Ընդդիմությունը պահանջում է նրանց բոլորին ազատ արձակել
Հայ ազգային կոնգրեսը շարունակում է բարձրաձայնել մեր երկրում դեռեւս 21 քաղկալանավորների եւ քաղբանտարկյալների գոյության մասին՝ ՀՀ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նրանց բոլորին: Իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվող եւ այսօր անազատության մեջ գտնվող 21 հոգուց միայն հինգն են, որոնց գործերը դեռ նախաքննության փուլում կամ դատական ընթացքի մեջ են: Խոսքը համաներում հայտարարելուց հետո կալանվածների մասին է՝ Տիգրան Առաքելյան, Արշալույս Հակոբյան, Արմեն Սիրունյան, Սեւակ Ստեփանյան, Նիկոլ Փաշինյան: Անազատության մեջ գտնվող մյուս բոլորը արդեն կրում են դատարանի վճռով իրենց համար սահմանված պատժաչափը: Այսօր քաղբանտարկյալների թվում են Արամ Բարեղամյանը, Մուրադ Բոջոլյանը, Գաբրիել Գաբրիելյանը, Շմավոն Գալստյանը, Ֆելիքս Գեւորգյանը, Արմեն Խուրշուդյանը, Սարգիս Հացպանյանը, Արա Հովհաննիսյանը, Աշոտ Մանուկյանը, Սասուն Միքայելյանը, Ռոման Մնացականյանը, Հարություն Ուռուտյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններն ու Արմեն Սարգսյանը: Այս մարդիկ, գերակշիռ մեծամասնությամբ, նրանք են, ովքեր դատապարտվել են մարտիմեկյան դեպքերի առնչությամբ, որոնց նկատմամբ հունիսի 19-ին հայտարարված համաներումը չկիրառվեց: Այդուհանդերձ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս ամիս այցելելով մարզերում ապրող քաղկալանավորների հարազատներին՝ հայտարարեց, թե անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները ազատ կարձակվեն ավելի վաղ, քան կլրանա նրանց համար սահմանված պատժի ժամկետը:
Երեկ «Առավոտը» զրուցեց քաղբանտարկյալներից երկուսի՝ Հարություն Ուռուտյանի եւ Արամ Բարեղամյանի հետ:
ՀՀՇ Անիի տարածքային կազմակերպության նախագահ, ԵԿՄ անդամ, Անիի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 2008 թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Մարալիկի նախընտրական շտաբի պետ, 53-ամյա Հարություն Ուռուտյանը ձերբակալվել էր մինչեւ «Մարտի 1»-ի իրադարձությունները եւ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, իբր, խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին հարվածելու համար: Վերաքննիչ դատարանն էլ նրա համար սահմանել էր 6 տարվա ազատազրկում:
Արդյոք ՀՀ առաջին նախագահի վերը նշված հայտարարության համար նախադրյալներ կա՞ն: Ի պատասխան մեր այս հարցին՝ Հ. Ուռուտյանն ասաց. «Եթե մեր նախագահն է ասում… Նրա ասածը մեզ համար օրենք է: Մեր հույսն ու հավատը մեր նախագահն է: Մենք ձերբակալվել ենք ապօրինաբար եւ ազատ կարձակվենք միայն իշխանափոխության արդյունքում»: Ուռուտյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը սեպտեմբերի 25-ին կրկին կանդրադառնա քաղբանտարկյալների խնդրին, եւ դա, նաեւ՝ Կոնգրեսի գործադրած ջանքերը կարող են այս իշխանությունների վրա հավելյալ ճնշում լինել իրենց ազատ արձակելու համար: Խոսելով համաներումը իր նկատմամբ չկիրառելու փաստի մասին՝ Ուռուտյանը նկատեց, թե դա անձնավորված եւ խտրական վերաբերմունքի արդյունք էր. «Ինձ եւ Մուշեղ Սաղաթելյանին, կարծում եմ, պատահական չպահեցին: Նշանակում է՝ մենք մեզնից Շիրակի մարզում, Անիի տարածքում ինչ-որ բան ներկայացնում էինք: Գյումրիում, Արթիկում, ընդհանրապես Շիրակի մարզում շատ մեծ գործ են արել նաեւ մեր մյուս ընկերները՝ Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, բայց եթե մեզ բոլորիս բաց թողնեին, դա է՛լ ավելի կհզորացներ մեր Շարժումը: Կարծում եմ՝ դրա համար էլ իշխանությունները «անհատական» համաներում արեցին»:
Քաղբանտարկյալը, ինչպես իր մյուս բախտակիցները, քաջատեղյակ էր ճաղերից այս կողմ կատարվող ներքաղաքական, նաեւ՝ Ղարաբաղի հարցում տեղի ունեցող զարգացումներին: Ուռուտյանի դիտարկմամբ, ընդդիմությունը գնալով հզորանում է, եւ դրա ապացույցը շարքային քաղաքացիների այն ոգեւորությունն է, որը նկատելի է Կոնգրեսի անդամների եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ մարզեր կատարած այցերի շրջանակներում: Քաղբանտարկյալը վստահ էր, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, ընդ որում, նրա ասելով, դա տեղի է ունենալու միաժամանակ ե՛ւ երկրի ներսում ծավալվող պայքարի, ե՛ւ «դրսի» ճնշման արդյունքում:
ՀՀՇ Հրազդանի տարածքային կազմակերպության նախագահ, 2008թ. նախագահական ընտրություններում Հրազդան քաղաքում Լ. Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի պետ Արամ Բարեղամյանը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների հարձակման արդյունքում հարվածներ էր ստացել գլխի մասում եւ տեղափոխվել հիվանդանոց: Ձերբակալվել էր տուն գնալուց հետո՝ 2008թ. մարտի 9-ին: Իրավապահները նրա տունը խուզարկել են՝ թմրանյութ, զենք-զինամթերք հայտնաբերելու համար, իսկ հայտնաբերել են 5000 կտոր գիրք: Նրան առաջադրվել էին մի շարք մեղադրանքներ, բայց 2008թ. հուլիսի 14-ին նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ բացառապես երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Փաստ է, սակայն, որ Բարեղամյանը իրավապահների ուշադրության կենտրոնում եղել էր դեռ մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները: Դեռ փետրվարյան հանրահավաքի օրերին Հրազդանում նրա տուն էին ներխուժել իրավապահները եւ որպես «հանցագործության գործիք» հայտնաբերել ու առգրավել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատություններից մեկը:
Այսօր անազատության մեջ գտնվող Բարեղամյանը համարում է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը երկրի թիվ մեկ խնդիրը չի. «Ինձ համար քաղբանտարկյալների հարցը ի սկզբանե եղել եւ մնում է երրորդական, չորրորդական հարց: Հայաստանում ավելի կարեւոր իրադարձություններ են կատարվում, ավելի կարեւոր հարցեր կան, քան քաղբանտարկյալներինն է: Սա ընդամենը մի միջանկյալ հարց է, որը ես փոքր խնդիր եմ համարում: Ինձ ավելի շատ մեծ խնդիրներն են հետաքրքրում, քան իմ ազատության հարցը: Ինձ նման, ինձանից ավելի մեծ այնքա՜ն մարդիկ են պայքարել ազատության համար, որ մի քանի տարի բանտարկությունը մեծ ազատություն ստանալու համար ի՞նչ է որ: Խնդիրը միայն իմ ազատության մեջ չէ, խնդիրը նաեւ մյուսների՝ մեր հասարակության ազատության մասին է»:
Խոսելով երկրում ներքաղաքական իրավիճակի մասին արձանագրեց, որ ՀՀ առաջին նախագահի գալուց հետո մեր երկրում սկսել է քաղաքացիական հասարակություն ձեւավորվել, եւ այդ գործընթացը ծավալվում է: «Երբ քաղաքացիական գիտակցությամբ մարդկանց թիվը երկրում զգալի տոկոս կազմի՝ 60-70, այդ ժամանակ էլ մեր ազատություն ստանալու խնդիրը կլուծվի: Խոսքը ոչ թե քաղբանտարկյալներիս, այլ ավելի մեծ ազատության մասին է»,- եզրափակեց Ա. Բարեղամյանը: