Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում ազատ է արձակվել ընդդիմության 10 ակտիվիստ: Այդ մասին, ըստ newsru.com-ի, հայտարարել է «Ալյանս հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով, ակտիվիստները ազատ են արձակվել ընդդիմության եւ ՆԳ ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ: Ընդդիմության առաջնորդների եւ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Քաղաքական գործիչները նախարարին էին ներկայացրել մի քանի տասնյակ մարդկանց ցուցակ՝ հայտարարելով, որ ազատազրկվածները քաղաքական հետապնդումների զոհ են: ՆԳ նախարարությունում խոստացան պատասխանել մեկ շաբաթից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընդդիմությունը մշտապես կարող է դիմել ՆԳ-ին՝ այն դեպքերում, երբ կարծում է, որ այս կամ այն մարդը ձերբակալվել է քաղաքական պատճառներով: Ազատ արձակված մարդկանց անուններն առայժմ չեն հրապարակվել, բայց Աբաշիձեն լրագրողներին հայտնել է, որ ՆԳ-ն մասամբ կատարում է իր տված խոստումները: Միաժամանակ հայտնի է դարձել, որ օգոստոսի 17-ին մի քանի տարվա ազատազրկման են դատապարտվել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ակտիվիստները: Նրանք մեղադրվում էին ապօրինի զենք եւ թմրանյութ պահելու համար: Իրենք՝ ընդդիմադիրները, գտնում են, որ մեղադրանքները շինծու են: