Գյումրիի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների թիվը 40-50%-ով պակաս է հատկացված տեղերից՝ հատկապես վճարովի համակարգում։ Այս հանգամանքը հարկադրել է բուհերի ղեկավարությանը մտածել դասախոսական անձնակազմի կրճատման մասին։ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, օրինակ, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի փոխանցմամբ, հատկացված 775 պլանային տեղերում սովորելու ընդունվել է ընդամենը 466 ուսանող։
«Ունենք մասնագիտություններ, որտեղ ընդունվել է ընդամենը 2-3 դիմորդ։ Ծանր վիճակում հայտնվեցինք։ 300 ուսանող վճարովի համակարգում պակաս է ընդունվել։ Դա նշանակում է, որ առաջին կուրսեցիների մոտ ֆինանսական հոսքը 50%-ով պակաս կլինի։ Ինստիտուտի ղեկավարությունը ստիպված ամբիոն առ ամբիոն նայում է… Կարծում եմ, ինստիտուտում կլինեն լուրջ կրճատումներ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Վարդեւան Գրիգորյանը։
Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում նույնպես ուսանողների պակաս կա 50 %-ի չափով։ Բուհ-ի պատասխանատու քարտուղար Հովհաննես Ենգոյանը տեղեկացրեց, որ հատկացված 235 տեղերից բուհ ընդունվել է 110 ուսանող, այդ թվում՝ 56 անվճար, 54 վճարովի ուսանող։ «Մենք պետք է ունենայինք 175 վճարովի, իսկ իրականում հիմա ունենք վճարովի 54։ Այսինքն՝ ֆինանսական տեսակետից սա, իհարկե, բավական մեծ կորուստ է բուհի համար։ Ստիպված կլինենք մտածել դրույքաչափերի պակասեցման, նույնիսկ կրճատման տարբերակների մասին։ Այսպիսի բան մենք երբեք չէինք ունեցել»,- նշեց Ենգոյանը։