Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱԽԿՈՏԻ ՄԵԿՆ ԵՍ, ՍՏՐՈՒԿ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ»

Օգոստոս 20,2009 00:00

Ա. ՊՈՒՇԿԻՆ

Սկիզբը՝ նախորդ համարում

Եւ եթե հիշենք, որ հայերը բնակություն էին հաստատել ամբողջ Հյուսիսային Կովկասի քիչ թե շատ հայտնի մեծ ու փոքր կենտրոններում, որոնցից շատերը անմիջականորեն ստեղծել էին իրենք կամ դրանցում ունեցել էին մեծ ներդրում, ապա պարզ կդառնա հայերի ազդեցության էական նպաստը հասարակական հարաբերությունների ամբողջ գունաշարի կարգավորման ու զարգացման հարցում: Նշենք նաեւ, որ Հյուսիսային Կովկասի մասին ասվածը, մեր կարծիքով, ամբողջությամբ վերաբերում է նաեւ Հարավային Կովկասին, որտեղ հայերը ունեցել են նույն դերակատարությունը, ինչ Հյուսիսային Կովկասում: Դրանում համոզվելու համար բավական է հիշել 18-19 դարերի Թիֆլիսն ու Բաքուն: Դրա կողմնակի վկայությունն է նաեւ Պուշկինի պոեմում ամենեւին ոչ պատահական հայտնված՝ «Թիֆլիսցի մի հայ ապրանք էր բարձում» տողը:

Հարկ եմ համարում նշել, որ հիշյալ ռուսական քաղաքականությունը նորություն չէր: Նման քաղաքականություն հայերի նկատմամբ վարել են թե՛ բյուզանդացիները, թե՛ պարսիկները եւ թե՛ այլոք: Մյուս կողմից, անհրաժեշտ է նկատել, որ նման քաղաքականությունը բացառություն չէ, այն կիրառվել է բազմաթիվ այլ ազգերի, օրինակ՝ հույների, հրեաների նկատմամբ:

Խոսելով հայերի՝ Հյուսիսային Կովկասում ունեցած դրական դերակատարության մասին, թվում է, որ հայերս կարող ենք հպարտանալ այդ տարածաշրջանում ունեցած տնտեսական-մշակութային կարեւոր ազդեցությամբ, ինչպես նաեւ ակնկալել Ռուսաստանի հատուկ բարեհաճ վերաբերմունքը: Սակայն նման եզրակացություն կատարելուց առաջ թերեւս հարկ կլինի պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այսօր հայերն «անհետացան» Լեհաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Հնդկաստանից, Բիրմայից եւ բոլոր այն վայրերից, ուր ունեին հզոր համայնքներ, բազմաթիվ արտոնություններ, տնտեսական, հոգեւոր-մշակութային զարգացած գործունեություն, որի շնորհիվ էլ մեծ ազդեցություն՝ այդ երկրների պետական, հասարակական կյանքում: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանի, Վրաստանի հայ համայնքներին: Պատահականությու՞ն է այդ ամենը, թե՞ օրինաչափություն:

Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ երկրում հայ համայնքների վերացումն ունի միայն տվյալ երկրին հատուկ իր առանձնահատկությունները, սակայն այն հանգամանքը, որ այդ բոլոր երկրներում հայ համայնքները վերացել են կամ անգամ եթե գոյություն ունեն՝ կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը, վկայում է այն մասին, որ անպայման այդ ամենի հիմքում կա որոշակի պատմական անհրաժեշտություն եւ օրինաչափություն: Մեր կարծիքով, այդ երեւույթի հիմնական պատճառն այն է, որ որքան էլ հայն իր բարեմասնություններով հանդերձ ցանկալի է եղել այդ երկրների համար, այնուամենայնիվ, միշտ եղել եւ մնացել է օտար, միշտ խոցելի, որովհետեւ իր աշխատասիրությամբ, արդար քրտինքով ձեռք բերելով որոշակի հարստություն՝ առանձնացել է իր տեղական շրջապատից, դարձել, ինչպես ասում են, այդ շրջապատի «աչքի փուշը»՝ հատկապես ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Ելքն եղել է կա՛մ մերվել նրանց հետ, դառնալ նրանցից մեկը, այսինքն՝ ասիմիլացվել, կա՛մ հեռանալ: Երրորդը, կարծես թե, հնարավոր չէ:

Յուրաքանչյուր երկրում համեմատաբար հարուստներն ընդգրկվել են տվյալ երկրի վերնախավի, ազնվականության կազմում, վերջիններիս կողմից դրսեւորվել է որոշակի դրական վերաբերմունք ու հարգանք, եթե նրանք եղել են իրենց ազգակիցները, իսկ օտարները վայելել են այդ հարգանքը միայն որոշակի ժամանակահատվածներում: Սակայն նկատելի է նաեւ, որ տվյալ երկրի դժվարին վիճակներում (պատերազմներ, ճգնաժամային պայմաններ), իսկ այդպիսի վիճակներ լինում են բոլոր երկրներում, նրանք դարձել են թիրախ, հաճախ նրանց են վերագրվել այդ դժվարությունների ստեղծման պատճառները (օրինակ՝ հիտլերյան Գերմանիայում դրանք հրեաներն էին):

Խոսելով Ռուսաստանի համար հայերի կատարած, կարծում եմ՝ դրական աշխատանքների մասին, անհրաժեշտ է պարզել, թե ինչ եղավ հետո՝ արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին եւ ավելի ուշ: Եղավ այն, ինչ պետք է լիներ. այսինքն՝ Հյուսիսային Կովկասում, ինչպես նաեւ Ղրիմում Ռուսական կայսրության ամրապնդումից հետո գործում էր ռուսական իրավակարգը, ձեւավորվեցին կայսրության համար ցանկալի հասարակական, հոգեւոր-մշակութային, տնտեսական հարաբերություններ: Կյանքը մտավ ռուսական պատկերացումներին համապատասխան բնականոն հուն: Եվ այդ պայմաններում որեւէ ազգի (այդ թվում՝ ռուս) արտոնությունները կլինեին անհասկանալի, ուստի եւ դրանք վերացվեցին: Հայերը, իհարկե, կարող էին շարունակել ապրել, սակայն այլեւս պետք չէին ո՛չ հայկական եկեղեցիները, ո՛չ դրանք սպասարկող քահանաները (որոնց անհրաժեշտությունն այդքան կարեւորում էր Պոտյոմկինը), ո՛չ հայկական դպրոցները, ո՛չ էլ հայկական մշակույթը եւ, առհասարակ, ռուսներին հարկավոր էր իրենցը՝ ռուսականը (ուղղափառ եկեղեցին, ռուսական դպրոցը, ռուսական մշակույթը եւ այլն): Հայերը դարձան ընդամենը «կովկասյան ազգության» ներկայացուցիչներից մեկը: Ինչ վերաբերում է «կովկասյան ազգություն» գիտական առումով անիմաստ հասկացությանը, ապա անհրաժեշտ է հասկանալ, որ այդ անիմաստությունը դարձավ եւ մինչեւ օրս էլ որոշակի քաղաքական հիմնախնդիրներ լուծելիս շարունակում է մնալ ռուսական ներքին քաղաքականության իմաստը: Սակայն սա խոսակցության այլ թեմա է:

Հոդվածը գրելիս չանդրադարձանք պատմական աղբյուրներին, չվկայակոչեցինք հայտնի ռուս պատմաբաններին, այլ բավարարվեցինք միայն հիշատակելով հիմնականում Պուշկինին: Բանն այն է, որ դրանց անդրադառնալը պարզապես կմեծացներ հոդվածի ծավալը՝ որեւէ նորություն չավելացնելով ասվածին: Նշենք միայն, որ ռուս մտավորականության մի զգալի հատված քաջածանոթ է այդ ամենին եւ տարբեր առիթներով հիշատակում է հայերի բարեմասնությունները, հատկապես հայկական միջավայրում, եւ արժանանում մեր համակրանքին: Ավելին, այդ ամենին շատ լավ ծանոթ է ռուս քաղաքական վերնախավը եւ հատկապես տարատեսակ ընտրություններից առաջ անպայման հիշում է հայերի կատարածը՝ ակնկալելով նրանց քվեն:

Ծանոթանալով հայերի եւ օտար պետությունների փոխհարաբերություններին վերաբերող հայ պատմիչների, պատմաբանների, գրողների եւ այլոց գնահատականներին՝ հաճախ կարելի է հանդիպել այսպիսի տեսակետ. հայերիս դավաճանեցին, մեզ հետ անարդար կամ անազնիվ վարվեցին, ծախեցին, այսօրվա ժարգոնով ասած՝ «քցեցին», մոռանալով, որ յուրաքանչյուր պետություն հետամուտ է միայն իր շահին, հատկապես քաղաքական շահին: Երբեմն կարող է պաշտպանել նաեւ քո շահը, եթե միայն այն ձեռնտու է իրեն: Հետեւաբար ոչ թե պետք է նեղանալ, մեղադրել օտարներին, այլ սովորել վարվել նրանց նման՝ պաշտպանել սեփական ազգային, պետական, քաղաքական շահը: Այս հայտնի պնդումին (աքսիոմին, դոգմային, սկզբունքին) հետեւելով՝ մնում է կատարել միակ եզրակացությունը:

Մեր ստեղծարար անսպառ կարողությունները որքա՜ն երկար ներդրել ենք օտարի հողում՝ ժամանակավոր լինելու մեր զգացողությունը մի պահ մոռանալով՝ ուրախացել, հպարտացել ենք մեր հասցեին արվող գովեստներից, դրանով կրկնապատկել մեր ջանքերը, ու հանկարծ, ուշ, շատ ուշ դարձյալ վերապրել նույն զգացողությունը՝ տվյալ վայրում մեր անհաստատուն լինելու իրողությունը: Ավետիք Իսահակյանի մտորումի հանգույն՝ «Հայրենիքից դուրս ամեն ինչ աշխարհի ծայրին է». խորհենք եւ գումարյալ ջանքերը Հայրենիքի՝ մեր մնայուն Կենաց տան շենացմանն ուղղենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել