Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի քրդական հարցը: Թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին իր ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: «Եթե մենք այդ հարցը ինքներս չլուծենք, դա կանի ուրիշ մեկը, իսկ դա կարող է թուլացնել եւ շահարկել երկիրը»,- ասել է Գյուլը: Նրա խոսքով, քրդական հարցի լուծման ընթացքում հաշվի կառնվի նաեւ ընդդիմության կարծիքը: Այն, որ Թուրքիայում այս կարծիքի հետ շատերն են համաձայն, վկայում է նաեւ այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովում վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունը՝ առ այն, թե անկախ ամեն ինչից՝ այդ կուսակցությունը երկրում կլուծի քրդերի հարցը: Թուրքիայում Ժողովրդավարական հասարակություն կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը հավաստիացրել է, թե քրդական խնդիրը շուտով կթեւակոխի ակտիվ փուլ: Քրդական հարցի վերաբերյալ այլ կարծիքներ Թուրքիայում եւս կան: Մասնավորապես, ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը հայտարարել է, թե իշխանությունները բանակցություններ են վարում մարդկանց հետ, ովքեր խրախուսում են ահաբեկչությունը տարածաշրջանում: Ի դեպ, աղբյուրի տեղեկություններով, օգոստոսի 13-ին Թուրքիայի ՆԳ նախարար Բաշիրա Աթալայը արդեն հանդիպել է քրդամետ կուսակցություններից մեկի ղեկավարի հետ: