Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ տանում են իմ ձայնը»

Օգոստոս 19,2009 00:00

Տավուշցի Աշոտ Աբգարյանը Վերնիսաժում վաճառում է զանգեր: Նրա ստեղծած զանգերի մոտ միշտ հերթ կա: Մարդիկ ձգտում են գնել զանգեր, դռան վրա կախել իրենց սեփական զանգը: Զանգի արձակած հնչյունը ուրախության խորհուրդն ունի: Մեր ավանդապատումներում զանգի արձակած «ճիչը» նշանակում է երազանքի, նպատակի իրականացում:

Աշոտ Աբգարյանի պատրաստած յուրաքանչյուր զանգ ղողանջում է յուրովի՝ հիշեցնելով եկեղեցական նրբին հնչյուններ:

Վարպետն ասում է, որ զանգերի նկատմամբ մեծ սերն իրեն ստիպում է «նոր հնչյուններ ունենալ, նոր տեսականի»: Զանգերը պատրաստվում են բրոնզից, լատունից: Ուշադրության արժանի էր, թերեւս, այն, որ Աբգարյանի զանգերի վրա պատկերված էին մեր ժայռապատկերները, ինչպես ինքն է ասում՝ տիեզերքն ամբողջացնող կերպարները: Ա. Աբգարյանը նշում է, որ հայկական ժայռապատկերները հարուստ են եւ «հորինովի բան չկա» իր գործերում: «Զանգն ինձ համար ջրի, աղի եւ հացի խորհուրդն ունի», շարունակում է նա եւ ցույց տալիս վերջին ստեղծագործությունը՝ նռան պատկերով զանգը. «Ամեն ինչից նուռ են պատրաստում, բայց զանգ չկա»:

Վարպետի դիտարկմամբ՝ ինքը զանգ չի վաճառում, այլ իր ձայնն է «վաճառում» մարդկանց: «Նա իր հետ տանում է իմ ձայնը: Նույն հնչյունը ստանալ հնարավոր չէ: Հետեւաբար, յուրաքանչյուրն իմ ձայնն ունի իր տանը»,- հպարտությամբ շեշտում է նա:

Կան զանգեր, որոնց վրա վարպետն աշխատում է մեկ ամսից ավելի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել