Առաջին նախագահին հակադարձում է ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ հաղթած պետության, հաղթած նախագահին հարիր չեն նման հայտարարությունները:
«Պետք չէ անհանգստանալ, Ղարաբաղ հանձնելու մենաշնորհն իրեն է պատկանում»,- ՀՀ առաջին նախագահի՝ նախորդ օրն Իջեւանում արած հայտարարությանը՝ «Ղարաբաղը տված, վերջացրած է», երեկ «Առավոտի» հետ զրույցում հումորով արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ավելի լուրջ՝ նա կարծում է, որ՝ «Մարդը, ով եղել է երկրի նախագահ, անթույլատրելի է, որ նման անպատասխանատու հայտարարություններ անի: Ընդհանրապես, ճիշտ կլինի, որ իրենք սկսեն մտածել նոր հեքիաթներ հորինելու մասին: Քաղաքական գործիչը, մանավանդ՝ ընդդիմադիր, պետք է քննադատի, մատնացույց անի իշխանության բացերը, բայց չի կարելի դիվիդենդներ շահել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա»:
Մեր զրուցակիցը նաեւ հարցնում է. «Հիմա ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղը հանձնված է: Ո՞նց է հանձնված: Եթե առաջին նախագահը մոռացել է, հիշեցնեմ, որ հենց իր պաշտոնավարման շրջանում է Հայաստանն ազատագրել այդ տարածքները, եւ հպարտորեն մտել ենք 21-րդ դար: Անլուրջ է, երբ հանձնելու մասին հայտարարություններ է անում պետության նախկին ղեկավարը, եւ բարոյական չէ, որ հաղթանակած ազգն ու պետությունն այս կերպ է իրեն դրսեւորում: Մենք պետք է գլուխներս բարձր քայլենք»: ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ ավելորդ չի համարում մեկ անգամ եւս բարձրաձայնել ԼՂՀ հարցում ներկայիս իշխանության դիրքորոշումը՝ ԼՂՀ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում, առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, եւ Հայաստանի հետ ցամաքային սահման պետք է ունենա:
Պարոն Շարմազանովը հիշեցնում է, որ մադրիդյան կամ արդեն կրակովյան կոչված սկզբունքները համաձայնեցված փաստաթուղթ չեն, այլ ընդամենն առաջարկներ են, որոնցում ներառված են երեք կետերը, որոնց մասին բարձրաձայնում է հայկական կողմը՝ խոսք է գնում ԼՂՀ-ի փաստացի անկախության մասին եւ դրա իրավական ամրագրման. «Ուստի դրանք Հայաստանի համար ավելի շահեկան են, քան Ադրբեջանի, քանի որ այդ երկրի նախագահի շուրթերից անընդհատ հնչող տարածքային ամբողջականության մասին առաջարկներում խոսք չկա: Եթե «նախկիններն» այդքան անհանգստացած են՝ նկատեմ, որ ի տարբերություն լիսաբոնյան սկզբունքների, մադրիդյանում հստակ ամրագրված է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը: Ուզեն, թե ոչ՝ առաջընթացը պետք է տեսնեն, ու հարկ չկա պղտոր ջրում ձուկ որսալու: Մենք ոչ մի թիզ հող չենք տվել, Ղարաբաղն էլ շատ հանգիստ զարգանում է ու ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը, ԼՂՀ-ի փաստացի անկախության հետ աշխարհի գերհզորները հաշվի են նստել: Ուստի, ավելի լավ է համախմբվել եւ գործը հասցնել տրամաբանական ավարտին՝ ԼՂՀ-ի իրավական անկախության ամրագրմանը»:
Արդյոք էական տարբերություն կա՞ մադրիդյան եւ կրակովյան առաջարկների միջեւ, պարոն Շարմազանովը տեղյակ չէ, բայց հաստատապես համոզված է, որ բանակցություններում Հայաստանը ոչ թե կորցրել է, այլ ավելի է ամրացրել դիրքերը: Մեր զրուցակցին հիշեցրեցինք, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս մնաց Հայաստանի երկրորդ նախագահի ջանքերի շնորհիվ, եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք այժմ Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու իր ձգտումներում Հայաստանը չի՞ փորձում խուսանավել պարտադրանքներից. «Բանակցություններում մի բան կարող է այսօր արդյունավետ լինել, վաղը՝ ոչ, եւ հակառակը: Դրանք պարզապես տեխնիկական մանրամասներ են»:
Ինչ վերաբերում է ընդդիմության մարզային այցելություններին, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «ընդդիմությունը իր բոլոր շանսերը կորցրել է, եւ գնալով նրա ազդեցությունը փոքրանում է: Նրանք դա շատ լավ հասկանալով եւ միաժամանակ գիտակցելով, որ իրենք պառլամենտական ուժ չլինելով՝ շարունակում են էլի կորցնել՝ արդեն բարդանում են 2012-ի պառլամենտական ընտրությունների մասնակցելու հնարավորությունները: Որպեսզի իր էլեկտորատը պահի, ընդդիմությունը պետք է մարզեր այցելի եւ սենսացիոն հայտարարություններ անի: Այսինքն՝ ՀԱԿ-ն այլ բան չի անում, քան նախապատրաստվում է պառլամենտական ընտրությունների: Դա նորմալ բան է: Իսկ աշնանը կլինի այն, ինչ միշտ էլ լինում է՝ իշխանությունը կաշխատի, ընդդիմությունը կքննադատի»: Հարցին՝ որեւէ արտահերթ քաղաքական իրավիճակի հնարավորությունը բացառվա՞ծ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես պատմաբան եմ եւ փաստերին եմ հղում անում, ոչ թե կանխատեսումներ եմ անում, իսկ այս պահին նման որեւէ փաստ առկա չէ: Բնականաբար, կլինի քաղաքական եւ քաղաքակիրթ պայքար, որից կշահեն թե պետությունը, թե քաղաքական ուժերը, բայց դա չի լինի այն պայքարը, որը ներկայացնում են ընդդիմադիրները»: