Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Օգոստոս 20,2009 00:00

Հայաստանում ապրել կարողանալը արվեստ է, իսկ երկու ամիս Հայաստանում ապրած սփյուռքահայը հրաժարվել է այստեղ մշտապես ապրելու մտադրությունից:

\"\"

\"\"
Սփյուռքահայ այս պարմանուհիների եւ Նանորի համար տարօրինակ է, թե հայաստանցիները
ինչպես են հաջողությամբ համադրում չքավորությունն ու ուրախությունը:

\"\"

Նանոր Բալաբանյանը լիբանանահայ է, ապրում եւ սովորում է Կալիֆոռնիայում, ապագա տնտեսագետ է: Հայաստանում է տարբեր երկրներից եկած սփյուռքահայ 26 ուսանողների հետ, որոնք այստեղ են՝ իրենց ուսումնական պրակտիկան հայրենիքում անցկացնելու նպատակով: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում իր պրակտիկան անցկացնող Նանորը խոստովանում է, որ Նահանգներում, որտեղ հիմա ապրում է՝ «ավելի դժվար է պրակտիկաներու մեջ մտնել»: Ուսանողները պատմում են, որ երբ ինտերնետից տեղեկացել են ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրի մասին, ըստ որի՝ Սփյուռքի ուսանողների համար Հայաստանում պրակտիկ կրթության ծրագիր է իրականացնում, շտապել են կամավորագրվել: «Երկու նպատակ ունեի. նախ, որ պրակտիկա կունենայի, ապա՝ մոտիկից կծանոթանայի հայրենիքիս ու կշփվեի հայերու հետ»,- իր շահագրգռությունը այսպես է հիմնավորում Նանոր Բալաբանյանը:

Արդեն երկու ամիս է, ինչ ուսանողներն այստեղ են: Հասցրել են նկատել, որ Հայաստանում ապրելը բավականին թանկ հաճույք է: Ապագա քաղաքագետ, կանադացի Նաիրի Քարաքաշը նույնիսկ նկատել է, որ մարդիկ այստեղ շատ աշխատում են, քիչ՝ վարձատրվում: Զարմացած է տաքսիների աշխատանքից՝ վարորդները ողջ օրն աշխատում են՝ հրաժարվելով հանգստի իրենց իրավունքից:

Երեւանի հիվանդանոցներից մեկում իր պրակտիկան անցկացնող Մեղեդի Շահնազարյանին էլ զարմացրել է հիվանդանոցում տիրող անփութությունը: «Ամերիկայի հիվանդանոցներում բոլորը փակ կոշիկներով են, իսկ այստեղ կրունկներով կոշիկներ են հագնում, արյան հետ գործ ունենալու դեպքում էլ՝ ձեռնոց չեն հագնում: Սա շատ վտանգավոր է»,- զարմանում-արձանագրում է Մեղեդին: Իսկ նյույորքաբնակ հոգեբան Քորին Օզբեքն անհանգստացած է մանկատան երեխաների հոգեվիճակից: Այն մանկատանը, որտեղ Քորինը պրակտիկա է անցնում, երեխաները նկարում են միայն մուգ գույներով: «Այդ պզդիկները հոգեկանի հետ կապված լուրջ պրոբլեմ ունեն, իսկ դաստիարակները դա չեն նկատում»,- ասաց Քորինը:

Ուսանողների գերծանրաբեռնված գրաֆիկը հարուստ է հայաստանյան ու արցախյան շրջագայություններով, բայց նրանք իրենց հանգստյան օրերը նույնպես նվիրել են այցելություններին: Եղել են հիմնականում այնպիսի բնակավայրերում, որտեղ արեւմտյան քաղաքակրթությունը դեռ տիրոջ կարգավիճակ չունի, անգամ հյուր չի եղել: Բայց «շատ սիրեցի գյուղերու մեջ մարդոց տրամադրությունը: Նույնիսկ, եթե փող չունին, ոչինչ չունին, էլի ուրախ են»,- ասաց Նանորը: Իսկ ամենամեծ տպավորությունը մեր հայրենակիցը ստացել է Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում:

Ախպրաձորը Վարդենիսի տարածաշրջանում է, աչքից հեռու, Նանորի ձեւակերպմամբ՝ կորած գյուղ է, որտեղ հասնելու ճանապարհն այնքան քարքարոտ ու դժվարանցանելի է, որ կարելի է ասել՝ գոյություն չունի: Անգազ գյուղում նույնիսկ խանութ չկա. գյուղացին սպառում է այն, ինչ արտադրում է: Բուժկետ էլ չունեն, որ կարիքի դեպքում առաջին բուժօգնություն ստանան: Գյուղացիներն իրենց այցելած սփյուռքահայ ուսանողներին ասել են, որ աշխատում են չհիվանդանալ, իսկ երբ հիվանդանում են՝ մեռնում են:

Ախպրաձորի միակ լուսավոր կետը դպրոցն է, որտեղ 90 աշակերտ է սովորում: «Այդ պզդիկները մարդոց հետ շփվելու կարոտ ունեին: Մեր այցից շատ ուրախացան, լավ է, որ ՀԲԸՄ-ն օգնեց՝ դպրոցական ու հիգիենայի պարագաներ տարանք նրանց: Զգացինք, որ դրանց պետքը շատ ունեին: Հոգեւոր շփումի կարիք էլ ունեին: Մենք՝ 20 ուսանողներով, խումբերի բաժանվեցինք ու կարեւոր բաներ սովրեցրինք: Օրինակ, գիտելիք տվեցինք առաջին բուժօգնության մասին, անգլերեն պարապեցինք, նկարչության ու պարի դասեր տվեցինք: Զարմանալի ժողովուրդ են. ոչինչ չունեն, բայց ուրախությունը երեսներուն վրա է»,- հայաստանցի հայի տոկունությունից զարմացած է լիբանանցի հայը:

Նանորին եւ նրա ընկերներին զարմացրել է նաեւ ախպրաձորցիների հյուրասիրությունը. «Իրենք ուտելիք չունեին, բայց մեր պտույտի վերջ մեզ համար ոչխար մորթեցին, ինչ գտան՝ բերին-հյուրասիրին»:

Գյուղի դպրոցին ՀԲԸՄ-ն աշակերտական նստարաններ, գրատախտակներ ու քարտեզներ է նվիրել, իսկ Ախպրաձորը «հայտնաբերած» Նանորն այդ գյուղի ու դրա բնակիչների մասին ֆիլմ է նկարել, որը ցուցադրելու է Սփյուռքի գաղթօջախներում: Ասում է՝ ֆիլմում ներկայացնելու է Ախպրաձորի ու տառապանքի գնով ապրող ախպրաձորցիների կյանքն այնպես, ինչպես որ կա: Կարծում է, որ իր արած գործը բարի պտուղներ կտա ու կգտնվեն սփյուռքահայեր, որ կցանկանան օգնել գյուղին: Բայց ամենից առաջ Նանորն ուզում է Ախպրաձորի անանցանելի ճանապարհի վրա ուշադրություն հրավիրել՝ «Ամեն հնարավոր բան անելու եմ՝ այդ ճանապարհի վերակառուցումը իրականացնելու համար»:

Առաջին անգամ Նանորին հանդիպեցի հուլիսի 3-ին, նրա՝ Հայաստանում լինելու 10-րդ օրը: Ոգեւորված պատմում էր, որ հեռաձայնել է տուն ու ծնողներին ասել, որ ուզում է մշտապես մնալ, ապրել ու աշխատել հայրենիքում: Ասաց նաեւ, որ այլոց էլ է խորհուրդ տալու Հայաստանում տնավորվել: Իսկ վերջին հանդիպմանը Նանորն իր ցանկությունը էականորեն սրբագրել էր. Հայաստանում նա իրեն միայն աշխատողի կարգավիճակում է տեսնում, այն էլ՝ 1-2 տարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել