Մարիամ Սուխուդյանի գործի նախաքննությունը շարունակվում է
Նախորդ համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «սուտ մատնություն» հոդվածով: Երեկ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, 2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.08 թ. «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման լազերային սկավառակը, որի վերարտադրությամբ առկա տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր։
Նախաքննության տվյալներով, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում «Կրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր իրականացնելու համար հայտ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, որը հավանության է արժանացել, ապա ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիոն ՀՀ դրամ, որը փոխանցվել է կրթահամալիրի ֆոնդին։ Ծրագրի իրականացման սկզբնական փուլում՝ դեռեւս 2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված եւ դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել եւ տրամադրել իրեն՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մ. Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն՝ իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։ 2009 թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մ. Սուխուդյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
Ըստ E-channel-ի, երեկ ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց կայացավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի, որն այդ պահին հարցաքննվում էր ոստիկանների կողմից։ «S.O.S» Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները եկել էին «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք», «Բարի գործը անպատիժ չի մնում» վերտառություններով պաստառներով։ Ոստիկանության շենքից դուրս գալով՝ Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի դեռ չի ծանոթացել ամբողջ քրեական գործի հետ։
Երեկ Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով՝ հիմնվելով իրավապահ մարմինների եւ դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարում են վերեւից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու եւ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ»: Հ/կ-ները պահանջում են անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ: