Լրացավ հայ կինոյի եւ թատրոնի անվանի, անխոնջ եւ համեստ մշակներից մեկի՝ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդի կողմից ժողովրդական դերասան ճանաչված Երվանդ Մանարյանի 85 տարին:
Ոչ ամեն արվեստագետի է հաջողվում իր գործունեության սկզբից մինչեւ հասուն տարիքը պահպանել հոգու, մտքի թարմությունն ու ավյունը, քաղաքացիական սկզբունքային կեցվածքը եւ մշտապես վայելել հասարակության սերն ու համակրանքը: Այսպիսի արվեստագետ է Երվանդ Մանարյանը, որի դերակատարումները հիացրել են շատ սերունդների եւ շարունակում են հիացնել նորերին: Մանարյանն իր տաղանդով եւ անդուլ աշխատանքով իրավունք է վաստակել քայլելու այն թատերական մայրուղով, որը բացել են նրա հզոր նախորդները, եւ հիրավի անջնջելի վաստակ ունի այդ մայրուղու շարունակականության պատասխանատու եւ դժվարին գործում:
Ժողովուրդների կյանքում լինում են ժամանակահատվածներ, երբ գաղափարական քաոսն է իշխում: Արվեստների եւ արվեստագետների համար նման իրավիճակը դաժան փորձություն է: Այդ փորձության միջով է այսօր անցնում հայ մշակույթը, այդ փորձությանն են փորձում դիմակայել հայ արվեստագետները: Ցավով պետք է փաստել, որ պատկերն ավելի տխուր է: Մտավորականը նա չէ, ով զբաղվում է միայն մտավոր գործունեությամբ: Մտավորականը նա է, ով դրան զուգահեռ մարմնավորում է ազգի խիղճը եւ չի երկնչում պայքարել այդ խղճի անաղարտության եւ հաղթանակի համար: Սա է Մանարյանի հավատո հանգանակը, ահա թե ինչու մերօրյա տխուր խորապատկերի վրա նա երեւում է որպես լուսավոր կետ, որպես ճշմարիտ Քաղաքացի-Մտավորական-Արվեստագետ:
Հասուն տարիքի իմաստնությամբ նա զրուցում է, հորդորում, խրատում: Իր տարիքի համար զարմանալի աշխուժությամբ նա փնտրում է, ձգտում ու գնում է դեպի գեղեցիկը եւ առանձնապես դեպի մանուկները:
Մանարյանը մանուկների հետ, նրանց շրջապատում իրեն լավ է զգում, եւ երեւի նրանց հոգու անմեղությունը, անկեղծ ծիծաղն ու զարմանքը դառնում են նրա համար էներգիայի անսպառ աղբյուր: Նրա ղեկավարած «Ագուլիս» մանկական թատրոնը, ուր երեխաները խաղում են երեխաների համար, մի լուսավոր օազիս է նրանց անաղարտ հոգիները անողոքաբար ալեկոծող հեռուստաեթերի աղբածովում:
Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի ավագ ընկեր եւ բարեկամ: Եղիր ինչպես եղել ես ու կաս՝ միշտ հավատարիմ քո արվեստին, քո խղճին: Ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու այս համընդհանուր հոգեւոր գորշությունը: Ուստի, դու շատ բան ունես ասելու եւ անելու քեզ սիրող եւ համակրող ժողովրդիդ համար:
Մաղթում ենք քեզ քաջառողջություն եւ երկար-երկար տարիների կյանք: