Ընդդիմադիր ուժերն ամռանը համագործակցության ուղղությամբ գործնական քայլեր չարեցին՝ չնայած այդ կապակցությամբ հրապարակված ուղերձներին:
«Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 23-ին ուղերձով դիմել էր ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ առաջարկելով «յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել՝ համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու եւ իրականացումը կազմակերպելու համար»: Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր. «Կողմ կլինեի, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» խորհրդակցությունների շարք սկսեինք՝ յուրաքանչյուրը սկսելով իր սխալներից եւ փորձելով նոր բանաձեւում համագործակցության նոր դաշտ ձեւավորելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ այդ հաղորդակցությունն անհրաժեշտ է։ Ես, օրինակի համար, համարում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն կայացած ուժեր են, եւ արժե, որ իրենք հաղթահարեն սեփական փոքրիկ դրոշակների պահը եւ ստեղծեն ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից երեկ հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում ի՞նչ արձագանք է եղել իրենց ուղերձին: «Որեւէ արձագանք չկա՝ ո՛չ Դաշնակցության, ո՛չ ՀԱԿ-ի կողմից»,- պատասխանեց նա: Սա կարող էր զարմանալի թվալ՝ հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վերոհիշյալ կոչից հետո՝ հունիսի 12-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր ընդդիմադիր ուժերին առաջարկել միավորվել 12 կետանոց մի պլատֆորմի շուրջ՝ հավելելով, թե այդ «պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար»: Ամառն արդեն ավարտվում է, սակայն որեւէ քննարկում չի եղել: «Մեր ուղերձում առաջարկ կար՝ նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել այդ բոլոր խնդիրները,- հիշեցրեց Հովսեփ Խուրշուդյանը:- Այսինքն՝ ավելի գործնական որոշակի քայլեր անելու առաջարկ էր, ոչ թե ընդհանուր ինչ-որ գաղափարներ՝ օդի մեջ քննարկելու: Դրա համար մենք սպասում էինք այդ կոնկրետ առաջարկի հիման վրա հանդիպման ու քննարկումը սկսելու պատրաստակամությանը: Բայց առայժմ որեւէ նման պատրաստակամություն չկա՝ դատելով արձագանքների բացակայությունից»: Այսպիսով կարելի՞ է արձանագրել, որ ձախողվել են ընդդիմադիր ուժերի ավելի լայն համագործակցության ձեւաչափ ստեղծելու փորձերը՝ հարցին «Ժառանգության» խոսնակն այսպես արձագանքեց. «Մեզ համար էլ է տարօրինակ, որ ամառն այդ աշխատանքը կատարելու վերաբերյալ գաղափարը կյանքի չի կոչվում, թեեւ կա մեր կողմից պատրաստակամություն՝ նստել ու քննարկել»:
Մեկնաբաններից մեկը նկատել էր, թե այս խնդրում դեր է խաղացել առաջնայնության ձգտումը: Այսինքն՝ ընդդիմադիր 3 ուժերից յուրաքանչյուրը ցանկանում է, որ միանան համագործակցության հատկապես ի՛ր օրակարգին՝ համարելով, թե մեկ ուրիշի առաջարկն ընդունելու դեպքում ինքնաբերաբար հայտնվելու են երկրորդի կարգավիճակում։ Արդյոք համագործակցության ձախողման մեջ դեր խաղացե՞լ է նաեւ վերոհիշյալ սուբյեկտիվ գործոնը՝ հարցին Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մեր կողմից խոսքը կլոր սեղանի շուրջ նստելու մասին է, ու բացարձակապես էական չէ, թե առաջինն ո՛վ կնստի այդ սեղանի շուրջ, կամ ո՛վ առաջինը կարձագանքի մեր առաջարկին: Կարծում եմ՝ եթե նման անէական բաները պետք է վճռորոշ դեր խաղան համագործակցության չկայացման համար, ապա՝ իրոք որ այլ լուրջ պատճառներ կան, եւ մնացածն ուղղակի ձեւական պատճառներ են»:
ՀՅԴ-ն «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի՝ հունիսին առաջարկած օրակարգերին չարձագանքեց՝ պատճառաբանելով, թե շատ շուտով ներկայացնելու է սեփական օրակարգը՝ քաղաքական դաշտում իր տեղի փոփոխությամբ պայմանավորված պլատֆորմը: Սակայն այն մինչ այժմ ներկայացված չէ: Ուստի՝ արդյոք այդ պլատֆորմն ընդամենը պատրվա՞կ չէր՝ հարցին ի պատասխան՝ «Ժառանգության» խոսնակը ձեռնպահ մնաց գնահատել ՀՅԴ այդ քայլերը. «Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց ամեն դեպքում՝ այն տպավորությունն ունենք, թե քաղաքական մեր գործընկերները ոչ մի տեղ չեն շտապում՝ այսպես ասենք: Եվ ցավոք սրտի, այդ առումով մեր մոտեցումները միգուցե չեն համընկնում: Բայց շտապեցնելու խնդիր էլ կամ այդպիսի պարտականություն մեզ վրա վերցնելու մտադրություն եւս չունենք»: