Ասում է Կիրո Մանոյանը՝ նախապես նշելով, թե դիվանագետն այն անձն է, որը սուտ է խոսում իր պետության համար:
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարեց, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը տակավին դուրս չի եկել ՀՅԴ օրակարգից: Ըստ նրա՝ ոչինչ չի փոխվել, ու շարունակվում են ՀՅԴ-ին մտահոգող զարգացումները։
Ավելի վաղ լրագրողներից մեկը փորձել էր պարզել, թե արդյոք ամբողջ իշխանության հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ են՝ հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահող Մեթյու Բրայզան վկայել էր, թե 10 տարի առաջ Հայաստանի դիրքերը բանակցություններում ավելի ուժեղ էին, քան հիմա: «Որ տեսնեինք՝ կասեինք»,- հրաժարականի անհրաժեշտության մասին ասաց պրն Մանոյանը: Իսկ ԱՄՆ համանախագահողի պնդման առնչությամբ նկատեց. «Համալսարանում ինձ սովորեցրել են, որ դիվանագետն այն անձն է, ով իր պետության համար սուտ է խոսում: Այս դեպքում ես կասեի, որ Բրայզան շա՛տ լավ դիվանագետ է: Իր ասածն անհիմն է: Բրայզան հաճախ իր լիազորություններից դուրս ելնելով՝ հատկապես վերջին շրջանում, փորձ է անում Հայաստանի ներքին քաղաքականության մեջ դերակատար լինել: Իր ասածի սխալ լինելը փաստում է հենց այն, որ այս սկզբունքների մեջ կա մեկ կետ, որ նախապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, չի եղել: Դա այն է, որ ԼՂ-ի կարգավիճակն ի վերջո ճշտվելու է Ղարաբաղի ժողովրդի կամքով»:
Սա նշելով հանդերձ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն եւս մեկ անգամ նշեց, թե իրենք դեմ են այս սկզբունքներին: «Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձում են ապահովել մինչեւ հոկտեմբերի 14-ը Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը հիմնական սկզբունքների շուրջ: Սակայն այդ սկզբունքների վերամշակված տարբերակը դեռ չկա, չի հանձնվել կողմերին, կհանձնվի միայն սեպտեմբերի վերջին: Այն փաստը, որ Ադրբեջանն առ այսօր գոնե մի անգամ չի ասել, թե ինքը կհամաձայնի Ղարաբաղի կարգավիճակին, եթե ժողովուրդն ասի, որ այն պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս, այս փաստը բավական է՝ ասելու, որ կողմերը համաձայնություն չեն տա հիմնական սկզբունքներին: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրականում չեն ցանկանում «այո» ասել այդ հիմնական սկզբունքներին, բայց նրանցից ոչ մեկը չի ուզում լինել առաջին «ոչ» ասողը»: Կիրո Մանոյանը նաեւ կանխատեսեց. «Առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է քաղաքական բավական տաք եղանակ, որովհետեւ պաշտոնական Երեւանը պետք է ի վերջո վերջնական տեսակետ ձեւավորի այս հիմնական սկզբունքների նկատմամբ: Կարծում եմ՝ մինչեւ հոկտեմբերի սկիզբը կողմերը դրական պատասխան չեն տա, բայց թե ո՞վ կլինի առաջին «ոչ» ասողը՝ պետք է սպասել ու տեսնել»:
«Առավոտը» հիշեցրեց Մեթյու Բրայզայի մեկ այլ պնդում, թե կարգավորման այս ծրագիրը քննադատողները «կա՛մ օգնել են մշակել հիմնարար սկզբունքները, կա՛մ այդ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններ վարող կառավարության մաս են կազմել, կա՛մ անցյալում առաջարկել են գաղափարներ, որոնք շատ նման են ներկայումս քննարկվողներին: Հետեւաբար, նրանք բոլորն էլ իրենց նպաստն են ունեցել նրանում, ինչին մենք այսօր հասել ենք»: Մեր դիտարկմանը, թե ակնհայտ է, որ երկրորդ ակնարկի հասցեատերը ՀՅԴ-ն է՝ Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Այն ժամանակ, որ մենք իշխանության մեջ էինք, եւ մշակվեցին այդ սկզբունքները՝ այդ ժամանակ էլ ենք դեմ արտահայտվել: Հիմա՝ եթե դեմ արտահայտվելը մեկնաբանվում է, թե մասնակցել ենք մշակմանը՝ այդպես թող մեկնաբանվի: Մենք երբեք այս սկզբունքներին համաձայնություն չենք հայտնել՝ ո՛չ խորհրդապահ ձեւով, ո՛չ հրապարակավ, ու հակառակը՝ միշտ քննադատել ենք: Դրա համար՝ ձեւի իմաստով կարող է սխալ չէ Բրայզայի ասածը, բայց բովանդակությունը մի քիչ տեղին չէ»: