Մարզերում մանկապարտեզների բացակայության պատճառով հազարավոր երեխաներ տարրական գիտելիքներ չեն ստանում
Այսօր հանրապետության մի շարք գյուղական բնակավայրերում մանուկներին բախտ չի վիճակվում հաճախել մանկապարտեզ՝ մի պարզ պատճառով. այդ վայրերում ընդհանրապես չեն գործում նախադպրոցական հիմնարկներ, մասնավորապես՝ մանկապարտեզներ: Պաշտոնական տվյալներով՝ այսօր շուրջ 440 համայնքում մանկապարտեզի շենքեր ընդհանրապես գոյություն չունեն, իսկ 212 համայնքում էլ մանկապարտեզի շենքերը կան, բայց չեն գործում, քանի որ գյուղապետարանից պատճառաբանում են, որ բավարար ֆինանսական միջոցներ չունեն:
Չնայած մոտ 1 տարի է, ինչ մեր երկրում ներդրվել է նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության եւ որակի ապահովմանը, սակայն առայժմ հազարավոր երեխաներ իրենց նախադպրոցական շրջանն անց են կացնում փողոցներում:
Նշենք, որ ծրագիրն իրականացնելու համար մեր կառավարությունը միլիոնավոր դոլարների վարկեր է վերցրել: Առայժմ ծրագիրը փորձնական իրականացվել է մի քանի համայնքներում՝ Շիրակի եւ Լոռու մարզերի որոշ բնակավայրերում:
Շիրակի մարզի Ողջի գյուղում դեռեւս 2003-ին Լոնդոնի «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամի կողմից ստեղծվել է մանկապարտեզ եւ գործել մինչեւ 2008 թվականը: Սակայն, երբ դադարեցվել է բարերարների ֆինանսավորումը, մանկապարտեզը փակվել է, որից հետո պետական ոչ մի կառույց հանձն չի առել արդեն պատրաստի հիմնարկն աշխատեցնել: Նույն մարզի Ազատան գյուղում էլ մանկապարտեզ չկա, իսկ երեխաներին հարեւան համայնքների մանկապարտեզներ տանելը ծնողների համար ուղղակի անհնար է՝ սոցիալական դրությունից ելնելով:
«Մեր կառավարությունն ընդունել է «2004-2015 թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր», որտեղ նշված է՝ նախադպրոցական հաստատությունների գործունեության խթանում: Կառավարությունն այս ծրագիրն ընդունել է, իսկ համայնքները չեն ֆինանսավորում, այն դեպքում, երբ մենք անցել ենք 12-ամյա կրթության եւ ամրագրել ենք նախադպրոցական՝ 5-6 տարեկանների պարտադիր կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքով: Ի՞նչ պիտի լինի այն երեխաների վիճակը, որոնք նախադպրոցական կրթություն չեն ստանալու»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Այս խնդրի շուրջ ԱԺ պատգամավորը քննարկում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ: Համայնքների ղեկավարները փոխվարչապետին էլ պատճառաբանել են, որ գումարներ չունեն, ուստի մանկապարտեզները փակել են, ինչին ի պատասխան՝ տիկին Բախշյանն ասել է. «Եթե գյուղապետերը գումարներ չունեն, ապա ինչպե՞ս հասկանանք Վերահսկիչ պալատի բացահայտումները, որ գյուղապետերը մի քանի տասնյակ միլիոններով անպետք սարքավորումներ են գնում՝ գումարներ լվանալով, կամ հողեր են վաճառում՝ խոշոր գումարներ գրպանելով: Ինչպե՞ս հավատանք, որ գումար չունեն: Ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի: Օրենք խախտած գյուղապետերը չեն պատժվում, նրանք մեր երեխաների համար նախատեսված գումարներն էլ են գրպանում: Ինչպե՞ս է նախագահը մի քանի տարի հետո նայելու մեր ապագա տապալված կրթությանը: Այս ամենը մեր երեխաների կրթության հաշվին է լինում, իսկ այն երկրում, որտեղ երեխայի կրթության համար տրամադրած փողը գողանում են, հափշտակում են՝ այդ երկիրը ապագա չունի»:
Գյուղական համայնքներում մանկապարտեզների աշխատել-չաշխատելու խնդրի լուծման տարբերակը, ըստ փոխվարչապետի, «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքն է (այն ներկայացվել է ԱԺ), որով հաշվարկված դոտացիան համայնքին թույլ կտա հոգալ առնվազն մեկ խումբ ունեցող մանկապարտեզի պահպանման ծախսերը:
Տիկին Բախշյանի վստահեցմամբ՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսված է բոլոր համայնքներում 5-6 տարեկանների համար նախադպրոցական կրթություն կազմակերպել, բայց, փաստորեն, ընդամենը մի քանի համայնքներում կան նման հաստատություններ. «Երեխաները պետք է նախքան դպրոց գնալը տարրական կրթություն ստանան, տարրական բաների ծանոթանան: Որքան ցածր տարիքից են սկսում ուսում ստանալ, այնքան ավելի արդյունավետ է լինում: Այսօր կրթություն են ստանում, դիպլոմ են ստանում ու ոչ մի բանի պիտանի չեն: Դրսում արդեն 3 տարեկանից են սկսում կրթություն տալ, իսկ մեզ մոտ անտեսվում է դա: Եթե ամեն գյուղում մի հատ լավ մամա գտնեն ու որպես դաստիարակ ընդունեն աշխատանքի, շատ լավ կլինի, գյուղում մանկապարտեզ պահելը շատ թանկ բան չէ»:
Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում շուրջ 30 նախադպրոցական տարիքի երեխա կա, որ սպասում են երկհարկանի իրենց մանկապարտեզի շենքի վերանորոգմանը: Քաղաքապետը խոստացել է 3 մլն դրամ տրամադրել, սակայն վերանորոգման համար պահանջվում է 10 մլն դրամ, ինչի համար դաստակերտցիները դիմել են պետական մարմիններին: Իսկ նույն մարզի Տարոնիկ եւ Նժդեհ գյուղերում առհասարակ մանկապարտեզ չկա, չնայած ծնողները շատ են ցանկանում իրենց երեխաներին նախադպրոցական կրթության տալ եւ պատրաստել տարրական դպրոցին:
«Առավոտի» հետ զրույցում կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Մելսիդա Սարգսյանն ասաց, որ մինչ ծրագրի ավարտը նախատեսում են գոնե 30%-ով ընդգրկել նախադպրոցական երեխաներին, առաջնահերթ՝ անապահով ընտանիքների. «Արարատյան դաշտավայրում ծնողը առավոտից մինչեւ երեկոյան 10-ը դաշտում աշխատում է, իսկ երեխան, մանկապարտեզ չլինելու կամ անապահով լինելու պատճառով փողոցում է լինում: Սա լուրջ խնդիր է, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Տիկին Սարգսյանի պատմելով՝ գյուղերից իրենք էլ նամակներ են ստանում, որով ծնողները խնդրում են գյուղի մանկապարտեզը բացել. «Մենք էլ ասում ենք, ախր դուք ընտրել եք այդ գյուղապետին, նա խոստացել է սոցիալական պայմանները բարելավել, դուք էլ նրանից պահանջեք, որ մանկապարտեզի համար գումար տրամադրի: Ընդ որում, ծրագրի, որը նաեւ Համաշխարհային բանկի կողմից է ֆինանսավորվում, իրականացման համար պետք է նաեւ մարզպետարաններն ու գյուղապետարանները այնպես աշխատեն, որ նախադպրոցական հիմնարկները գործեն»: