«Ասպարեզը» պահանջելու է մինչեւ վերջ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի դեմ բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Պատճառը, ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն է եղել (Գ. Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց): «Իհարկե, ոստիկանապետը հետո երկար-բարակ կպատմի այն մասին, թե իրեն խանգարում էին իր մասնագիտական պարտականությունները կատարելուն, գուցե կպատմի, որ զայրացած ամբոխը ուզում էր ոտնատակ տալ օպերատորին եւ նրա տեսախցիկը, ինքը փրկեց այդ տեսախցիկը՝ հեռացնելով ցուցարարների մոտից, հազար ու մի բան կարող է պատմել, բայց փաստն այն է, որ Շիրակ Շահնազարյանը եւ մի ոստիկան, տեսնելով, որ ժողովուրդ է հավաքված մարզպետարանի մոտ (այն ժողովուրդը, որը տեղահանվել է իր առեւտրի վայրից՝ Մայակովսկու փողոցից), նկարահանող խմբին խանգարել են: Ես լավ գիտեմ օպերատորին, նա էնպիսի երիտասարդ չէ, որ ինչ-որ բան սադրեր իր նկատմամբ, որպեսզի ոստիկանությունը նման բան կատարեր, բայց ոստիկանները որոշել են փակել տեսախցիկի օբյեկտիվը, վերցնել տեսախցիկը, հեռացնել, նույնիսկ ասել, թե՝ ստեղ նկարելու կադրեր չկան: Ոստիկանների ցինիզմը հասել է էն աստիճանի, որ իրենք են որոշում նկարահանելու բան կա, թե՝ չկա: Հանրային մատչելիության վայրում երեւի էժան են պրծել լրագրողն ու օպերատորը, որ իրենց բերման չեն ենթարկել՝ ոստիկանին «հայհոյելու» կամ «ատրճանակով ոստիկանի գլխին խփելու» համար»,- ասում է Լեւոն Բարսեղյանը՝ առանձնապես հույսեր չտածելով, որ ոստիկանապետին կդատեն կամ կնստեցնեն:
«Ճաշակով կոռուպցիոն» դրսեւորումներ
«Ասպարեզի» հաջորդ պահանջը վերաբերում է Շիրակի մարզի 168 դպրոցներից տեղեկություններ ստանալուն: Ժուռնալիստների ակումբին հետաքրքրել է դպրոցների բյուջեները, բյուջեների կատարողականները, աշակերտների թիվը, վճարովի ծառայությունները, մանկավարժական խորհուրդների նիստերի արձանագրությունների պատճենները եւ այլն: «Շիրակի մարզից մոտ 120 դպրոց իսպառ չի բարեհաճել պատասխանել մեր հարցումներին, ոչ թե պատասխանել են, թե չեն տրամադրելու տեղեկությունները, այլ անարձագանք են թողել՝ մայիսի կեսերից սկսած մինչեւ օրս: Պատրաստ են մեր դատական հայցերը. պարտադրել, որպեսզի նրանք պատասխանեն մեր հարցմանը, մեր դատական ծախսերը փոխհատուցել, դատելով վերջերս «Հայկական ժամանակի» հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դեմ Քոչարյան Ռոբերտի որդու շահած գործով՝ փաստաբանի դատական ծախսերի դատարանով հաստատված չափից, կարող է լինել մինչեւ 3 միլիոն կամ 3, 5 մլն դրամ»,- հավելեց Լեւոն Բարսեղյանը:
«Ասպարեզը» մեկ այլ հետաքրքիր հարցում էլ հղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե 2009թ. մայիսի 6-ին Շիրակի մարզի Գոգահովիտ գյուղի մոտակայքում գտնվող «Երեքնուկ» ռեստորանում վարչապետի ու մարզպետների խորհրդակցություն անցկացնելիս ո՞ր պետական մարմինը կամ գերատեսչությունն է պլանավորել խորհրդակցությունն ու ճաշկերույթը, ի՞նչ ֆոնդից կամ աղբյուրից են ֆինանսավորվել դրանք եւ որքա՞ն է կազմել «Երեքնուկ» ռեստորանին վճարված գումարը, եթե այն եղել է պետական բյուջեի միջոցներից: «Դուք ինքներդ մասնակցել եք, գիտեք, որ վարչապետը եկել էր Մուշ-2 թաղամասում շինարարությունը նայելու, բայց անձրեւ էր, ցեխ էր, չհաջողվեց ու գնացին ռեստորան: Այդ ռեստորան այցելությունը պատահական չէր, տարօրինակ էր, եթե վարչապետը եկել էր Գյումրի քաղաքում շինարարություն նայելու, Հայաստանի գրեթե բոլոր մարզերի մարզպետներին էլ հրավիրել է հանդիպել իր հետ, ինչո՞ւ այդ հանդիպումը չի եղել Գյումրի քաղաքում կամ Մուշ թաղամասին հարող որեւէ սրահում, այլ եղել է Գյումրիից մի 20-25 կիլոմետր հյուսիս գտնվող մի ռեստորանում, որի սեփականտերը, իմ իմանալով, քաղծառայող է, պետական պաշտոնյա է»,- հարցնում է Լեւոն Բարսեղյանը: Սակայն աշխատակազմի ղեկավար Տիգրան Բարսեղյանը նրան պատասխան է ուղարկել՝ նշելով, որ «Երեքնուկ» ռեստորանում պաշտոնական ճաշ չի մատուցվել եւ որեւէ պաշտոնական միջոցառում չի իրականացվել: «Ես ստիպված եղա ինտերնետից գտնել այն հրապարկումները, որոնք վերաբերում են «Երեքնուկում» տեղի ունեցած պաշտոնական խորհրդակցությանը, առավել եւս՝ գտա կառավարության վեբ-կայքից հենց տեղեկատվությունը այդ մասին, տեղը իհարկե չէր նշվում, բայց լուսանկար կար ռեստորանից: Համարենք, որ բոլոր լրատվամիջոցները սուտ են խոսել, զրպարտել են վարչապետին, բայց հասկանում եք, որ հիսուն ավտոմեքենա կար, որոնք վեցական-յոթական-ութական լիտր բենզին են ծախսել Գյումրիից այնտեղ գնալ-գալու համար, եւ դա կազմում է երեք-չորս հարյուր դոլար, չհաշված ռեստորանի ծախսը: Այդ ռեստորանը ինչո՞ւ է այդպես սիրագորով նվիրվել վարչապետին ու մարզպետներին, ի՞նչն է պատճառը, ստիպված եղա կառավարության վեբ-կայքից տպել-հանել պաշտոնական տեղեկությունը եւ երկրորդ հարցման հետ ուղարկել աշխատակազմի նույն ղեկավարին, եթե բոլոր լրատվամիջոցները ստել են, ձեր պաշտոնական լրատվությո՞ւնն էլ չեք կարդում»,- ասում է Լեւոն Բարսեղյանը՝ համոզված լինելով, որ այստեղ «ճաշակով» կոռուպցիա կա: