«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում: Երեկ այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա ասելով, զեկույցն ամփոփման փուլում է եւ կհրապարակվի, թերեւս, սեպտեմբերի 14-ից 17-ը: Նշելով, որ զեկույցը փորձելու է պատասխանել հասարակության շրջանում առկա հարցերին՝ «սկսած օպերացիայի ժամից մինչեւ օպերացիայի հրաման տվողների բացահայտումը», Նիկոյանն ասել է, որ, այդուամենայնիվ, «մութ են մնում մահվան մի շարք հանգամանքներ», եւ չի գտնվել այն հարցի պատասխանը, թե «կոնկրետ ում գործողությունների հետեւանքով են մարդիկ զոհվել»: Սա այն դեպքում, երբ լուծարված Փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամների հրապարակած երեք զեկույցները վերաբերել էին 10 զոհերից 5-ի մահվան հանգամանքներին, այնտեղ նշված էր նաեւ 3 հոգու մահվան պատճառ դարձած հատուկ միջոցները կիրառած 4 ոստիկանների եւ ոստիկանության այն 4 պաշտոնյաների անունները, ովքեր տվել են հրամանը։ Այդ կապակցությամբ Սամվել Նիկոյանը ասել է. «Ես դա հնարավոր որեւէ վարկածներից մեկն եմ համարում եւ չեմ էլ ուզում որեւէ վարկած հերքել կամ հաստատել: Վարկածը մնում է վարկած, որով պետք է զբաղվի նախաքննական մարմինը: Հանձնաժողովը չի կարող վարկածով զբաղվել կամ վարկածը ներկայացնել իր զեկույցի մեջ: Դա կարող են անել միայն մարդիկ, որոնց անհրաժեշտ է այդ դժբախտությունը օգտագործել ներքաղաքական իրավիճակը սուր պահելու, բարդացնելու նկատառումով»: Նիկոյանը ասել է նաեւ, թե Խմբի ընդդիմադիր անդամների՝ Քոչարյանի եւ Սաֆարյանի տրամադրած տվյալները հանձնաժողովում ուսումնասիրվում են, սակայն ամբողջությամբ չեն ներառվելու վերջնական եզրակացության մեջ. «Այնպես, ինչպես պետական մարմնի ուղարկած յուրաքանչյուր ինֆորմացիա չէ, որ մենք հալած յուղի տեղ ենք ընդունում, այդպես էլ նախկին Փաստահավաք խմբի անդամների զուտ անձնական զեկույցները նույնպես հալած յուղի տեղ չենք ընդունում: Այնտեղ մենք գտնում ենք շատ կարեւոր էլեմենտներ, վերլուծություններ, աշխատանքի արդյունքներ, որոնք կարեւոր ենք համարում: Բայց որ զեկույցը ամբողջությամբ վերցնենք տեղավորենք մեր զեկույցի մեջ՝ այդպիսի բան չի լինի»: