Լվացքի փոշու, ամանի հեղուկի, ձեթերի, յուղերի, արեւածաղկի սերմերի գովազդն անում են անչափահասների միջոցով:
«Մենք կարող ենք իրականացնել հղիության ընդհատում՝ դեղորայքների միջոցով». գրեթե բոլոր հեռուստաալիքներով այսպիսի գովազդ է անում «On clinic» բուժկենտրոնը: Բացի այն, որ սա «Գովազդի մասին» օրենքի խախտում է, քանի որ մեր կրոնական համոզմունքներին հակասում է մորը դրդել ազատվել Աստծո ստեղծած երեխայի կյանքից, այն նաեւ հակապետական է, քանի որ ներկայումս կառավարությունն ամեն կերպ փորձում է խթանել ծնելիությունն ու խրախուսել բազմազավակությունը, ոչ թե գովազդել, որ կարելի է հղիությունը հեշտ ճանապարհով ընդհատել: Ինչպես դեղերի, այնպես էլ բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների մասին գովազդների համար պետք է թույլտվություն տա առողջապահության նախարարությունը: «On clinic»-ի գովազդի հետ կապված առողջապահության նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք նրանց արգելել են այդ տեսահոլովակը հեռարձակել, քանի որ «Առողջապահության մասին» օրենքով էլ արգելվում է կլինիկաներին նման ծառայություն մատուցել ու առավել եւս՝ գովազդել այդ մասին:
Նշենք, որ այսօր «Գովազդի մասին» օրենքի խախտումներ կարելի է հանդիպել գրեթե բոլոր գովազդային հոլովակներում: Պարզելու համար, թե որքան հաճախակի բնույթ են կրում այդ խախտումները՝ մենք 1 ամիս տեւողությամբ մոնիտորինգ անցկացրինք հեռուստաեթերում: Ընդհանուր առմամբ, գովազդներում ամենից շատ խախտվում են անչափահաս երեխաների իրավունքները: Ճիշտ է, որպես կանոն, երեխաների ներկայությամբ գովազդային հոլովակները հաջողված են լինում, բայց, օրենքի համաձայն, նրանց օգտագործումը գովազդներում թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ տվյալ ապրանքը նախատեսված է հենց մանուկների համար: Մինչդեռ այսօր լվացքի փոշիներից ու ամանի հեղուկներից սկսած՝ մինչեւ շինարարական տեխնիկայի գովազդներում երեխաներ են ցուցադրվում: «Tide» լվացքի փոշու գովազդում անչափահաս երեխան, նկատելով, որ իր մայրը կարողացել է մաքրել շապիկի կեղտը, բացականչում է՝ «ես սուպեր մայրիկ ունեմ», ստացվում է, որ եթե ես իմ բալիկի հագուստը մաքրում եմ «Բարֆով», ուրեմն ես նրա համար ոչ թե «սուպեր», այլ «ստից» մայրիկ եմ: «J7» հյութերի գովազդում կոչ են անում. «Երջանկացրե՛ք ձեր սիրելի երեխաներին եւ գնելով 6 տուփ «J7», ստացեք նվեր՝ փափուկ խաղալիք կամ մանկական հագուստ»: Այս գովազդում ցուցադրվում է, թե ինչպես են անչափահաս երեխաները սուպերմարքեթում ոգեւորված խաղալիք ընտրում՝ ստիպելով հեռուստաէկրանի առջեւ նստած փոքրիկներին գայթակղվել ու իրենց ծնողներին պարտադրել գնել 6 տուփ «J7»: Այս գովազդում նաեւ օգտագործվում է երեխաների դյուրահավատությունը, որ հենց «J7»-ն է երջանկանալու ճանապարհը, ինչը նույնպես օրինախախտում է: Երեխաներն «օգտագործված» են նաեւ տաքսի «Rimels»-ի գովազդում, որտեղ մանուկները հորդորում են սպառողներին օգտվել այդ տաքսի ծառայությունից ու ապահով տեղ հասնել: Օրենքի կոպիտ խախտում է թույլ տալիս նաեւ «Золотая корона» արեւածաղկի գովազդը, որտեղ անչափահաս երեխաները կոչ են անում արեւածաղկի միջոցով ոսկե խաչ շահել: «Մերկուրի» գազի կաթսան նույնպես երեխաների համար նախատեսված չէ, սակայն այդ հոլովակում երեխային ստիպել են առանց հասկանալու ասի, որ հենց «Մերկուրին» է իր մանկության ամենաջերմ արեւը»: «Արմավիայի», «Աֆթաբ» յուղերի, «իՏսՏՑՏպ րՏսվՓպ» ձեթերի եւ նույնիսկ արհեստական խոտածածկույթ արտադրող «Giza» ընկերության գովազդում նույնպես երեխաներ են «օգտագործվում» եւ խախտում «Գովազդի մասին» օրենքը: Հեռուստաեթերում շատ են ցուցադրվում նաեւ այս կամ այն հարցի պատասխանը ստանալու համար «sms» ուղարկելու գովազդները: Նման գովազդներից մեկում ասվում է. «Ուղարկեք «srtik» բառը 5954 կարճ համարին եւ կստանաք գուշակություն՝ ձեր սիրած տղամարդու մասին»: Մինչդեռ, ըստ «Գովազդի մասին» օրենքի 6-րդ հոդվածի, «արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է՝ օգտագործելով քաղաքացիների նախապաշարումներն ու սնահավատությունը»: Իսկ գուշակության գովազդը հակաքրիստոնեական է: «Sms շփում» գովազդում էլ ցուցադրվում է կրծկալով մի աղջիկ ու հնչում է խորհրդավոր ու էրոտիկ մի ձայն՝ «ես կանեմ քո համար ամեն ինչ, ինչ կուզես»: Նշենք, որ օրենքն արգելում է գովազդում «քաղաքացիներին բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը»:
«Sms շփման» այլ գովազդներում ցուցադրվում է, թե ինչպես է որսորդ տղամարդը հրացանով կրակում մեծ կրծքերով մի կնոջ ու որսում նրան, մեկն էլ հեռախոսով մերկացնում է աղջկան: Այդ գովազդները մուլտիպլիկացված են, իսկ մուլտերը նախատեսված են երեխաների համար, հետեւաբար նման սեքսուալ բովանդակությամբ գովազդներում էլ ներքաշում են երեխաներին: