Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱՆԻ ՄԻ ՕՐ ՇՈՒՏ ՄԵՌՆԵՆՔ»

Օգոստոս 20,2009 00:00

Անմարդկային պայմաններում ապրող հանրակացարանի բնակիչները բարերարներից ուտելիք ու դեղորայք են խնդրում

Շենգավիթ համայնքի Արցախի 4-րդ նրբանցքի 10 ա հասցեում գտնվող հանրակացարանում երբ մարդ է մեռնում՝ հարեւանները մահացածի հարազատներին ցավակցելու փոխարեն աչքալուսանք են տալիս: Աշխարհից կտրված այդ կիսախարխուլ շենքում ապրում են միայնակ ծերեր, հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ ու 20-ից ավելի անչափահաս երեխա: Շենքում ոչ խմելու ջուր կա, ոչ էլ կոյուղի: 4 հարկերում ապրող 150 բնակչի համար գործում է 1 զուգարան, այն էլ՝ սարսափելի հակահիգիենիկ պայմաններում: Տատիկները զուգարանին հասնելու համար պետք է երեք մետրանոց թռիչք անեն՝ կեղտաջրերի մեջ չընկնելու համար:

Մեր ներկայության պահին հանրակացարանի երիտասարդ աղջիկները միմյանց հետ հայհոյանքով էին խոսում. ծնողները բացատրեցին, որ իրենք մեղավոր չեն, որ նման շրջապատում են մեծացել, նրանցից ոմանք հազիվ կարողացել են ութամյա կրթություն ստանալ. «Որ կարողանանք մարդի տալ՝ լավ ա, չնայած էս հանրակացարանից դժվար թե մեկը ուզենա աղջիկ տանել, մեր տղերքն էլ տունն են մնացել՝ էս պայմաններում գիժ պիտի լինի, որ նրանց հարս գա: Մենք մի կերպ կարողանում ենք սովածությունից քնել: Երեկ մի հատ ձու եմ կերել. վերջին մեկ շաբաթում էդ իմ կերած միակ ուտելիքն է եղել»:

«Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունն օրերս միջոցառում էր կազմակերպել՝ հանրակացարանի բնակիչներին ինչ-որ կերպ իրենց խղճուկ առօրյայից կտրելու համար:

Կազմակերպության հրավիրած ազգագրական համույթի երգ ու պարից ոգեւորված՝ տատիկ-պապիկները, մոռանալով իրենց ծերությունն ու հիվանդությունները՝ նրանց հետ հավասար պարում էին:

Միրզոյան Գալյան
\"\"73 տարեկան փախստական է: Նա տառապում է շաքարախտով: 20 հազար դրամ թոշակը բավարարում է միայն կոմունալ վճարումների, ցամաք հաց ու ջուր գնելու համար. «100 դրամ եմ տալիս, որ ինձ համար կողքի շենքից ջուր կրեն, քայլել չեմ կարողանում: Շաբաթը մեկ «Կարմիր խաչի» կամավորները գալիս են, լվացքս են անում, ինձ լողացնում են: Եթե նրանք էլ չլինեին՝ ստեղ կմեռնեի եւ ոչ ոք չէր իմանա»:

 

 

 

\"\"Սվետլանա Սարիբեկյանի 5 հոգանոց ընտանիքն ապրում է խուց հիշեցնող մի փոքրիկ սենյակում: Ամբողջ ընտանիքով քնում են իրենց ունեցած երկու մահճակալի վրա: Սվետլանայի ամուսինը ղարաբաղյան ազատամարտում վիրավորվել է, երկրորդ կարգի հաշմանդամ է. «Ես էլ եմ հաշմանդամ, սրտիս երկու «կլապանները» պետք է վիրահատվեն,

բայց վիրահատության պետական վճարը 3 մլն 50 հազար դրամ է, ուր ասես չենք դիմել՝ չեն օգնում: Կառավարությունը խոստացել է հիվանդանոցին փոխանցել 1000 դոլար, բայց դա հարցի լուծում չէ»:

\"\"Արդեն 16 տարի է՝ Ալբերտ Կազարովը եւ նրա կինը՝ Ժենյան, ապրում են հանրակացարանում: Ալբերտի լեղապարկը 1 տարի առաջ են վիրահատել, բայց դեռ չի ապաքինվել: «Բժիշկն ասել է, որ նա պետք է ամեն օր թթվասեր ու կաթնաշոռ ուտի, որ շուտ ոտքի կանգնի, բայց մենք 14 հազար 700 դրամի հույսով ենք, հազիվ հաց ենք կարողանում գնել, այն էլ՝ ամիսներով խանութի աշխատողին պարտք ենք մնում, սմետանը մեր համար ճոխություն է»,- ասաց տիկին Ժենյան: Նա խնդրեց բարերարներին, որ գոնե օգնեն՝ ամուսնու համար խիստ անհրաժեշտ «Triftazine» եւ «Diazepam» հոգեմետ դեղերը գնել:

 

\"\"84-ամյա Ավջյան Ազնիվը 3 երեխա ունի: 2 տղաները գնացել են Ռուսաստան ու նրանցից ոչ մի լուր չունի, իսկ աղջիկն իր համար միայն հոգս է. «Ինձ 3 տարի է՝ «Փարոսի» հրեշ աշխատակիցները նպաստից կտրել են, ասում են՝ աղջիկ ունես, թող նա քեզ օգնի, բայց մի բան էլ ես եմ խանութներից պարտք անում՝ աղջկաս օգնում»: Տիկին Ազնիվի միակ հույսը ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանն է. «Նա իմ հեռու բարեկամն է, նրա մամայի տատին իմ պապայի տատիի քույրն է, իրեն եմ փնտրում, որ խնդրեմ գոնե օգնի՝ «Հայխնայբանկի» իմ ավանդները ստանամ՝ 10 հազար ռուբլի: Բայց մինչեւ Արթուրիս գտնեմ՝ երեւի կմեռնեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել