Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդոտ տնտեսություն ունենք»

Օգոստոս 20,2009 00:00

\"\"«Մեր տնտեսությունը կամ պետությունը ոչ կառավարության, ոչ էլ պառլամենտի սեփականությունը չէ: Ես առաջարկում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, գոնե ներողություն պետք է ասվեր այն խայտառակ ծրագրի համար, որն ընդունվել է: Ի՞նչ է նշանակում 20% անկման պարագայում 9% տնտեսական աճ կանխատեսել: Ես ուզում եմ հայտարարել, որ մեր երկրում հակաճգնաժամային ծրագիր գոյություն չունի»,- երեկ տնտեսական ճգնաժամի մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ասուլիսին ներկա ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի այն վստահեցմանը, թե տնտեսական անկումը զսպելու համար կառավարությունն ընդլայնողական քաղաքականություն է վարում, ըստ որի՝ գումար է ներարկվում տնտեսություն, Բ. Ասատրյանն ասաց. «Մեր երկրում որեւէ ընդլայնողական քաղաքականություն չի իրականացվել: Աճի տեմպերը էապես ցածր են նախորդ տարիներից: Չի կարելի այդքան ազատություն տալ որեւէ կառավարության, մանավանդ այն կառավարությունը, որը ակնհայտ սխալներ է անում: Մեր տնտեսությունը հիվանդոտ տնտեսություն է, մենք անառողջ զարգացած տնտեսություն ունենք, որի զարգացման երկնիշ տնտեսական աճի հիմքում հիմնականում տրանսֆերտներն են»:

Ֆինանսների փոխնախարարի խոսքերով էլ՝ Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ այս տարեվերջին երկրի տնտեսության մեջ արձանագրված անկումը կկազմի 12-15%, իսկ այսօր Հայաստանի տնտեսության անկումը 16,3% է: Եվրամիության երկրներում, ըստ փոխնախարարի, 2-րդ եռամսյակում տնտեսության անկումը կազմել է 6%, սա աննախադեպ է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Ըստ Վ. Արամյանի, մեր տնտեսության անկումն ավելի խորը եղավ, քան կանխատեսվում էր, սակայն այդ իրավիճակը համահունչ է միջազգային տնտեսական իրավիճակին:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ մեր տնտեսության ներկայիս վատ պայմանների պատճառներից են ոչ մասնագետների կողմից կատարված անհասկանալի կանխատեսումները: Իսկ տնտեսության մեջ ներարկումների վերաբերյալ էլ Վ. Բոստանջյանն ասաց. «Հիմա էլ փող ենք խնդրում օտարներից, ներարկում տնտեսության մեջ: Դրա մեջ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Կա կապիտալի արտահոսք, որը նշանակում է, որ Հայաստանում չկա սեփականության իրավունքի պաշտպանության մշակույթ: Ինձ համար զարմանալի է, որ ճգնաժամը համառորեն թակում էր մեր դուռը, իսկ մենք ասում էինք, թե այն մեզ չի սպառնում: Աչքերը փակելու արդյունքն է ներկա իրավիճակը: Այնուամենայնիվ, մի քիչ լավ, թե մի քիչ վատ՝ կառավարությունը քայլեր կատարում է այս իրավիճակից դուրս գալու համար»: Բ. Ասատրյանի խոսքերով էլ՝ Հայաստանում տնտեսությունը լավագույն դեպքում կաճի 2011 թ.-ին, այն էլ այն պատճառով, որ աշխարհի տնտեսություններն առողջանալու են. «Իսկ մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից, եթե այնտեղ դրական միտում լինի, մեզ մոտ էլ նույնը կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել