Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ Է «ՆԵՐՄՈՒԾԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՎԵՅՑԱՐՆԵՐԻՆ

Օգոստոս 19,2009 00:00

Աշխատանք՝ որն ընդունված չէ հայերի կողմից

Ժամանակին շվեյցարացիներն էլ հայերի նման բախտ էին որոնում օտար ափերում: Օրինակ, Հռոմի պապը, 1506 թվականից սկսած, գերադասել է իր թիկնազորը համալրել շվեյցարացիներով՝ շվեյցարներով: Պատահական չէ, որ իտալերենում svizzero բառը երկու իմաստ ունի՝ պապի զինվոր եւ շվեյցարացի: 19-րդ դարի սկզբից շվեյցարացիները սկսեցին տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում աշխատել դռնապան՝ խոշոր հյուրանոցներում, ռեստորաններում, մասնավոր տներում: Նման աշխատողներին կարճ սկսեցին անվանել շվեյցարներ:

21-րդ դարում ցանկացած հաստատության առաջնակարգ լինելն այլեւս պայմանավորված չէ մուտքի մոտ կանգնած տղամարդու՝ շվեյցարի (դռնապան) ներկայությամբ, սակայն նրանց ներկայությունը մի տեսակ ուրույն նոտա է մտցնում տվյալ հաստատության մթնոլորտում: Ինչպիսի՞ն է շվեյցարի աշխատանքը, ի՞նչ պարտականություններ ունի նա, ովքե՞ր են աշխատում այդ ոլորտում եւ ի՞նչ է պետք շվեյցար աշխատելու համար: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Առավոտը» շրջեց երեւանյան մի քանի հաստատություններով:

Ըստ «Սայաթ-Նովա» կոմպլեքսի 20-ամյա շվեյցար Արտուշ Երեմյանի, իր աշխատանքը Հայաստանում գնահատված չէ. «Ես արդեն 6 ամիս աշխատում եմ այս ոլորտում: Մինչ այստեղ գալը, աշխատել եմ նաեւ «Պիոներ» բարում: Բավական բարդ եւ չհարգված աշխատանք է, մասնավորապես՝ իմ տարեկիցների կողմից: Լուրջ չեն վերաբերվում, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կարծիք կկազմի, ինչպես կարտահայտվի իմ աշխատանքի մասին, կարեւորում եմ միայն աշխատանքս, որը զարմանալի կերպով սիրում եմ: Այս աշխատանքին նվիրվածություն է պետք, հոգատարություն եւ, ամենակարեւորը, մեծ ուշադրություն: Առանց այս երեք բաղադրիչների՝ չես կարող շվեյցար աշխատել»: Հարցին՝ կա՞ համապատասխան ուսումնական հաստատություն կամ դպրոց, որը շվեյցարներ կնախապատրաստի, Ա. Երեմյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ ոչ: Ես նախքան այս աշխատանքին անցնելը փորձեցի հետաքրքրվել եւ գոնե դասընթացների գնալ, բայց փնտրտուքներս անիմաստ էին. չգտա ոչ մի համապատասխան հաստատություն կամ անձ, ով ինձ կսովորեցներ, թե ինչպես պետք է շվեյցար աշխատել: Ես ինքս ինձ համար պայմաններ մշակեցի, որոշեցի՝ ինչ պետք է անի շվեյցարը, ինչ է մտնում նրա պարտականությունների մեջ եւ սկսեցի աշխատել: Այսօր արդեն, երբ նոր աշխատակից են ընդունում, ես նրա հետ փորձաշրջան եմ անցկացնում»:

Իսկ թե ի՞նչ է մտնում շվեյցարի պարտականությունների մեջ, մասնագիտությամբ համակարգչային օպերատոր Արտուշն ասաց. «Առաջին հերթին դու պարտավոր ես ժպտալ յուրաքանչյուր ներս մտնողին, բարեհամբույր բարեւել. այսինքն՝ ամեն հաճախորդի պարտավոր ես դիմավորել այնպես, ինչպես տանդ հյուրին կդիմավորես»:

Դռնապանի աշխատանքի վարձատրության մասին էլ Արտուշը նշեց. «Սա այն աշխատանքներից չէ, որը վարձատրվում է ամսավարձով, շվեյցարի աշխատավարձը օրավարձով է՝ օրական ընդամենը 2000 դրամ: Նախկին աշխատավայրումս էլ օրը 3500 դրամ էին տալիս: Բայց քանի որ գիշերային էր՝ չկարողացա հարմարվել»:

Արտուշի խոսքով, շվեյցարի աշխատանքը մասնագիտություն չէ. «Օրինակ, սա ինձ համար լոկ գումար վաստակելու միջոց է, բայց նաեւ իմ կողմից սիրված աշխատանք է: Շվեյցար աշխատելու համար հատուկ ընդգծված բնավորության գծեր պետք է ունենաս՝ համբերություն, զսպվածություն, անմիջականություն: Սա մի գործ է, որը քեզ անսպառ շփման հնարավորություն է տալիս՝ ամեն տեսակ մարդկանց հետ»: Ա. Երեմյանից հետաքրքրվեցինք նաեւ իրեն տրվող թեյավճարների մասին. «Հայաստանում դա ընդունված չէ: Իրականում դռնապանին եւս հասնում է թեյավճար, բայց, չգիտես ինչու, չես կարող հայերի վրա այդ առումով հույս դնել: Մի փոքր անարդար է՝ եթե մատուցողն իր ծառայության դիմաց ստանում է հավելավճար, ապա ինչու դռնապանը՝ ով քո առջեւ դուռ է բացում, չպետք է ստանա: Հազվադեպ մարդիկ են թեյավճար տալիս, որոնք հիմնականում միջին հասակի մարդիկ են լինում»:

Դռնապանի աշխատանքի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին խոսեցինք նաեւ երեւանյան բար-սրճարաններից մեկի (հաստատության անունը տնօրինության խնդրանքով չենք հրապարակում) 61-ամյա դռնապան Վարուժ Սիմոնյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, հայ երիտասարդները շվեյցարի աշխատանքի եւ շվեյցար աշխատողների նկատմամբ բացարձակ հարգանք չունեն. «Հայաստանում շվեյցարի աշխատանքն այդքան էլ հարգի չէ: Շուրջ 8 տարի աշխատում եմ այս ոլորտում, այդ տարիների ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել հայերի բնավորությունը: Տարատեսակ բնավորությունների տեր մարդկանց ես հանդիպում այս գործում՝ մեկի հետ խոսում ես, մյուսի հետ վիճում, էն մեկին էլ համոզում, որ ալկոհոլի ազդեցության տակ չարժե մեքենայի ղեկին նստել: Այժմ բարում եմ աշխատում, ջահելների մեջ: Անկեղծ ասած, ինձ մի փոքր մեծ եմ զգում նրանց շրջանում, չեմ հակառակվում ոչ ոքի: Բայց ցավում եմ, որ մեր երիտասարդ տղաները այդքան հղփացած են: Ինձ թվում է՝ երբեմն չեն էլ նկատում, որ բարի մուտքին մոտենալիս իրենց առաջ դուռը բացվում է, դեռ ինչ-որ մեկն էլ դռան ետեւից՝ իրենց ժպտադեմ ողջունում»:

«Golden Tulip» հյուրանոցի շվեյցար՝ 21-ամյա Վահագն Առուստամյանն էլ այն կարծիքին է, որ «շվեյցարի աշխատանքը մասնագիտություն է՝ թաքնված ճյուղերով, որոնք երկար ուսումնասիրման կարիք ունեն: Շվեյցարի մասնագիտությունն այնպիսի նրբություններ է պարունակում, որ ամեն մեկը չէ, որ կարող է այն ընկալել: Ամեն մարդ չի կարող շվեյցար աշխատել: Այն ունի հատուկ պարտականություններ»: Ըստ նրա, ցանկացած հյուրանոցի դեմքը համարվում է հենց շվեյցարը. «Մենք ենք հյուրանոցի առաջին դեմքը: Չէ որ մեզ տեսնելով՝ օտարազգին անմիջապես կարծիք է կազմում հյուրանոցային համալիրի, հայերի, հայկական մշակույթի եւ մնացած այլ բաների մասին: Իմ պարտականության մեջ մտնում է հյուրերին դիմավորելը, որը պարտադիր պետք է ուղեկցվի ժպիտով եւ հաճույքով, որպեսզի հյուրն էլ կարծիք կազմի, թե ինչպիսի համալիրում է նա գտնվում»: Վահագնի խոսքով, կարեւոր է նաեւ մուտքի մոտ գտնվող դռնապանի կանգնելու ձեւը. «Դա նույնպես հատուկ ձեւ է պահանջում՝ մեջքը ձիգ, ձեռքերը մեջքին կամ առաջնամասում: Չի թույլատրվում ձեռքերը գրպաններում կանգնել: Սրանք մանրուքներ են, որոնց պետք է պարտադիր հետեւել»: Թե ի՞նչն է ամենից շատ կարեւորվում շվեյցարի աշխատանքում, մեր զրուցակիցն ասաց. «Առաջին հերթին շփումը այլազգի հյուրերի հետ: Եթե նույն աշխատանքն ինձ առաջարկեն մեկ այլ հաստատությունում, օրինակ՝ ռեստորանում, սրճարանում կամ բարում, ես կտրականապես դեմ կլինեմ, այդտեղ ես կսպառվեմ, իսկ այստեղ ամեն ինչ այլ է՝ շփում, զրույց օտար լեզվով, ճանաչում, շրջապատ»:

Շվեյցարների համար նախատեսված թեյավճարի մասին Վահագն էլ իր տեսակետն ասաց. «Հայաստանում դա երբեք չի գործի, խոսքս մյուս հաստատությունների մասին է: Մեզ մոտ դա ընդունված է եւ բավական լավ թեյավճար կա դռնապանին. դա գալիս է դրսից, քանի որ մեր հիմնական հաճախորդները այլազգիներ են, այնպիսի երկրներից, որտեղ դռնապանի աշխատանքը եւ հարգի է, եւ գնահատված, եւ վճարվող, նրանց համար ուղղակի հարգանք է դռնապանին գումար տալը: Յուրաքանչյուրն էլ գիտի, որ շվեյցարն իր գործն է անում եւ ամեն գործ այս կյանքում փոխհատուցվում է»: Ինչ վերաբերում է հայերին, Վահագնը նկատեց. «Այդ առումով հայերը շատ են տարբերվում: Մեր մենտալիտետի մեջ չկա ինչ-որ մեկին հենց այնպես գումար շռայլելը»: Վահագնը խոսեց նաեւ շվեյցարի հագուստի մասին. «Այս աշխատանքում կարեւոր դեր ունի համազգեստը: Իսկ առանց դրա՝ դռնապանն անլուրջ վերաբերմունքի կարժանանա: Ես մեծ սիրով եմ կրում այս հագուստը ու նույնքան մեծ սիրով էլ աշխատում եմ եւ, որ ամենակարեւորն է, չեմ ամաչում իմ աշխատանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել