Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ազատվեն՝ կազատվեն ծույլերը»

Օգոստոս 20,2009 00:00

Ասում է «Շիրակ-ջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրենը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ Շիրակի կամ Արմավիրի մարզերի մի քանի համայնքների բնակիչներ տարիներ ի վեր ջուր չունեն, ինչի հետեւանքով դույլերով ջուր են հայթայթում ու կրում: Նույնիսկ գործը հասել է նրան, որ վերջիններս, բանակցելով ջրավաճառների հետ, ջուրը փոխանակում են սննդամթերքով: Այս խնդիրը լուծելու նպատակով, մի քանի խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Մեծամորում ու դրանց հարակից տարածքներում, ջրամատակարարման որակը բարելավելու համար, հայտարարվեց միջազգային փորձառու օպերատորի մրցույթ, ու արդյունքում հաղթող ճանաչվեցին գերմանական «MVV decon Gmbh, MVV Energie AG» ընկերությունն ու հայկական «AEG Service» ՍՊԸ-ն: Իսկ օգոստոսի 1-ից վերջինիս կառավարմանը հանձնվեցին «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ Արմավիրի «Նոր ակունք» ՓԲԸ-ները:

Երեկ առաջին անգամ Գյումրիում տեղի ունեցավ նշյալ ընկերությունների տնօրենների արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվեցին ջրամատակարարման որակի, տեւողության, գանձումների ու հասույթի, ջրաչափերի տեղադրման հետ կապված խնդիրներ: Լրագրողները «Շիրակ-ջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրեն Ֆեդիկ Գալստյանից հետաքրքրվեցին, թե ի վերջո հանրապետության 2-րդ քաղաքը ե՞րբ կունենա շուրջօրյա ջրամատակարարում: «Այդ աշխատանքները սկսված են, եթե նկատել եք, առաջ որոշակի թաղամասերում պոմպերը ընդամենը 2 ժամ էին աշխատում, հիմա առանց որեւէ թաղամասի ջրամատակարարումը դադարեցնելու կամ պակասեցնելու, երեկոյան «պիկ» ժամերին, երբ բնակչությանն անհրաժեշտ է խմելու եւ տնտեսական հարցերը հոգալու համար ջուր, մենք երեկոյան ժամերին արդեն ջուր տվել ենք: Այսինքն՝ մոտավորապես 1,5-2 ժամ արդեն իսկ ավելացվել է ջրամատակարարման ժամաքանակը»,- տեղեկացրեց տնօրենը: Նա նաեւ հայտնեց, որ հայ-գերմանական համատեղ ֆինանսական գործունեության պայմանագրով արդեն իսկ վերանորոգվում են Շիրակի մարզի ներքին ցանցերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը:

«Առավոտը» նորանշանակ տնօրենից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է կադրային փոփոխություններ կատարել «Շիրակ-ջրմուղկոյուղում»: «Էդ հարցը հենց առաջին օրը՝ ամսի 1-ին էլ դրվեց, մի բան լավ իմացեք, իր մասնագիտությունը ճիշտ ընտրած մարդը երբեք չի կարող մտածել, որ ինքը աշխատանքից դուրս կգա: Բայց տեսեք, մենք ունենք ինչ-որ մի թիվ, հավաքագրում, որի հիման վրա մենք պիտի կարողանանք բաշխել մեր ծախսերը, էսօր «Շիրակ-ջրմուղկոյուղու» աշխատակիցները ստանում են մարզի միջին աշխատավարձից բավականին ցածր աշխատավարձ, հիմա ի՞նչ է պետք անել, որպեսզի աշխատավարձերը բարձրանան: Այսինքն, եթե մի մարդ, որը նվիրված աշխատում է, կողքը կանգնած է մի ուրիշ մարդ, որը թամբալություն է անում, կամ չի աշխատում, կամ իր մասնագիտական գիտելիքները չեն հերիքում տվյալ աշխատանքները իրականացնելու համար, ի՞նչ պետք է անի կառավարիչը»,- ասաց «Շիրակ-ջրմուղկոյուղու» պետը՝ հավաստիացնելով, որ մինչ օրս կրճատումներ չեն եղել: «Գլխավոր մենեջերի կողմից հաստատված հանձնախումբը կգնահատի յուրաքանչյուրի մասնագիտական գիտելիքները, նրանց կտա վերապատրաստման հնարավորություն»: Մեր այն դիտարկմանը, թե նույնիսկ կրճատվողների կոնկրետ թիվ՝ 120 մարդու մասին է խոսքը, Ջրմուղի պետը ծիծաղեց. «Դրանք սովորական, առօրյա, շրջանառության մեջ դրվող ու ձնագնդի պես մեծացող խոսակցություններ են, որ ենթադրենք 3 հոգի պիտի կրճատվի՝ կդառնա 300, այսինքն, ըստ այդ խոսակցությունների, ընկերությունում մարդ չպիտի աշխատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել