Այսուհետեւ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող մսի վերահսկողությունն ուժեղացվելու է: Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, օգոստոսի 2-9-ը Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունն այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից: Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով: Չնայած դրան, պատվիրակությունը Հնդկաստանում եղել է նաեւ այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս ամենը երեկ զեկուցվել է վարչապետին:
Տիգրան Սարգսյանը հրահանգել է՝ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ եւ այլն: Նման ընկերությունները Հնդկաստանում 17-ն են, որոնք մսի շուկայի 85%-ն են ապահովում: Մինչդեռ ներմուծված մսի 21%-ն է միայն ձեռք բերվել՝ վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից:
Վարչապետի խոսքով, ՀՀ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձեւակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ: