» տեղադրել տարբեր կոլեկտիվների առանձնասենյակներում եւ հայտարարել, թե նրանք բացառիկ են, անփոխարինելի, թե ազգային արժեքները չի կարելի տեղաշարժել… Բայց, որքան գիտենք, արժեքների պահպանման տեղը թանգարանն է… Հա, թանգարաններում էլ այսօր դարձյալ անփոխարինելիներ կան, որոնք, չնայած շատ վաղուց անցել են կենսաթոշակային ռուբիկոնը՝ շարունակում են պաշտոնավարել… Հիվանդագին ու ցավագին զգացումներ են առաջացնում փոխարինումները, հանրային շարժումներ են ծնում, թշնամանք են ձեւավորում փոխարինողի ու փոխարինվողի միջեւ… Բայց ժամանակն է սթափ հայացքով նայել այս ամենին ու հասկանալ մի պարզ ճշմարտություն. շարժումն է ծնում տեսակների բազմազանությունը եւ առաջընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել