Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիսը ցույց է տվել, թե ինչ է մարդասիրությունը

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Նամակն ուղղվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

– Ես Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ մանկությունից, մեր չքնաղ Կիլիկիայի ծննդավայր Ալեքսանդրեթ քաղաքից: Նրա հայկական ինքնության՝ ազգային պատկանելության առթիվ ունեցած սերն ու հարգանքը գենետիկ ժառանգություն է՝ ոչ մեկ անգամ թուրքական բանտերում ազատազրկված, մուսալեռցիներիս հայտնի հորից ստացած:

Ինչպես մեր մանկությունը, այնպես էլ տարիներ հետո մեր ծննդավայրերը պարտադիր լքած սփյուռքահայի տարաբախտ տարիները Ֆրանսիայում միասին ենք ապրած:

1988-1989թթ. Փարիզում եւս կազմակերպված Արցախյան համազգային շարժմանը զորավիգ կանգնելու տարաբնույթ գործունեության մասնակիցների շարքերում հենց առաջիններից է եղել: Եվ արցախյան արդար դատին իր անկեղծ նվիրումը նա գործնական շատ քայլերով ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ եվրոպական մի քանի երկրներում կազմակերպված հացադուլ, պիկետ, ստորագրահավաք, միջոցառումների նախաձեռնման առաջնորդողի դերում հանդես գալով ապացուցել է: Ես այդ բոլոր աշխատանքների վկան ու նաեւ ակտիվ մասնակիցներից մեկն եմ:

Մենք մի քանի նվիրյալ ընկերներով միասին երկար տարիներ փորձել ենք մեր ուժերի ներածի չափով նյութապես օժանդակել Արցախի ինքնապաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանի վրա դրած ազատամարտիկներին՝ կամավորներից սկսած, վերջացրած ԼՂՀ պաշտպանության բանակի տարատեսակ պահանջները բավարարելը: Սարգիսը համահիմնադիրն էր մեր կազմակերպության եւ այն ներկայացրել է թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում՝ մոտ 10 տարիներ: Աշխատել է միայն կամավոր հիմունքներով՝ առանց վարձատրություն ստանալու:

Իր Հայաստան տեղափոխումից ամիսներ անց տեղեկացել ենք, որ գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ստանձնած մի ռազմահայրենասիրական կառույցի՝ Ազատագրական բանակի ստեղծման ակունքներում է եղել: Մեր փարիզյան կազմակերպությունը մինչեւ ԼՂՀ-ում ՊԲ-ի ստեղծումը, ահա այս նվիրական մեծ գործ կատարած Ազատագրական բանակի մշտական հովանավորն ու մատակարարն է հանդիսացել:

Պետք է խոստովանել այն պարզ իրողությունը, որ միայն Սարգիսի Արցախում գտնվելու փաստն ինձ նման հարյուրներով հայ մարդկանց յուրովի զորակոչի ենթարկեց, հարյուրավոր հայ մարդ իր շնորհիվ Հայաստանն ու Արցախն են ճանաչել, պանդուխտ սփյուռքահայից՝ պետականության տեր, սեփական բանակի ու զինվորի տեր լինելու հոգեբանության գիտակցության են հասել:

Ոչ ոք նրան չի կանչել Հայաստան, չի հրավիրել Արցախ. նա իր որոշմամբ եւ իր անկոտրում կամքով է մինչեւ Մարտակերտի վերջին գիծ, վերջին խրամատը հասել: Միությանս բազմաթիվ անդամներ դեռեւս 1991թ. Շահումյանի շրջանում տեղի ունեցող ինքնապաշտպանության մարտերի ժամանակահատվածից մինչեւ հրադադարի հայտարարման 1994թ.՝ Արցախ այցելելով, շատ ավելի պարտավորեցնող պատասխանատվությամբ Ֆրանսիայում մեր հայրենասիրական առաքելությունն ենք շարունակել:

Իմ ընկերը 9 ամիս արդեն բանտում է գտնվում եւ ես եկել եմ նրան հանդիպելու ճաղավանդակների ետեւում: Իր 3.5 տարի բանտարգելման դատապարտման հետ կապված ոչ մի իրավական գնահատական տալ չեմ ցանկանում:

Տեղյակ եմ, որ 2009թ. հունիսի 19-ից օրենքի ուժ ստացած համաներումը տարածվում է նաեւ իր վրա, բայց արդեն 40 օրից ավելի է՝ հայոց զույգ պետությունների արխիվներում, իմ եւ իմ նման տասնյակ հազարների իմացած տեղեկությունը, այսինքն, նրա՝ հայրենի եզերքը պաշտպանելուն մասնակից լինելու փաստն անհասկանալիորեն չի հայտնաբերվում:

Համաներումն ամենեն առաջ մարդասիրական քայլ է: Սարգիսը ժամանակին Արցախյան ճակատ մեկնելով՝ ցույց տվել է, թե ի՛նչ է մարդասիրությունը. եւ հենց այդ սերն է, որ այսօր ինձ նրա մոտ՝ Հայաստան է բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել