«Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ խոշոր աշխարհաքաղաքական խաղեր են ընթանում, եւ ես միշտ կարծել եմ, որ փոխզիջումային տարբերակը՝ Մադրիդյան փաստաթղթի տեսքով, ոչ այլ ինչ է, քան միջազգային ավանտյուրա», «Արմինֆոյին» տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այդ ավանտյուրան նմանվում է Ադրբեջանին Ղարաբաղի խաղաղ հանձնման ծրագրի, եւ Ղարաբաղում իբր հակամարտության սկզբում գոյություն ունեցող հայերի ու ադրբեջանցիների հարաբերակցության մասին Բրայզայի վերջին ենթադրությունները բոլորին ապացուցեցին դա,- ասաց Սարգսյանը: Փորձագետի կարծիքով, նման եզրակացության թույլ է տալիս հանգել տարածաշրջանում տիրող ընդհանուր մթնոլորտը, իսկ այնտեղ աշխարհաքաղաքական բաղադրիչի առկայությունն անվստահություն եւ վրդովմունք է հարուցում՝ համանախագահող երկրների յուրաքանչյուր գործողության դեպքում: Մ. Սարգսյանը նշել է, որ հենց դրանով է պայմանավորված թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբում ենթադրվող նշանակումների հետ կապված աղմուկը:
Ըստ պարոն Սարգսյանի, «Մեթյու Բրայզան հրաժեշտի համերգ տվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալուց առաջ: Համերգ, որը նաեւ յուղ լցրեց կրակի վրա, քանի որ Բրայզան ոչ միանշանակ դրույթ հայտնեց՝ հայտարարելով, որ Կոսովոն իր պայքարով է հասել սեփական անկախության ճանաչմանը»: